Այլ

Եվրախորհրդարանը կոչ է արել թուրքական «Գորշ գայլերը» ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում

Եվրախորհրդարանը կոչ է արել թուրքական «Գորշ գայլերը» ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում

Եվրոպական Խորհրդարանը մայիսի 19-ին ընդունված զեկույցով  Եվրոպական Խորհուրդին և ԵՄ անդամ երկրներին կոչ է արել «ուսումնասիրել «Գորշ գայլերին» ԵՄ ահաբեկչական ցուցակում ավելացնելու հնարավորությունը»: 

Եվրոպական Խորհրդարանի այս տարվա զեկույցում (Թուրքիայի մասին 2019-2020 զեկույցը), որը գրված է իսպանացի պատգամավոր, Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ դաշինքի խմբի անդամ Նաչո Սանչես Ամորի կողմից, առաջարկվել է դնել թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» խմբավորմանը (թուրքիայի իշխող կուսակցության կոալիցիոն գործընկեր «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) զինված կազմակերպությունն է) ներառել ԵՄ ահաբեկչական ցուցակում:

Այս զեկույցով Եվրախորհրդարանը Եվրոպական Խորհրդին՝ միության որոշումներ կայացնող մարմնին և անդամ երկրներին կոչ է արել «ուսումնասիրել «Գորշ գայլերին» ԵՄ ահաբեկչական ցուցակում ավելացնելու հնարավորությունը»: Ցուցակում ներառված են Թուրքիայից չորս խումբ՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (PKK), «Քրդստանի ազատության բազեներ» (TAK), «Սուննի սալաֆիստական իսլամական մեծ արևելյան մարտիկներ» (IBDA-C) կազմակերպություններն ու «Հեղափոխական ժողովրդա-ազատագրական ճակատ [բանակ]» կուսակցությունը (DHKP-C)։

ԵՄ-ում մի շարք երկրներ փորձում են մեծացնել իր հսկողությունը այն շարժումների նկատմամբ, որոնք համարում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանությանն արտերկրում աջակցող։ Անձին, սուբյեկտին կամ կազմակերպությանը ցուցակում ընդգրկելը նշանակում է, որ նրանց ֆինանսական ակտիվներն ու միջոցները կարող են սառեցվել:

Եվրախորհրդարանը կոչ է անում արգելել «Գորշ գայլեր» ասոցիացիաները և կազմակերպությունները ԵՄ երկրներում, սերտորեն դիտարկել նրանց գործունեությունն ու դրանց ազդեցությանը հակազդելու միջոցները: Այն «հատկապես սպառնալիք է ներկայացնում քրդական, հայ կամ հույն ծագմամբ մարդկանց և նրանց համար, ում նրանք համարում են հակառակորդ», - ասված է զեկույցում, որն ընդունվել է մայիսի 19-ին լիագումար նիստում` 480 կողմ, 64 դեմ ձայներով:

Մայիսի 19-ին, Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ, դեսպան Թանժու Բիլգիչը հայտարարություն է տարածել, որով անդրադարձել է ԵԽ զեկույցին ու Եվրախորհրարանին «հակասական» ու «կանխակալ» լինելու մեջ։

«Այս ձևակերպումը ցույց է տալիս, թե ինչպես է Եվրոպական Խորհրդարանը (ԵԽ), որը ենթադրաբար պետք է լինի խոսքի և մտքի ազատության պաշտպանը, հակասական ու կանխակալ», - ասված է հայտարարության մեջ:

Բիլգիչը նշել է PKK-ի, սիրիացի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD), սիրիացի քրդերից կազմված «Ժողովրդի պաշտպանության ստորաբաժանումներ» զինված կազմավորման, «Գյուլենի շարժում» (FETÖ / Fethullahçı Terör Örgütü (Ֆեթուլլահի ահաբեկչական կազմակերպություն) թուրքական հապավումով ներկայացված է որպես ահաբեկչական կազմակերպություն) միավորման անունները։ Նա կոչ է արել ԵՄ-ին այս կազմակերպությունների հետ փոխկապակցված ասոցիացիաները ներառել ԵՄ Ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։

Հիշյալ կազմակերպությունները Թուրքիայի կողմից պաշտոնապես ճանաչված են որպես ահաբեկչական։ 

Ըստ Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակի՝ այս կազմակերպությունների հետ փոխկապակցված ասոցիացիաները հանդուրժվում են ԵՄ անդամ երկրներում՝ «արտահայտվելու և հավաքներ անելու ազատության պատրվակի ներքո»։ 

«Ռասիզմը և ֆաշիզմը այն հասկացություններն են, որոնք պատկանում են արևմտյան քաղաքական ժարգոնին, և այս քաղաքական գիծը չպետք է շփոթել Թուրքիայում ազգայնականության ընկալման հետ», - ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի մայիսի 19-ին տարածած հայտարարության մեջ:

«Հատկապես այնպիսի զրպարտությունները, որոնք սարքվել են հակաթուրքական հայկական սփյուռքի, ինչպես նաև PKK-ի և FETÖ շրջանակների կողմից, և որոնք օգտագործվում են արևմտյան քաղաքական գործիչների կողմից իրենց ներքաղաքական օրակարգի համար, անընդունելի են»:

Մեր երկրի վերաբերյալ զեկույցում տեղ գտած կեղծ մեղադրանքներից բացի, հիմնարար իրավունքներն ու ազատությունները սահմանափակելու կոչը ևս մեկ ցուցիչ է, թե ինչպես է ԵԽ-ն կտրված իրականությունից և եվրոպական արժեքներից», - եզրափակված է Թանժու Բիլգիչի հայտարարության մեջ:


 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image