Համաշխարհային Հայ Ավետարանական Եկեղեցու առաջնորդներից դոկտոր Վերապատվելի Ռընե Լեւոնյանը գիրք է հրատարակել՝ «Հայաստան, քրիստոնեական երկիր․ երեկ եւ այսօր» (Սալվատոր հրատարակչություն, Փարիզ)։
4-րդ դարի սկզբից ի վեր, նույնիսկ մինչեւ Հռոմեական կայսրության վերածնունդը, Հայաստանը եղել է քրիստոնեական երկիր, որը քարոզվել է առաքյալների եւ նրանց շարունակողների կողմից եւ մկրտվել պատմության մեջ առաջին քրիստոնյա թագավորի նախաձեռնությամբ: Որպես ավետաբեր, այն վկայում է քրիստոնեության վաղ ժամանակաշրջանի մասին: Գտնվելով Եվրոպայի եւ Ասիայի խաչմերուկում՝ Հայաստանը հերթականությամբ ապրել է փառք, իշխանություն, կործանում եւ զրադաշտական Պարսկաստանից մինչեւ արաբների եւ օսմանների հալածանքներ՝ նահատակություն եւ հավատքի հռչակում: Այն Քրիստոսին եւ դարերի ընթացքում ստացված ավանդույթներին հավատարմության հզոր խորհրդանիշ է:
Այս գիրքը պատմում է հայկական մշակույթում մարմնավորված քրիստոնեության պատմության մասին՝ սկսած նրա հեթանոսական ծագումից մինչեւ ժամանակակից Հայաստանի վրա ազդող լուրջ աշխարհաքաղաքական ցնցումները: Նա նաեւ հիշատակում է հայկական սփյուռքի ճակատագիրը եւ այն վկայությունը, որը հայերը տալիս են ժամանակակից աշխարհում:
Գրքի բովանդակության միայն թվարկումը պատկերացում կտա, թե ինչի մասին է այն․ Հայաստանի պատմությունը՝ մ.թ.ա. 7-րդ դարից սկսած, քրիստոնեության ակունքները Հայաստանում, Գրիգոր Լուսավորիչը եւ Հայաստանի՝ հավատքի գալը, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ստեղծումը, Հայ եկեղեցու դերը միջնադարում, Հայ եկեղեցին՝ Օսմանյան կայսրության ժամանակ եւ սփյուռքը, կաթոլիկ հայերը, ավետարանական հայերը, հայերի ցեղասպանությունը, Հայաստանը՝ 1918 թվականից մինչ մեր օրերը, Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հարցը՝ պատմական եւ արդի, Հայոց քրիստոնեությունն այսօր։
Աստվածաբանության դոկտոր Ռընե Լեւոնյանը Լիոնի կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչն է: Նա 17 տարի ապրել է Հայաստանում՝ ղեկավարելով հոգեւոր, մշակութային եւ մարդասիրական նախագծեր եւ աշխատելով քրիստոնյաների պաշտպանությանը նվիրված ՀԿ-ների հետ։ Նա նաեւ Հայ Ավետարանական Եկեղեցու հովիվ է, որտեղ կրում է միջազգային պարտավորություններ։
Ռընե Լեւոնյանի հետ կապված՝ մի հիշարժան պատմության պատմեմ՝ ծանոթիս վկայությամբ․ դաժան 90-ականներին Վերապատվելի Լեւոնյանի առաջնորդությամբ այցի են գնացել Հայաստանի մարզերից մեկը, որտեղ տաք ջուր վաղուց չկար, եւ տղերքը, հասկանալի պատճառներով, որոշել են չսափրվել․ «Մեկ էլ տեսանք՝ ժպտալով դուրս է գալիս․․․ մաքուր սափրված Ռընեն․․․ բացականչեցի․ այ իսկական պաստորը․․․»։
Մարսելում ծնված Ռընե Լեւոնյանը սովորել է Փարիզի Ավետարանական աստվածաբանական ֆակուլտետում։ 9 տարի Լիոնում լինելով հոգեւոր հովիվ, շարունակել է ուսումը՝ ստանալով աստվածաբանության դոկտորի աստիճան։ «Իմ պարտականություններն ինձ ստիպել են շատ ճանապարհորդել։ Սկզբում՝ Հայաստան, որտեղ ես, ի թիվս այլ բաների, ղեկավարել եմ մի շարք ասոցիացիաներ, հիմնադրամներ եւ մարդասիրական կազմակերպություններ, մասնավորապես՝ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը, նաեւ՝ Ֆրանսիայի «Հույս Հայաստանի համար» կազմակերպությունը։ Ես նաեւ ծառայել եմ որպես Հայաստանի Ավետարանական ֆակուլտետի դեկան եւ Հայաստանի Ավետարանական եկեղեցու նախագահ»,- պատմում է Վերապատվելի Լեւոնյանը։
Որպես հոգեւոր հովիվ՝ նա ուղարկվել է Ուրուգվայ, Հունաստան, Կանադա, ինչպես նաեւ՝ Ֆրանսիա (Լիոն, Փարիզ եւ Վալանս)։ Նաեւ ծառայել է որպես Ֆրանսիական Աստվածաշնչյան ընկերության գլխավոր քարտուղար։ Աշխատել է որպես բանտի հոգեւոր հայր եւ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան գրասենյակի եւ հասարակայնության հետ կապերի ղեկավար։
Ռընե Լեւոնյանը 2021 թվականից ի վեր Լիոնի Կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչն է։ Ռընե Լեւոնյանը Ֆրանսիայի Հայ Ավետարանական Եկեղեցու հովիվ է։ Ամուսնացած է։ Ունի երկու երեխա եւ վեց թոռ։ Ծնվել է Մարսելում։ Տատիկն ու պապիկը 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրածներից են։
Ավետարանական եկեղեցու հովիվ Ռընե Լեւոնյանը 2024 թ․ հունիսի 13-ին արժանացել է Ֆրանսիայի Պատվո Լեգեոնի շքանշանին։ Աստվածաբանը, Եվրասիայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահն այն ստացել է Hôtel Matignon-ում՝ վարչապետ Գաբրիել Աթթալի կողմից։ Դրանով նրան շնորհվել է ասպետի կոչում։ Այդ պարգեւով Ֆրանսիան ճանաչել է նրա 50 տարվա գործունեությունը, մասնավորապես՝ «Հայաստանում մարդասիրական աշխատանքներին» մասնակցելու եւ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների ամրապնդումը։ Կառավարության ղեկավարը «ջերմ խոսք» է հղել Ֆրանսիայի Հայ Ավետարանական եկեղեցու հովվին։
Վստահ եմ, որ մենք դեռ կլսենք շատ լավ գործերի մասին՝ արված Վերապատվելի Լեւոնյանի կողմից։
Գուրգեն Խաժակյան
ՀՀ վաստակավոր լրագրող
