Հարցազրույց

Ադրբեջանը շատ լավ ուսումնասիրել է մեր ժողովրդի մենթալիտետը

Ադրբեջանը շատ լավ ուսումնասիրել է մեր ժողովրդի մենթալիտետը

«Հրապարակի» զրուցակիցը Հայաստանի նկարիչների միության անդամ, նկարչուհի Զարուհի Մուրադյանն է:

- Մոտենում են ընտրությունները: Դուք Ֆեյսբուքում բավականին ակտիվ եք, քննադատում եք իշխանություններին: Կասե՞ք` ինչ սպասելիքներ ունեք առաջիկա ընտրություններից: Քաղաքական ուժերը վաղուց արդեն ակտիվացել են, քարոզարշավ են անում, հանդիպումներ ունենում….

- Վատատեսական բաներ չեմ ուզում ասել, բայց պետք է ասեմ, որ առայժմ լավ բան չեմ տեսնում: Իշխանությունները միացրել են ռեպրեսիաների լծակները, ոչ ցանկալի անձանց լցնում են բանտեր, պատժում են, ինչ ուզում` անում են, դրա համար ես արդար ընտրությունների չեմ հավատում, չեմ հավատում` շատ վաղուց:

- Ունե՞ք ֆավորիտ թեկնածու:

- Չունեմ, բայց այս պարագայում բոլոր նրանք, ովքեր դեմ են իշխանություններին, պետք է իրենց ամբիցիաները և գաղափարական անհամաձայնությունները մի կողմ թողնեն և մի քանի ամսով գոնե միասնական լինեն և պայքարեն իշխանության դեմ, որպեսզի մի բան դուրս գա: Եթե ամեն մեկն իր գլուխը տնկի ու առանձին` իր կուսակցությամբ ընտրությունների գնա, նորից ձայներ են փոշիացնելու, նորից իշխանությունն իր ուզածին է հասնելու և մենք նորից կկանգնենք կոտրած տաշտակի առաջ: Եթե իհարկե գաղտնի չեն համագործակցում իշխանությունների հետ, ուրեմն անպայման պետք է միասնական լինեն և պայքարեն իշխանության դեմ:

- Ես գիտեմ, որ Դուք հավատացյալ չեք, սակայն ի՞նչ եք կարծում` ինչո՞ւ են իշխանությունները եկեղեցու դեմ արշավ սկսել, ինչո՞ւ են հայտարարում, որ այնտեղ մանկապիղծներ կան եւ այլն:

- Անդադար մեղադրում են` առանց հիմքերի: Նախկին իշխանություններին էլ ամբողջ օրը քննադատում են, մեղադրում են, բայց լավ էլ նախկինների հետ աշխատում են, չէի ասի, թե շատ թշնամական հարաբերություններ ունեն, միասին գնում են արտերկիր, գալիս են…. եթե փաստեր ունեն, որ նախկինները հանցանքներ են գործել, ապա կարող էին ապացուցել, բայց փաստացի դա չկարողացան անել ու հիմա առավոտից երեկո օդի մեջ մեղադրանքներ են կրակում: Օրեր առաջ մի գրառում էի արել Ֆեյսբուքում, մի կին գրառմանս տակ գրել է. «Դուք չգիտե՞ք, թե ով է թալանել երկիրը»: Այ մարդ, ես շատ բան գիտեմ, ես նախկինների ժամանակ էլ եմ պայքարել, փողոց եմ դուրս եկել, անգամ տասնհինգ տարի առաջ ոստիկանություն եմ ընկել, հիմա սրանք ի՞նչ են անում արդարություն հաստատելու համար` ոչ մի բան…. նրանց տվեցին դեռ մի բան էլ անցան: Դատարաններն ամբողջությամբ ենթարկեցրին իրենց, որ դատավորն իրենց քիմքին հաճո չէ, հեռացնում են համակարգից, մեկուսացնում են, զանգով, նամակներով մարդկանց են պաշտոններից ազատում և պաշտոնների նշանակում, քրեական գործեր են կարում: Մի խոսքով` ոչ մի դրական բան տեղի չունեցավ, հակառակը` ամեն ինչ փոխվեց դեպի ավելի վատը:

- Միլիարդների պարգևավճար ստացան, այն դեպքում, երբ թոշակառուն հանապազօրյա հացի խնդիր ունի, արդյո՞ք նման իշխանությունները ունեն բարոյական իրավունք խոսելու այլոց թալանի մասին:

- Այդ պարգևավճարները երևացող կողմում են, իսկ չերևացող կողմում ինչե~ր են կատարվում: Մենք պարբերաբար լսում ենք, որ Կառավարությունը փակ նիստերի ժամանակ սրան-նրան հարկային արտոնություններ է տալիս: Ի՞նչ է դա, եթե ոչ բացահայտ կոռուպցիա: Վերադառնալով եկեղեցու հարցին, ես կարծում եմ, որ սրանց նպատակը ոչ թե կաթողիկոս փոխելն է, այլև այդ կառույցը առհասարակ քանդելն է: Իսկ ինչու են նման բան ցանկանում, ես կարծում եմ, որ այն Ադրբեջանից եկած հերթական պատվերն է: Ադրբեջանը շատ լավ ուսումնասիրել է մեր ժողովրդի մենթալիտետը և գիտի, որ Սփյուռքի հետ կապը եկեղեցին է պահում, Սփյուռքը եկեղեցուն դիտում է որպես հայի ինքնության կարևորագույն օբյեկտ: Իմ պատկերասրահից ամեն օր բեռներով օգնություն էի ուղարկում սահման ու ես գիտեմ, թե Սփյուռքն ինչպես էր աջակցում…. անծանոթ մարդիկ ինձ գումար ու տարբեր իրեր էին ուղարկում, գիտակցելով, որ ես անշահախնդիր գործ եմ անում իմ պատկերասրահում: Կապիտուլյացիան ստորագրելուց հետո ես զգացի, որ մարդիկ ուղղակի սառեցին: Ամեն ինչ վերջացավ: Հանդիպում ես մարդկանց, ասում են` բեռներ են ուղարկել, տեղ չի հասել: Այն մի փոքր թելը, որ կապում է մեզ Սփյուռքի հետ, Հայ առաքելական եկեղեցին է, այժմ դա էլ փորձում են կտրել Ադրբեջանի պահանջով: Առհասարակ բոլոր հակազգային քայլերը, որոնք կատարում են իշխանավորները, Ադրբեջանի կողմից են հրահանգվում: Ադրբեջանին հաճոյանում են, որպեսզի իշխանության մնան, իշխանության մնալու մոլուցքը ստիպում է նրանց ամեն բան անել:

- Թրիփի երթուղու մասին են խոսում, պնդում են, որ խաղաղություն են հաստատել, սակայն Բաքվում հայ ռազմագերիները դատապարտվեցին ցմահ ազատազրկման, իսկ Ալիևը նրանց համեմատեց ֆաշիստների հետ:

- Ու հետաքրքիրն այն է, որ դրանից ժամեր առաջ կլոր սեղան էին կազմակերպել, խաղաղության մրցանակ ստացել Ալիևի հետ միասին և ժամեր անց նման բան է տեղի ունենում…. այս ամենը այնքան բացահայտ հակահայկական է, որ պարզապես դժվարանում եմ մեկնաբանել: Ալիևը ընտրություններից առաջ կարող է որոշ գերիների ազատ արձակել, սակայն ոչ մի դեպքում նա Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը ազատ չի արձակելու: Ինչ վերաբերում է Թրիփին, կասկածում եմ, որ այն կլինի, ամերիկացիներին դա պետք չէ, զուտ փիար ակցիա է Թրամփի համար: Այն պետք է Ադրբեջանին և Թուրքիային, Հայաստանը փորձում են Իրանից կտրել և Սյունիքը պահել իրենց վերահսկողության տակ, ոչ մի Թրիփ էլ չկա, այն Զանգեզուրի միջանցք է, իսկ հետո ոչ մի լավ բան չեմ ակնկալում: Նրանց պետք է մի բան, որ Հայաստան չլինի: Միշտ է եղել այդպես` 100 տարի, 200 տարի առաջ ու միշտ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image