Հունիսի 28-ին անդրադարձել էինք Երևանի պետական կոնսերվատորիային հարակից այգու բարեկարգման աշխատանքներին։ Դրանից օրեր առաջ նկատել էինք, որ այգում աշխուժություն է տիրում՝ ծառեր են տնկվում, սալիկներ են փոխվում։ Անկեղծորեն ուրածացել էինք, որ այդ անբարեկարգ ու կեղտոտ այգին կարգի կբերվի, կդառնա զբոսնելու համար հարմարավետ։ Չէ որ մայրաքաղաքի հենց կենտրոնում է՝ մշակութային բուհի դիմաց, որտեղ Սայաթ Նովայի ու Կոմիտասի արձաններն են կանգնեցված։ Մենք ուրախությամբ գնացել էինք այգի, որպեսզի վերջապես մի դրական նյութ անենք։ Ենթադրել էինք, որ բարեկարգումն իրականացնում է Երեւանի քաղաքապետարանը, սակայն տեղում պարզվել էր, որ բարեկարգումն իրականացնում է մասնավորը՝ «Պայծառ-Երազ» ՍՊԸ-ն։ Իսկ Քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պաշտոնակատար Լևոն Սարդարյանը մեզ հայտնել էր․ «Սեփականատերը փոխվել է, նոր սեփականատերը՝ «Պայծառ-Երազ» ՍՊԸ-ն որոշել է իր ճաշակով բարեկարգման աշխատանքներ իրականացնել այգում։ Այս պահին ինչ տեսնում եք կատարված՝ գետնին թափված կաբելներ՝ իբրեւ լուսավորության համար, բազմաթիվ եղևնիներ տնկված, այս ամենի մասին տեղեկացված չի եղել ոչ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարությունը, և ոչ էլ առավել ևս Երևանի քաղաքապետարանը։ Կենտրոնի վարչական շրջանի ղեկավարի հրահանգով շինարարությունը կասեցվել է, մինչև հասկանան ինչ են այստեղ անելու»։ Այդ օրվանից անցել է մոտ երկու շաբաթ, աշխատանքները մեր հրապարակման օրվանից դադարեցվել են։ Ցավոք սրտի, ուզում էինք լավ բան գրել, բայց վնաս տվեցինք՝ բարեկարգումը դադարեցվեց եւ, ինչպես սպասելի էր, քաղաքապետարանը կասեցնելով այդ աշխատանքները, ոչինչ չի արել աշխատանքները շարունակելու կամ գոնե մասնավորին թույլտվություն տալու ուղղությամբ։
Հասկանալի է, որ ամեն մեկը կամայականորեն չի կարող բարեկարգել հանրային այգին եւ սրճարան կառուցել՝ թույլտվություն է հարկավոր, բայց կեղտոտ, չորացող, թափթփված այգին այդպես թողնել էլ չի կարելի։
Իսկ նշված ՍՊԸ-ն այգում տնկել էր թանկարժեք եղևնիներ, կատարել էր որոշակի մաքրման աշխատանքներ, վերանորոգել էր կոտրված նստարանները, էտել եւ ջրել էին հին ծառերը։ Այսօր Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պաշտոնակատար Լևոն Սարդարյանից հետաքրքրվեցինք, թե ինչ փուլում է գտնվում կասեցված որոշումը տրամադրելու գործընթացը, վերջինս պատասխանեց,« Դեռ՝ ոչինչ։ Կասեցման որոշումը ուժի մեջ է։ Պիտի տնօրենը գա, որ մնացածը հասկանան։ Կինն առողջական խնդիր ուներ, հիմա արտերկրում են»։