Դեկտեմբերի 4-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գարեգին Միրզոյանին տեղեկատվական հարցում էի ուղարկել․ «2025 թվականին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսությունների տարածքում քանի՞ հեկտար ծառատունկ է արվել, դրանից քանի հեկտարը՝ պետական բյուջեի, քանիսը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջոցներով, որքանը՝ այլ կազմակերպությունների ֆինանսավորմամբ: Նորատունկ տարածքներից քանի՞ հեկտարն է ցանկապատված, որքանը՝ փշալարով պատված»։
Դեկտեմբերի 12-ին Գ․ Միրզոյանը պատասխանել է․ «2025 թվականի ընթացքում ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում իրականացվում է անտառմշակույթների հիմնում, ընդհանուր առմամբ՝ 753 հա տարածքում, այդ թվում՝ պետական բյուջեի ֆինանսավորմամբ՝ 170 հա տարածքում, ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) միջոցներով՝ 559 հա տարածքում, այլ կազմակերպությունների միջոցներով՝ 24, 2 տարածքում։ Վերը նշված տարածքները ցանկապատվում են (ցանկապատի ընդհանուր երկարությունը՝ 75 կմ)»։ Փաստորեն, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ԺՊ-ն դեկտեմբերի 12-ին մեզ հայտնել է ոչ թե տարվա ընթացքում արված ծառատունկի, ավարտված գործի, այլ՝ շարունակվող ծառատունկի մասին: Բայց ձմռանն ո՞վ է ծառ տնկում։ Գուցե հենց սա է պատճառը, որ թղթերով Հայաստանն ամեն տարի ծառապատվում է, հսկայական կանաչապատում է իրականացվում, սակայն թղթի վրա հիմնված անտառների մի մասն է միայն իրական անտառ դառնում։