Հարցազրույց

«Հրապարակ»․ Առաջիկա նիստին կերեւա՝ ով ինչպես է քվեարկում

«Հրապարակ»․ Առաջիկա նիստին կերեւա՝ ով ինչպես է քվեարկում

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը նախատեսում է առաջիկա օրերին գումարել հատուկ նիստ՝ քննարկելու սահմանադրական փոփոխությունները, որոնք ուղղված են Արցախի հիմնական պետական ինստիտուտների, այդ թվում՝ նախագահի եւ խորհրդարանի լիազորությունների երկարացմանը՝ մայիսի 21-ից հետո, երբ լրանում է ժամկետը։ Փոփոխություններն արդեն անցել են առաջին ընթերցում, ուղարկվել են Արցախի Գերագույն դատարան, որը գործում է որպես հանրապետության Սահմանադրական դատարան, եւ դրական եզրակացություն են ստացել։ Մենք գրել ենք, որ ապրիլի 4-ին պետք է երկրորդ ընթերցմամբ ընդունվեր այդ նախագիծը, սակայն իշխող «Ազատ հայրենիք» խմբակցությունն անսպասելիորեն չի ներկայացել նիստին, այն հետաձգվել է: Մեզ պատմել էին, որ մի քանի հոգով են նման որոշում կայացրել, որոշման «քավորն» Արցախի նախկին պետնախարար Արթուր Հարությունյանն է` նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հորեղբոր որդին: Արցախցիները կասկածներ ունեն, որ ՀՀ իշխանություններն են ճնշումներ բանեցրել, քանի որ դեմ են Արցախի պետական ինստիտուտների գոյությանը եւ ուզում են Արցախի մասին հիշողություններն էլ ջնջել։

Մենք զրուցել ենք «Ազատ հայրենիք» խմբակցության պատգամավոր Աշոտ Դանիելյանի հետ։

- Ի՞նչ է որոշել Ձեր խմբակցությունը, մասնակցելո՞ւ եք առաջիկա ԱԺ նիստին, որի օրակարգում սահմանադրական փոփոխություններն են, նախագահի լիազորությունների երկարաձգումը։ Եվ ինչո՞ւ եք ապրիլի 4-ի նիստը բոյկոտել։

- Քննարկումների փուլում ենք: Հավանաբար, առաջիկա շաբաթվա ընթացքում այդ փոփոխությունները կյանքի կկոչվեն, ես կոնկրետ այդ նախագծի հետ կապված խնդիր չեմ տեսել։

- Իսկ ովքե՞ր են խնդիր տեսել, եւ ո՞րն է իրենց փաստարկը։

- Իմ տեղեկությունն այն է, որ նիստը հետաձգվել է քննարկումների պատճառով, պետք է քննարկումներ լինեին, բայց դեռ չեն եղել։

- Դուք «Ազատ հայրենիք» խմբակցության անդամ եք, որն առաջին ընթերցմանը մասնակցել եւ կողմ է քվեարկել, հետո ի՞նչ խնդիրներ են առաջացել, ձեզ չե՞ն տեղեկացրել, ինչի՞ մասին է խոսքը, ինչո՞ւ է նորից քննարկումների անհրաժեշտություն ծագել։

- Գուցե տեխնիկական խնդիրներ են, ես, համենայնդեպս, լուրջ խնդիրներ չեմ տեսնում Սահմանադրության փոփոխության հետ կապված, հատկապես որ Գերագույն դատարանի եզրակացությունն էլ կա, առաջիկա շաբաթվա ընթացքում ինձ թվում է՝ կընդունվի։

- Մեզ ասել էին, որ նիստը վերջին պահին խափանելու որոշումը կայացվել է մի քանի կուսակցականի կողմից, գլխավոր դերակատարը եղել է կուսակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, խմբակցության ղեկավար Արամ Հարությունյանի հետ են որոշել։ Հնարավոր համարո՞ւմ եք, որ ՀՀ իշխանությունների մատը խառն է, ճնշումներ են եղել նրանց վրա։

- Դա իրենցից հարցրեք, ես չեմ կարող իրենց փոխարեն պատասխանել։

- Դուք պարզաբանումներ չե՞ք պահանջել։

- Ֆրակցիան տեղեկացված է եղել, որ հետաձգվում է, դրանից հետո հանդիպումներ չենք ունեցել։ Ավելի լավ է իրենցից հարցրեք, համենայնդեպս, կրկնում եմ՝ իմ մասով խնդիր չկա։

- Այդ դեպքում ինչպե՞ս եք վստահեցնում, որ խոչընդոտ չի լինի` կընդունվի նախագիծը, քանի՞ պատգամավորի քվե է պակասում, որ ձեր ֆրակցիան կարող է լրացնել։

- 22 ձայն է պետք, որ նախագիծն ընդունվի, առաջիկա նիստին կերեւա՝ ով ինչպես է քվեարկում, այսքանը կարող եմ ասել։

- Արցախցիների պայքարի մասին ի՞նչ կասեք, ՀՀ իշխանությունները ձեր բարձրաձայնած խնդիրները փորձում են բացառապես սոցիալական հարթություն տեղափոխել, այսինքն՝ զբաղվել միայն սոցիալականով:

- Բնականաբար, փորձելու են միայն սոցիալական դաշտ տեղափոխել, բայց մեր պահանջները հստակ են, չորս խմբի ենք դրանք բաժանել՝ վերադարձի իրավունք, սոցիալական, որը նույնպես քաղաքական է․ այսօրվա իշխանությունների ընդունած որոշման հետեւանքով են այդ խնդիրներն առաջացել, որ մենք արտագաղթել ենք Հայաստան, որքան էլ որ իրենք ասեն, թե մենք ենք մեղավոր։ Գերիների հարցը եւս քաղաքական կարելի է համարել, ՀՀ իշխանությունները ցանկացած հարթակում, ցանկացած առիթով պետք է բարձրացնեն գերիների հարցը, իսկ այն, ինչ կատարվում է Արցախում Ադրբեջանի կողմից՝ մշակութային ժառանգությունը ոչնչացնելու առումով, պետք է հստակ քննադատության եւ գնահատականի արժանանա, ինչը Հայաստանի իշխանությունները չեն անում։ Այսինքն՝ ամբողջ խնդիրը քաղաքական է, իշխանությունները խնդիրներով զբաղվելու փոխարեն ատելության մթնոլորտ են ձեւավորում՝ հայաստանցի-ղարաբաղցի պառակտում մտցնելով։

- Ի՞նչ քայլեր են արվելու առաջիկայում։

- Մենք հանդիպում ենք ունեցել խորհրդի անդամների հետ, առաջիկայում էլ Ազգային ժողովում պատգամավորների լայն ֆորմատով է հանդիպում սպասվում խորհրդի հետ, մեր որոշման մասին կհայտարարենք՝ ինչպես ենք պատկերացնում հետագա պայքարը եւ ճանապարհային ինչ քարտեզ ենք առաջարկում։

- Փողոցային պայքարը շարունակվելո՞ւ է։

- Մենք պայքարը տեսնում ենք այնքան ժամանակ, երբ մեր բոլոր հարցերին լուծում կտրվի։ Դա կլինի փողոցային պայքար, թե այլ ճանապարհներ` ժամանակը ցույց կտա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image