Մշակույթ

«Մահվան արխիվ»․ ռետրո սերիալ, որն արժե դիտել

«Մահվան արխիվ»․ ռետրո սերիալ, որն արժե դիտել

Գերմանական արտադրության «Մահվան արխիվ» սերիալը մասնագետները դասում են ռազմադրամատիկ սերիալների ժանրին։ Ռեժիսորը եւ սցենարի հեղինակը Ռուդի Կուրցն է։ Նկարահանվել է 1980 թվականին՝ Գերմանիայում, այն ժամանակվա՝ ԳԴՀ-ում։ Բաղկացած է 13 սերիայից։ Սյուժեն մտացածին իրադարձությունների վրա է հիմնված, եւ, ինչպես ասում են, բոլոր համընկնումները պատահականություն են։

Դեպքերը տեղի են ունենում 1944 թվականին, խորհրդային ճակատում, երբ հետախույզները պետք է կարողանան ներթափանցել ֆաշիստների հսկողության տակ գտնվող Լեհաստան ու ձեռք բերել գաղտնի փաստաթղթեր։ Այսպես, Դիմադրության շարժման հինգ հետախույզ առաջադրանք են ստանում՝ ներթափանցել օկուպացված Լեհաստան եւ գտնել կարեւոր հետախուզական նշանակության գաղտնի փաստաթղթեր, որոնք հայտնի են «Մահվան արխիվ» ընդհանուր անունով։ Խմբում երեքը գերմանացի են, մեկը՝ լեհ եւ մեկը՝ ռուս զինվորական։ Նրանց առաջադրանքի կատարումից կախված է բազմաթիվ մարդկանց կյանքը, եւ եթե հաջողությամբ կատարեն առաջադրանքը, նրանք կփրկվեն։ Չնայած արդեն պատերազմի վերջը մոտ է, եւ ֆաշիստական Գերմանիայում զգում են, որ իրենց պարտությունը «հեռու սարերի հետեւում չէ», սակայն դաժան մարտերը շարունակում են ընթանալ, ու հաղթանակին հասնելու համար բոլոր ճակատներում դեռ երկար ճանապարհ կա անցնելու՝ թե՛ ռազմական, թե՛ անտեսանելի՝ հետախուզական։ Հնգյակի օպերացիան սկսվում է լեհական սահմանի վրա դեսանտային իջեցումով։ Հենց սկզբից էլ օպերացիայում ինչ-որ բան այնպես չի ընթանում։ Հնգյակից մեկը վիրավորվում է, եւ ողջ խումբը ստիպված է լինում բաժանվել երկու մասի՝ չբացահայտվելու համար։

Հետաքրքիր այս ռետրո սերիալը ուշագրավ է նրանով, որ նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմին, սակայն իր ուշադրության կենտրոնում ոչ թե ռազմաճակատն է, այլ՝ հետախուզությունը՝ հակառակորդի բյուրոկրատական ռեսուրսի քայքայումը։ Այն ցույց է տալիս, որ զանգվածային բռնությունները հնարավոր են ոչ միայն զուտ ֆանատիկ գաղափարախոսությունների ազդեցությամբ, այլ նաեւ շատ լավ մտածված ու ստեղծված փաստաթղթային բազաների ու համակարգերի, հրամանների ու քարտարանների շնորհիվ, որոնք պետք է վերացնել՝ թշնամու «ձեռքերը կտրելու համար»։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image