Հասարակություն

Վենդետա եւ Ռոմեո-Ջուլիետի մերօրյա պատմությունը

Վենդետա եւ Ռոմեո-Ջուլիետի մերօրյա պատմությունը

Հուլիսի 19-ին Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում դանակահարություն է տեղի ունեցել։ Դեպքն արձանագրվել է եզդի բժիշկ Ռուստամ Շամոյանի հոր թաղման ժամանակ։ Դանակահարվողը 25-ամյա երիտասարդ է, որի կյանքի համար պայքարում են Էջմիածնի բժիշկները։

Հանցագործությունն ուշագրավ չէր լինի, եթե նախապատմություն չունենար։ Ըստ երասխահունցիների՝ կատարվածը վենդետա է, որի գլուխը թաղված է 1995-ի մի սպանության մեջ։ Սպանությունն ազգակցական եզդիներ Բուդիի եւ Վալոյի ցեղերին դարձրեց հավերժ թշնամիներ։ Երասխահունցիներն ասում են՝ որպեսզի արյունահեղություն չլիներ, Բուդիի ցեղի գրեթե 80 տոկոսը հեռացավ գյուղից, ոմանք՝ նաեւ Հայաստանից։ 

Երկրից հեռացավ նաեւ թաղային հեղինակություն Բուդին, ով, օգտագործելով իր «անունը», հետագայում մեծ հնարավորություններ ու կապեր ստեղծեց՝ ապրելով Կիեւում։ 

Եզդի ազգակցականների միջեւ արյան ծարավն էլ ավելի սաստկացավ, երբ Բուդիի եղբայրը, արհամարհելով Վալոյի ցեղի հետ տարիների թշնամանքը, Ռոմեո-Ջուլիետի նմանությամբ, սիրահարվեց նրանց աղջիկներից մեկին՝ իր զարմուհուն, եւ փախցրեց (եզդիների մոտ ազգականների միջեւ ամուսնություններն արգելված չեն)։ Զրուցակիցներիս ասելով՝ Բուդին չխրախուսեց եղբոր ընտրությունը, իսկ հարսին չընդունեց նույնիսկ երեխա ունենալուց հետո․ «Երեխան տվեց թեւի տակ ու հետ ուղարկեց»։ 

Հիմա գանք սպանությանը։ Տեւական բաժանումից հետո թշնամացած հարազատներն իրար հանդիպել են թաղման արարողության ժամանակ․ միջադեպ է տեղի ունեցել, որն ավարտվել է 25 տարեկան երիտասարդի դանակահարությամբ։ Երասխահունցիների ասելով՝ դանակահարվածը Վալոյի ցեղից է, իսկ վեճի թեման՝ փախցրած-հետ ուղարկված հարսը։

Զրուցակիցներս կատարվածի մեջ մեղադրում են Բուդիին, ում ներկայությամբ գյուղի մթնոլորտը թեժանում է։ «Նա եկել է մեկ տարի առաջ՝ մահացած հոր պատվին հոգեհաց տալու համար։ Ինչպես 1995 թվականի սպանությունից հետո, երբ անվտանգությունն ապահովելու համար գյուղում ամիսներով ոստիկանական հսկողություն էր սահմանվել, նրա հոր հոգեհացի օրն էլ բազմաթիվ ոստիկաններ էին բերել գյուղ, որպեսզի արյունահեղություն չլիներ։ Այդ օրը չեղավ, եղավ բժշկի հոր թաղման օրը։ Ու հիմա Բուդին չկա, թաքնվել է»,-ասացին։

Ո՞վ է Բուդին։ Երասխահունցիների ասելով՝ Վովայի Արշակի՝ Արշակ Հակոբյանի մտերիմ ընկերներից է։ Վերջինիս հովանու տակ այնպիսի հարցեր է լուծել, որ պատգամավորներն ու նախարարները չեն կարողացել։ Հայաստան է գալիս դեպքից դեպք։ Տեղաշարժվում է ուղեկցողներով։ Բժշկի հոր հուղարկավորության օրը ուղեկցողների մեջ է եղել նաեւ նախկին քննիչ Սամվել Ավդոյանը, ում երասխահունցիները տեսել են դեպքի պահին։
Նրանք պատմում են, որ դանակահարությունից հետո թաղումը վերածվել է սոդոմ-գոմորի․ «Դուք նման բան նույնիսկ կինոներում տեսած չեք լինի․ վրեժի ծարավից հարազատ արյունը ջուր էր դարձել»։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image