Հարցազրույց

Այնքան խորն են դրված այդ կոդերը, որ մարդիկ կորցնում են անգամ ինքնապաշտպանության բնազդը

Այնքան խորն են դրված այդ կոդերը, որ մարդիկ կորցնում են անգամ ինքնապաշտպանության բնազդը

«Հրապարակի» զրուցակիցը հոգեբան Աննա Գալստյանն է:

-Ինչը՞ կարող է մեր հանրությանը սթափեցնել, մոտիվացնել, որպեսզի 2018-ի, 1988-ի նման պայքարի դուրս գան, ընդվզեն իշխանությունների սխալների դեմ:

- Իսկ ո՞րն է մարդու շարժառիթը ինչ որ բան անելու` արժեքային համակարգը, համոզմունքները, խնդիրներն ու տրավմաները, նպատակներն ու ծրագրերը: Այդ մասին շատ է ինֆորմացիան, այսօր ես ուզում եմ խոսել կոդավորման մասին, ծրագրեր, որոնք մարդը չի գիտակցում, բայց ընկնում է դրանց ազդեցության տակ: Այդ ծրագրերը կարող են կոդավորվել ընտանիքում, մարդկանց համար հեղինակությունների կողմից, ինչպես նաև ԶԼՄ-ների կողմից` հիմնականում հեռուստատեսության միջոցով: Միգուցե մեր հանրության վարքագիծը պայմանավորված է հատուկ մշակված ծրագրերով, որոնք, օրինակ, կարող էին մշակվել թշնամի պետությունների կողմից: Նման ծրագրերը մշակվում են հաշվի առնելով ազգային առանձնահատկությունները, արժեքները, տրավմաները, դրանց հենքի վրա ձևավորվում են համոզմունքներ ու հատուկ բառերի ու սիմվոլների միջոցով (որոնց անվանում են տրիգերներ) ուղղորդում մարդուն կամ մարդկանց խմբին անել կամ չանել ինչ որ բաներ: Այդ համոզմունքները կամ տրիգերները ձևավորում են բազմակի կրկնման կամ ուժեղ էմոցիաներ առաջացնելու շնորհիվ: 

Բազմակի կրկնման օրինակ կարող են սերիալները լինել: Առանց դրանց մասին իմանալու հեռուստատեսությունը կարող է գնել սիթքոմ կամ գնել սիթքոմ ստեղծելու իրավունք, որտեղ արդեն կան այդ ծրագրերը: Որպես օրինակ կարող եմ բերել «Ազիզյաններ» սիթքոմը: Ես չեմ նայում սերիալներ, երեխաս էր ժամանակին նայում ու ուշադրություն դարձրեցի երգին: Ֆիլմը սկսվում ու վերջանում էր երգով, որի բառերը ընտանեկան վատ արժեքների մասին էին: Ամեն օր այդ երգն էին լսում հազարավոր հայեր ու երգի բառերը կոդավորվում էր նրանց ենթագիտակցականում: Մարդիկ չէին էլ խորանում դրանց իմաստների մեջ: Երաժշտության ու արվեստի միջոցով հեշտ է մարդուն կոդավորել:
Ուժեղ էմոցիաներ առաջացնելու օրինակ կարող է լինել մի որևէ հիշողության թարմացում, որոնք արվում են բառ-տրիգերի շնորհիվ՝ պատերազմ, եղեռն, անմեղ զոհ, թալան, դավաճանություն: Դա ֆոն է դառնում ու դրա վրա մատուցվում է կամ կառուցվում է ծրագիրը: Օրինակ՝ «եղեռն», «պատերազմ»  բառերը կամ սիմվոլները կարող են արթնացնել հասարակության վախերը և նրանց մտքերն ու գործողությունները կարող են պարալիզվել, իներտանալ կամ ոչ պրոդուկտիվ դառնալ: 

- Իսկ որն է լինում սովորաբար պատճառը, որ մարդիկ պայքարի դուրս չեն գալիս:

- Արդեն իսկ նշեցի ինչը կարող է ազդել: Կավելացնեմ միայն, որ եթե որևէ քաղաքական գործիչը կամ շարժումը կապվի «թալան» կամ «նախկիններ» բառերի հետ, նրա ցանկացած գործողություն արժեզրկվելու է: Այնքան խորն են դրված այդ ծրագրերը, որ մարդիկ կորցնում են անգամ ինքնապաշտպանության բնազդը: 

- Իսկ պայքարի դուրս գալու համար անվտանգությունից ավելի մեծ շարժառիթ կարո՞ղ է լինել:

- Բայց մեր ժողովրդին այլ անվտանգության մասին են պատմել` տարիներ շարունակ: Պատկերացրեք` տարիներ շարունակ մարդիկ մի նյութով են սնվել. «Այդ կեղեքիչները, թալանչիները եկել են, ժողովրդի բաժինը կերել են, գողացել են և դու, հայ մարդ, դրա համար ես հայտնվել վատ վիճակում»: Ցավոք, մեր ժողովրդի մեծամասնության հիմնական խնդիրը աղքատությունն է, սոցիալական անարդարությունը: Եվ նման լոզունգներով տարիներ շարունակ դրան են կպել: Մոլորակի շատ երկրներում կառավարությունը ոչ իր ժողովրդի շահերից ելնելով է գործում, բայց մարդիկ պայքարում են իրենց շահերը պաշտպանելու համար: Մեր ժողովուրդը այդ տարիների ընթացքում ինչպե՞ս էր պայքարում: Իր գործն առաջ տանելու համար կաշառք էր տալիս, իսկ այդ պաշտոնյաներն էլ վերցնում ու հարստանում էին նրանց շնորհիվ: Քանի քանիսն են իրենց բիզնեսը կամ որևէ հարց առաջ տանելու համար ծանոթներ խառնել ու կաշառք տվել: Թող չտային, չուժեղացնեին այդ պաշտոնյաներին: Պայքարեին դրա դեմ: Համ տվել են` հարստացրել, համ բողոքում են: Նրանք չեն թալանել, մենք ենք օգնել, որ նրանք այդպես անեն: Որովհետեւ նայել ենք մեր անձնական շահին, ոչ թե հանրային կամ պետական:

Հեշտ է որևէ մեկից բողոքել` մենք մեզ փոխելու փոխարեն, դրա համար մեղադրում ենք ուրիշներին: Օրինակ՝ արտասահմանի հայերի մեջ երբ սատարում են ներկա կառավարությանը, ինձ մշտապես հետաքրքրում էր` ինչո՞ւ: Որոշ մասնագիտական վերլուծության արդյունքում հասկացա, որ իրենք Հայաստանից հեռացել են նրանց իշխանավարման շրջանում: Ենթագիտակցաբար այդ մարդիկ մեղադրում են նախկին իշխանություններին, կարծելով, թե նրանք էին մեղավոր, որ իրենք հեռացան:

- Այս սեպտեմբերից թանկանալու է Երևանի հանրային տրանսպորտի սակագինը: Սա արդյո՞ք աղքատ շերտի կոմֆորտ զոնային չի վնասելու, ինչու չեն ընդվզում ինչպես առաջ:

- Այն ժամանակ կար ընդվզում, որովհետև տրանսպորտը թանկացնում էին կեղեքիչները կամ թալանչիները: Ստեղծել են մի ֆոն, որի վրա միշտ կարելի է հենվել: Այն ժամանակ ֆոնը գործող կառավարության հետ կապված կոդավորումներն էին: Հիմա ֆոնը «ամեն ինչ ընդհանուր թանկացել է»-ն է: Այդ նախադասության կողքին ինչ էլ գրենք, կշարունակենք միտքը և դա արդարացված կլինի: Ամեն ինչ ընդհանուր թանկացել է` դրա համար տրանսպորտն էլ է թանկանում: Այ այսպես կարելի է մեկնաբանել: 

- Բագրատ Սրբազանի սկսած շարժմանը ինչպե՞ս եք վերաբերվում` որպես հոգեբան: 

- Ամեն ինչ ունի երկու կողմ` պայմանականորեն դրանք անվանենք «լավ» և «վատ» կողմեր, երբ դու երևույթին նայում ես լավ կողմից, լավ է թվում, նույնը հակառակ դեպքում: Չեզոք լինել ամեն մեկին չի հաջողվում: Տարբեր պատճառներ նպաստում են, որ մարդը տեսնի երևույթի վատը կամ լավը: Տարիներ շարունակ մեր եկեղեցոն վարկանիշը ընկել է` հավաստի կամ կեղծ տեղեկությունների հիման վրա: Այդ ֆոնի վրա Բագրատ Սրբազանի վարկանիշը ցածր է «վատը» տեսնողների համար: Նաև... ովքեր սատարում են ներկա կառավարությանը, մի «սիրուն» բան են մտածել. Բագրատ սրբազանին կապել են Քոչարյանի հետ ու ստացվել է նույն Փաշինյան-Քոչարյան մենամարտը: Քոչարյանի ֆոնի վրա այնպես են անում, որ Բագրատ սրբազան կերպարը չերևա, կամ արած գործը չերևա, արժեզրկվի:

- Կան շատ մարդիկ, ովքեր անգամ լինելով աթեիստ, Փաշինյանին որպես հակակշիռ, այս շարժմանն են սատարում, արդյունքում` եկեղեցու վարկանիշը բարձրացել է:

- Ես կողմնակից եմ, որ եկեղեցին մաս կազմի պետական կառավարման համակարգի ու որոշումների կայացման մեջ որոշիչ դեր ունենա: 

- Հիմա Ձեզ էլ ՔՊ-ականները կղերաֆեոդալական բարքեր քարոզելու մեջ կմեղադրեն: Եկեղեցու հետեւից գնալը ոմանք ամոթալի են համարում:

- Քրիստոնական արժեքներով անգամ ՔՊ-ականներն են ապրում, դրանք համամարդկային են ու դա չի նշանակում, որ մենք դրանով կվնասվենք: Ես ինձ դոգմատիկ հավատացյալ չեմ համարում, բայց ես քրիստոնեական արժեքները կարևորում եմ: Եկեղեցին այդ արժեքների հավասարակշիռը պահողն է:

- Բայց ասում են` աշխարհն առաջ է գնում, իսկ Առաքելական եկեղեցին` հետ:

- Մեր եկեղեցին հայապահպանման համար միշտ եղել է հենասուն: Իմ կարծիքով, այո, եկեղեցին կարիք ունի բարեփոխումների: Կարելի է արդիականացնել ամեն ինչ: Կարծում եմ մի օր դա էլ կլինի: Պետք չի վախենալ ոչ մի շարժումից ու փոփոխությունից: Ցանկացած նոր բան կարող է տանել և զարգացման, և ավերման: Ինչո՞ւ հեղափոխությունը չարդարացրեց իրեն, որովհետև մարդկանց ասվեց մի բան, բայց արվեց ճիշտ հակառակը: Դրա համար շատերը հիասթափվեցին: Ինչ էլ ուզում է լինի, ժողովուրդը պետք է լինի հետևողական ու տեր լինի իր կյանքին ու երկրին: Դա նշանակում է, որ պետք է պահանջի գործող իշխանություններից անել` ինչ ասում են, խոստանում:
Ցանկացած շարժում պետք է ունենա իր ծրագիրը, մարդիկ էլ կարող են համաձայնվել դրան կամ չհամաձայնվել: Եթե համաձայնվել են ու հետևում են այդ շարժմանը, պետք է պահանջեն այդ շարժման ղեկավարներից ամեն ինչ անել, ինչպես ասել են, իսկ ամեն չարած բանի համար բողոքել, ոչ թե թևը թափ տալով հանդուրժել:

Վախենում են, որ այս կամ այն նախկինը կգա ու Հայաստանը նորից կարող է հետ գնալ, բայց դա արհեստական վախ է: Հոգեբանությունից մի օրինակ բերեմ, երբ մարդուն տալիս ես երկրորդ շանս, նա ամեն գնով փորձում է իր լավագույն պոտենցիալն առաջ բերել: Մի օրինակ՝ Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսին խայտառակ ձևով հեռացրել էին աշխատանքից, բայց երբ նա վերադարձավ, Apple-ը դարձավ թոփ` աշխարհի ամենա-ամենան: Ինչո՞ւ, որովհետև նա ներկայացրեց ծրագիր եւ կատարեց իր ծրագրի բոլոր կետերը: 

Այսինքն, ով էլ գա, նոր, թե հին մարդ, մենք պետք է նախ նայենք` ինչ է առաջարկում, ինչպիսի երկիր ենք մենք դառնալու ու հետո պահանջենք, որ կատարի իր խոստումները: Իհարկե ,այդ ճանապարհին, ոչ թե բողոքենք ու խոչընդոտենք, այլ ամեն մեկն իր հնարավորության սահմաններում օգնի ու նպաստի մեր երկրի ու հասարկության բարեկեցիկ ապագայի կառուցմանը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image