Հարցազրույց

«Հրապարակ». Իմ ամբիցիան այն է, որ էս վիժվածքները հեռացվեն ու պատժվեն

«Հրապարակ». Իմ ամբիցիան այն է, որ էս վիժվածքները հեռացվեն ու պատժվեն

Ապրիլի 11-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Միասին» հասարակական շարժման հանրահավաքը։ Նախաձեռնողները հասարակական, քաղաքական գործիչներ էին՝ Արամ Գասպարի Սարգսյանը, Հրանտ Բագրատյանը, արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը, Սերժ Սրապիոնյանը եւ ուրիշներ։ Հարթակից ելույթ ունեցան ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, Հրանտ Բագրատյանը, Խոսրով Հարությունյանը, Էդգար Ղազարյանը, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներ Վաչագան Մանուկյանի հայրը՝ գրող Խաչիկ Մանուկյանը, Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, եւ այլք։

Հանրահավաքը մարդաշատ չէր՝ հավանաբար, մի 500 հոգի էր ներկա։ Եվ դա արձանագրում էին նաեւ հանրահավաքի մասնակիցները, մինչդեռ այդ պահին Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում մարտեր էին ընթանում, եւ հայտնի էր, որ հայկական կողմից 3 զոհ կա (ավելի ուշ հաղորդվեց, որ զոհերի քանակը 4-ն է, վիրավորներինը՝ 6-ը)։ Մենք զրուցել ենք 44-օրյա պատերազմի հերոսներից մեկի՝ Հայկ Մելիքյանի մոր՝ Նաիրա Մելիքյանի հետ։

- Խորհրդարանական ընդդիմությունը տեւական ժամանակ է՝ հանրահավաքներ չի հրավիրում, իսկ «Միասին» շարժումը մի անգամ՝ ապրիլի 4-ին, երկրորդ անգամ՝ ապրիլի 11-ին հանրահավաք հրավիրեց, սակայն մասնակիցները, ի տարբերություն ընդդիմության հանրահավաքների, շատ չէին։ Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է պայմանավորված այսքան պասիվ մասնակցությունը։

- Պայմանավորված է նրանով, որ դաշտը շարունակում է պառակտված մնալ, մարդիկ չեն վստահում որեւէ մեկին, քանի որ դաշտն այնպես են այլանդակել․․․ բայց կարծում եմ՝ երկրորդ հանրահավաքի համար վատ չէր մարդկանց մասնակցության թիվը, այնպես չէ, որ շատ քիչ էր։

- Հանրահավաքի ընթացքում Տեղ գյուղի հատվածում մարտեր էին ընթանում, մինչ հանրահավաքի ավարտն արդեն հայտնի էր, որ 3 զոհ ունենք, բայց հանրահավաքի մասնակիցների թիվը չավելացավ, մինչդեռ Ազատության հրապարակի հարակից սրճարաններում, Հյուսիսային պողոտայում մեծ թվով մարդիկ կային նստած։

- Գիտե՞ք՝ դա էլ է վախը, խուճապն ինչ-որ մի ձեւով չեզոքացնելու ձեւ, այսինքն՝ որոշ մարդիկ այդ ձեւն են գտել․ կա՛մ իրենց դնում են գժի տեղ, կա՛մ ջայլամային քաղաքականություն են վարում եւ այդ ձեւով փորձում են իրենց վախերը հեռու վանել։ Մի քիչ էլ օղակը սեղմվի, կարծում եմ, դուրս կգան, ուղղակի դեռ չեն պատկերացնում, որ կարող է նաեւ իրենց հետ կատարվել այն, ինչ կատարվում է սահմանին կամ կատարվել է մեզ հետ։ Այնպես չէ, որ կարող է այսպես հավերժ շարունակվել, մենք ունենք նախադեպեր․ 30 տարի առաջ էլ, չմոռանանք, այն ժամանակ էլ ազգի ընդամենը 5 տոկոսն էր պայքարում եւ միշտ։ Հետեւաբար հուսալքվել, որ տեսեք, մի քանի մարդ է գալիս․․․։ Այն մարդիկ, որոնք գալիս են, մահապարտ մարդիկ են, գիտակից մարդիկ են, եւ ես վստահ եմ, որ երբ պահը գա, իրենց շրջապատը՝ իրենց արժեհամակարգն ունեցող մարդիկ դուրս կգան, հիշում եք սեպտեմբերի 15-ը, ուղղակի այն ժամանակ, այսպես կոչված, ընդդիմությունը նախ եկավ, իրեն գցեց հարթակ, երկրորդը՝ չկարողացավ կառավարել կամ միտումնավոր արեց․․․, չգիտեմ, չեմ ուզում հավատալ նման բաների։ Հետո պատճառաբանեցին, թե իբր զոհվածների հարազատների հարթակն էր, դրա համար մենք թողնում էինք, որ իրենք խոսեին, բայց մեզ, անկեղծ ասած, նույնիսկ հարթակին մոտ չթողեցին։ Հիմա ուղղակի պիտի պատրաստ լինենք՝  որ պահին նման զանգված հավաքվի, նման պոռթկում լինի, ուղղակի, որ ճիշտ ուղղորդենք ու կառավարենք, բայց այն, որ լինելու է, ես դրանում չեմ կասկածում։

- Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները երեկվա հանրահավաքում չկային, ոչ էլ իրենք են հանրահավաքներ նախաձեռնում։ Ձեր տպավորությամբ՝ ընդդիմությունը հիմա ի՞նչ վիճակում է։

- Անկեղծ՝ չեմ կարող ասել, բայց քանի որ մենք «Միասին»-ի շրջանակներում հայտարարել ենք, որ այլեւս չենք զբաղվելու քննադատությամբ, եւ բոլոր նրանք, ովքեր պատրաստ ենք գալ, միանալ՝ դա կլինի նույն տիտղոսակիր ընդդիմությունը կամ այլ ուժեր, իհարկե, բացառությամբ որոշ ուժերի, դրանք են «Բեւեռ» կոչվածը կամ Արամ Սարգսյանի՝ Վազգեն Սարգսյանի եղբոր կուսակցությունն ու այդ կարգի կուսակցությունները, իհարկե՝ ոչ։ Բայց մյուս կառուցողական ուժերը, արտախորհրդարանական կամ տիտղոսակիր ընդդիմությունը կարող են գալ, միանալ, մենք ոչ մի ամբիցիա չունենք եւ հայտարարել ենք, որ մենք էլ ենք պատրաստ իրենց միանալ, այնպես չէ, որ մենք հայտարարել ենք, որ լոկոմոտիվը, գերակա ուժը մենք ենք, եւ վերջ։ Հիմա ես չեմ ուզում քննադատություն հնչեցնել, ասել, թե ինչն է պատճառը, որ դուրս չեն գալիս պայքարի, բայց իրենց հետ էլ են հանդիպումներ եղել, իրենք էլ են ինչ-որ բաներ անում, հատկապես մարզերի ուղղությամբ, ինչը շատ կարեւոր է։ Հիմա մնում է, որ ամեն մեկս իր տեղում աշխատի, հետո արդեն, երբ գա այդ պահը, համախմբվել, ամեն մեկիս աշխատանքի արդյունքն էլ արդեն կերեւա, եւ կհասնենք մեր նպատակին։ Ես այդպես եմ կարծում։

- Զոհվածների ծնողների վերաբերյալ հանրահավաքի պահին քննադատություններ եղան, թե ծնողները քաղաքական ամբիցիաներ ունեն, փորձում են մտնել քաղաքականություն կամ քաղաքական խնդիրներ լուծել։

- Այո, ունեմ քաղաքական ամբիցիա, որովհետեւ որպեսզի իրականանա արդարադատությունը, եւ երեխայիս մորթողները պատժվեն, սրանք պիտի հեռանան։ Այո, այդ մասով ունեմ ամբիցիա, եւ թե ինչ են վայրահաչում, ես իրենց ընդամենը կասեմ՝ տարոսը ձեզ, դուք հլը էդ ձեւով կորցրեք ձեր մինուճար երեխուն, մարմնին մի արժանացեք, հլը տեսնեմ՝ հետո ամբիցիա չե՞ք ունենա։ Այո, ունեմ ամբիցիա, եւ իմ ամբիցիան այն է, որ էս վիժվածքները հեռացվեն ու պատժի ենթարկվեն։
 

Լրահոս

Ամենաընթերցված

Սկանդալից սկանդալ

Սկանդալից սկանդալ

Միայն որեւէ սկանդալից հետո ենք մենք ուշքի գալիս ու հետաքրքրվում որեւէ ոլորտում տիրող իրավիճակով: Ման...

×
Gallery Image