Հասարակություն

Լա՞վ է, թե՞ վատ պետության եւ եկեղեցու նման հարաբերությունների որակը

Լա՞վ է, թե՞ վատ պետության եւ եկեղեցու նման հարաբերությունների որակը

Շարունակելով վերլուծել Գարեգին 2-րդ Ամենայն հայոց կաթողիկոսի՝ «Հրապարակին» տված հարցազրույցը, ներկայացնենք եւս մի քանի դիտարկում, որոնք, կարծում ենք, «գոյության իրավունք ունեն»։ Եվ այսպես՝ պետություն-եկեղեցի հարաբերությունների մասով կաթողիկոսի կարծիքը, ինչին արդեն նախորդիվ անդրադարձել էինք, բավական դիվանագիտորեն եւ զգուշավոր էր ձեւակերպված, նույնիսկ՝ չափից ավելի։ Այս առումով հատկապես հետաքրքիր է մի հարց․ իսկ արդյոք լա՞վ է, թե՞ վատ, որ պետություն-եկեղեցի հարաբերությունները, մեղմ ասած (դե, մենք, ի տարբերություն Գարեգին 2-րդի, կարող ենք ասել) լուսանցքային վիճակում են կամ լուսանցքից էլ այն կողմում։ Այս հարցը, ի դեպ, բավական երկար ժամանակ հայաստանյան հանրային ու քաղաքական դիսկուրսում առկա է։ Առհասարակ, ինչպիսի՞ն պետք է լինեն պետության եւ եկեղեցու կամ այդ պետության ներսում գործող կրոնական կազմակերպությունների, համայնքների կամ պետության բնակչության դոմինանտ խմբի կրոնական-դավանական պատկանելությունը ներկայացնող կառույցի հարաբերությունները։

Հարցը մեր իրականության վրա եթե պրոյեկտենք, ապա կունենանք հետեւյալը․ Հայաստանը, ըստ Սահմանադրության, ո՛չ կրոնական պետություն է, ո՛չ իսկ ազգային-պահպանողական։ Հայաստանն աշխարհիկ, ժամանակակից երկիր է, որտեղ ազատորեն կարող են գործել կրոնական եւ կրոնա-էթնիկ կազմակերպություններն ու համայնքները։ Այլ հարց, որ առ ի հարգանս Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնության կրոնական պատկանելությունը ներկայացնող կրոնական կազմակերպության՝ հայ ժողովրդի կյանքում ունեցած անուրանալի ներդրման, առաքելական եկեղեցուն Սահմանադրությամբ տրված է առանձնահատուկ կարգավիճակ։

Սակայն այդ կարգավիճակը երբեւէ չի կարող մեկնաբանվել որպես երկրի քաղաքական իշխանության՝ եկեղեցու հետ պետական կառավարման հարցերում խորհրդակցելու պարտավորվածության առկայություն։ Քաղաքական իշխանությունը ձեւավորվում է Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով եւ այդ օրենսդրությամբ սահմանված կարգով էլ իրականացնում է իր ֆունկցիաները։ Քաղաքական իշխանությունը կարող է, իր հայեցողությամբ կամ նպատակահարմարությամբ, խորհրդակցել եկեղեցու հետ այս կամ այն հարցով կամ չխորհրդակցել։ Նույնկերպ եւ եկեղեցին Հայաստանի տարածքում, իր դավանորդների կյանքում ունի հստակ առաքելություն, որն առաջնահերթորեն խարսխված է համաքրիստոնեական հիմնական առաքելության՝ քրիստոնեության տարածման ու ամրապնդման սկզբունքի վրա։

Ընդհանուր քրիստոնեական կամ առաքելական եկեղեցու որեւէ սրբազան տեքստում՝ ո՛չ Հին կտակարանում, ո՛չ Նոր կտակարանում ամրագրված չէ, թե եկեղեցին պետք է լինի պետության խորհրդատուն։ Հակառակը՝ քրիստոնեության հիմնադիր Հիսուս Քրիստոսի՝ «Տվեք կայսրինը կայսրին, Աստծունը՝ Աստծուն» սկզբունքով ամրագրված են պետության եւ եկեղեցու տարանջատվածությունը եւ եկեղեցու՝ հստակ, ո՛չ քաղաքական, ո՛չ աշխարհիկ, այլ միայն մարդու հոգեւոր կյանքին վերաբերող առաքելությունը։ Ուստի անհասկանալի է Հայաստանի հանրային ու քաղաքական դիսկուրսում այն դժգոհությունը, թե պետություն-եկեղեցի հարաբերությունները զուտ արարողակարգային են կամ սառը։ Սա նորմալ է եւ լավագույն հնարավորությունն է եկեղեցուն՝ ամբողջապես նվիրվելու իր կրոնական, հոգեւոր, մշակութային, ազգային եւ բարոյական առաքելությանը։

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image