Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը թեեւ դիվանագիտորեն խուսափում է «կարեւոր պահերին» Նիկոլ Փաշինյանի մտքերին ծափահարելուց, բայց, փաստացի, նրա վարած քաղաքականության հետ համաձայն է ու ի պաշտոնե՝ նրա քաղաքականության իրագործման լոկոմոտիվներից է, գնալով սահմանափակում է լրագրողների` իր հետ կապի դուրս գալու հնարավորությունն ու նրանց հարցերին սպառիչ եւ, ամենակարեւորը՝ բովանդակային պատասխաններ տալու պարտավորությունը։ Մինչդեռ նա ու նրա գրասենյակն այս չարաբաստիկ կառավարության կազմում աչքի էին ընկնում քիչ թե շատ թափանցիկ, մարդկային ու հասանելի աշխատաոճով, ինչը չի կարելի ասել այս կառավարության մյուս՝ գրեթե բոլոր գերատեսչությունների մասին։
2022 թվականի հունիսի 3-ին Մոսկվայում կայացել էր Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի եւ Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 10-րդ նիստը, որի վերաբերյալ Գրիգորյանի գրասենյակը հաղորդագրություն էր տարածել․ «Կողմերը քննարկել եւ hստակեցրել են իրենց մոտեցումները սահմանային, մաքսային եւ այլ տեսակի հսկողության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության տարածքներով` ճանապարհներով եւ երկաթգծերով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անվտանգ անցման հարցերի շուրջ»։
Մեր հեռախոսազանգերին փոխվարչապետն այլեւս չի պատասխանում եւ ԱԺ-ում ու կառավարության նիստերից հետո էլ լրագրողների հետ որեւէ շփում չի հաստատում, ուստի մենք Մհեր Գրիգորյանին գրավոր հարցեր էինք ուղղել իր գրասենյակի միջոցով՝ խնդրելով որոշ պարզաբանումներ մտցնել եւ մանրամասնել, թե ինչ ասել է՝ «hստակեցրել են իրենց մոտեցումները»։ Մասնավորապես, կա՞ն հարցեր, որոնց շուրջ արդեն առկա է որոշակի փոխըմբռնում, կամ արդեն եկել են ընդհանուր հայտարարի, եւ որո՞նք են դրանք։ Հետաքրքրվել էինք նաեւ՝ ճի՞շտ է արդյոք, թե ադրբեջանական կողմը պնդում է, որ հենց Մեղրիի տարածքով իրենց համար հասանելի ճանապարհ տրամադրվի, մինչդեռ հայկական կողմն առարկում է՝ առաջարկելով այլ տարածքով ճանապարհ։ Հարցրել էինք նաեւ, թե արդյոք այս հանդիպման ընթացքում անկլավներին առնչվող հարցեր քննարկվե՞լ են, թե՞ ոչ։ Եթե այո, ապա ինչպիսի՞ դիրքորոշում ունի այս հարցում հայկական կողմը։ Նաեւ հաջորդ հանդիպման վայրի ու ժամկետների վերաբերյալ էինք հետաքրքրվել։
Այս ամենը շարադրել էինք հստակ հարցերի տեսքով՝ ակնկալելով հստակ եւ բովանդակային պատասխաններ։ Սակայն փաշինյանական «ժողովրդավարության» մոտեցումները որդեգրած պարոն Գրիգորյանն այս անգամ որոշել է մեր ուղարկած այս բոլոր հարցերին ընդամենը պատմողական ոճով կարճ տեղեկանքի պես մի բան ուղարկել՝ ոչ իր անունից։ Ընդ որում, բացի այն, որ մեր հարցերին չեն տրվել սպառիչ եւ որեւէ բովանդակություն պարունակող պատասխաններ, այլեւ շրջանցել են ամենակարեւոր հարցերից մեկը՝ Մեղրիով ճանապարհ տալու վերաբերյալ հարցը։
«Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ՝ այո, նիստի ընթացքում քննարկվել եւ որոշ չափով hստակեցվել են մոտեցումները սահմանային, մաքսային եւ այլ տեսակի հսկողության, ինչպես նաեւ երկու երկրների տարածքներով` ճանապարհներով եւ երկաթգծերով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անվտանգ անցման հարցերի շուրջ։ Նիստի քննարկումների արդյունքներով կողմերը ներկայումս իրականացնում են ներքին քննարկումներ իրենց երկրներում՝ բոլոր համապատասխան շահագրգիռ մարմինների եւ մասնագետների ներգրավմամբ: Ներքին քննարկումների արդյունքում կորոշվեն հաջորդ նիստում քննարկվելիք հարցերի շրջանակը եւ ժամկետները: Ձեր կողմից հիշատակված «անկլավների» հարց այս հանդիպմանը եւ առհասարակ այս հարթակում երբեւէ չի քննարկվել»,- ասված է փոխվարչապետի գրասենյակի ուղարկած պատասխանում։ Ինչպես նկատեցիք՝ միակ քիչ թե շատ բովանդակային ու կարեւոր մասն անկլավներին վերաբերող հատվածն է։ Իսկ ճանապարհների, հաջորդ հանդիպման եւ այլ հարցերին խուսափել են որեւէ կերպ անդրադառնալուց։