Հարցազրույց

Անձինք պիտի իրենց խաղաղ հավաքի իրավունքը կարողանան իրացնել․ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյան

Անձինք պիտի իրենց խաղաղ հավաքի իրավունքը կարողանան իրացնել․ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյան

Եվրանեսթի շրջանակներում ադրբեջանական պատվիրակության ժամանումը Հայաստան հայ հասարակության կողմից միանշանակ չընդունվեց։ Նախ մի խումբ մարդիկ ֆեյսբուքում հայտնեցին, որ «հարամելու» են ադրբեջանական պատվիրակության այցը Հայաստան, ապա գործուն քայլերի անցան՝ նախ Մարզահամերգային համալիրի դիմաց տեղի ունեցավ բողոքի ակցիա, որտեղ անցկացվում էր Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերը: Նշենք, որ ադրբեջանական պատվիրակությունը ժամանեց մեծ թվով անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ, ինչպես Նիկոլ Փաշինյանին են ուղեկցում։

Երեկոյան Մարիոթ հյուրանոցի դիմաց, որտեղ հյուրընկալվել էր ադրբեջանական պատվիրակությունը, մի խումբ դաշնակցական երիտասարդներ էին բողոքի ակցիա իրականացնում։ Կարմիր բերետավորները բռնի ուժով նրանց բերման ենթարկեցին բաժին։ Ոստիկանությունը պարզաբանում տարածեց՝ «Հանրապետության հրապարակում մի խումբ քաղաքացիներ խմբերով փորձել են մուտք գործել «Մարիոթ» հյուրանոցային համալիր, ինչը կանխվել է տեղում հասարակական կարգն ապահովող ոստիկանության ծառայողների կողմից։ Քաղաքացիներին հյուրանոցային համալիր ներխուժելու փորձերը դադարեցնելու օրինական պահանջ է ներկայացվել, որն անտեսվել է։ Ինչից հետո Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 25 անձ բերվել է ոստիկանության Կենտրոնական բաժին»։ 

Ինչ խոսք շատ էպիկ է, երբ ադրբեջանցիները հանգիստ մուտք են գործում ՀՀ տարածք, նրանց ՀՀ անվտանգության աշխատակիցներն են «պաշտպանում», իսկ զինված ադրբեջանցիների հարձակումներից մեր սահմանամերձ բնակչությանը պաշտպանող չկա։ Մինչդեռ երբ մարդիկ խաղաղ ակցիա են իրականացնում ընդդեմ այն երկրի ներկայացուցիչների, ովքեր տարիներ շարունակ մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ են թույլ տալիս, պատերազմներ հրահրում՝ կյանքեր խլում, պղծում մեր մշակութային ժառանգությունը, խոշտանգում մեր գերիներին, նրանց կոպտորեն բերման են ենթարկում։ Իսկ ադրբեջանական պատվիրակությունը վարագույրի ետևից հետևում է դրան։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Ոստիկանության գործողություններն իրավաչափ չէին․ «Ես երեկ, մոտավորապես կեսգիշերին Երևանի կենտրոնական ոստիկանության դիմաց էի, որտեղ մարդիկ էին հավաքվել, ես զրուցել եմ ազատ արձակվող տղաների հետ, փաստաբանների հետ, հրապարակային տեղեկատվությունն եմ ուսումնասիրել, այդ ամենի արդյունքում կարող եմ հետևություններ ներկայացնել։ Բարոյական մասը մի կողմ թողնենք, առհասարակ որևէ իրավաչափություն չուներ մարդկանց ազատությունից զրկելը, էլ չեմ խոսում ազատությունից զրկելու եղանակի մասին։ Այս պայմաններում կան, թե՛ Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներ, թե՛ առողջ բանականություն, որ ակնհայտ ապօրինի են մարդկանց զրկում ազատությունից, ապա ներողություն նրանցից պետք չէ ակնկալել կրոնական ճգնավորի խոնարհություն ոստիկանության բաժանմունքում վարքագծի ժամանակ։ Եվ հետո նրանց վրա, ժողովրդական լեզվով ասած,  խուլիգանության հոդված կարել, ես կարծում եմ, որ սա կարելի է դիտարկել որպես սադրանք։ Լրագրող Անի Նահապետյանի մասով ապացուցման պարտականությունը ոստիկանության վրա է։ Ինչպե՞ս եղավ, որ մյուս բոլոր դեպքերում լրագրողները ներկայացան, կոնկրետ այս դեպքում չներկայացավ, ես կարծում եմ, որ նման պնդումը ինքնին բավարար չէ ոստիկանության գործողությունները պատշաճ գնահատելու համար։ Բեյջը կար, լրագրողի պնդմամբ՝ ինքը կրել է այն, եթե մարդը բոլոր հիմքերը ունի, որպեսզի նրան դիտարկեն որպես լրագրող, ո՞րն էր տրամաբանությունը այդ ամենը թաքցնելու, ուստի ես վստահություն ներշնչող չեմ համարում ոստիկանության պարզաբանումը»։

Հիշեցնենք, որ բերման ենթարկվածների շարքում է եղել իր մասնագիտական պարտականությունները կատարող «Երկիր մեդիայի» լրագրող Անի Նահապետյանը, ում բերման են ենթարկել ոստիկանություն։  

Նորընտիր ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանն անընդունելի է համարում ոստիկանների  կողմից մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողին բերման ենթարկելու գործողությունը․ «Միանշանակ անընդունելի է իր մասնագիտական աշխատանքը կատարող՝ հավաքը կամ ցույցը լուսաբանող լրագրողին բերման ենթարկելու այս պրակտիկան, ես նաև ծանոթացել եմ Ոստիկանության տարածած պարզաբանումը Մարիոթ հյուրանոցի դիմաց տեղի ունեցածի հետ կապված։ Թեպետ այնտեղ նշվում է, որ որևէ անձ չի ներկայացել լրագրող, ամեն դեպքում կարծում եմ այս հանգամանքը լրացուցիչ պարզաբանման հարցեր է բարձրացնում, նույն ինքը՝ պարզաբանումը։ Նկատի ունենալով, որ վաղվանից եմ անցնելու պարտականություններիս կատարմանը, հետամուտ եմ լինելու լրացուցիչ պարզաբանումներ ստանալու, այդ թվում հենց բերման ենթարկված լրագրողի մասով։ Որովհետև, եթե տեսանելի մասում լրագրողը բեյջը կրում է, անգամ, եթե ներկայանում է կարծում եմ, դա բավարար է ոստիկանության ծառայողների կողմից նշված անձի մասնագիտական աշխատանքին չխոչընդոտելու համար։ Այս մասով պիտի հիմնականում ոստիկանության կողմից այդ հանգամանքների մանրամասների վերաբերյալ լրացուցիչ հարցեր պարզաբանվեն, սակայն այս պրակտիկան ոստիկանության կողմից խիստ դատապարտելի է»,- շեշտում է Գրիգորյանը։

- Տիկին Գրիգորյան, կուզենայի իմանալ Ձեր վերաբերմունքը, երբ հայ ոստիկանը ադրբեջանցիների աչքի առաջ բիրտ ձևով բերման է ենթարկում  հայ երիտասարդին, իրենց դեմ իրականացվող ակցիայի ժամանակ։

- Գիտեք, ես ընդհանրապես կարծում եմ, որ ոստիկանության կողմից խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառումը խնդրահարույց է, այն մարդու իրավունքների խախտում է կամ սահմանափակում է որևէ երկրում, անկախ ոստիկանի անկախ հավաքի մասնակցի ազգության, մյուս կողմից նաև պետք է նկատի ունենալ, որ ոստիկանը իրականացնում է իր մասնագիտական պարտականությունները և այսպես խտրական վերաբերմունքը իրավակարգի ապահովման տեսակետից՝ ազգության հիմքով, կարծում եմ սխալ պնդում է։ Ամեն դեպքում իհարկե՛ հարցը ունի զգայունություն, պետք է բոլորս ըմբռնումով մոտենանք, բայց նաև անձինք պիտի իրենց խաղաղ հավաքի իրավունքը կարողանան իրացնել, ոստիկանն էլ պարտավոր է գործել մասնագիտորեն և կոնկրետ մասնագիտական պարտականությունները իրականացնող լրագրողին բերման ենթարկելու մասով պիտի կանխարգելվեն և դատապարտվեն այդ գործողությունները։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image