«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ իրավապահները հայտնաբերել են Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան այրելու գործով կասկածյալներից 22 ամյա Անդրանիկին: Վերջինս ապրում է Փարաքարում:
Մեր տեղեկություններով՝ իրավապահները դուրս են եկել հետքի վրա, ավտոտնակից հայտնաբերել են նաև հանցագործության իր մոպեդը, որով կասկածյալը հասել է Սիմոնյանի տան մոտ, այրել մեքենան և հեռացել: Գործի մեջ ներգրավված է եղել նաև վերջինիս հայրը: Իրավապահները շարունակում են գործողությունները:
Ստեփանյանը հաստատեց տեղեկությունը: Նա շարունակում է պնդել՝ անձնական որևէ խնդիր չի ունեցել, և իր ընտանիքին պատկանող մեքենան այրել են քաղաքական դրդապատճառներով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ գիշերը այրել են Ստեփանյանի կնոջ մեքենան, որը կայանված է եղել տան բակում։
«Հրապարակ»-ի հետ զրույցում Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Ստեփանյանը՝ անդրադառնալով գիշերը տեղի ունեցածին՝ ասել էր․
«Քաղաքական հայացքների համար, այլ կասկաներ չկա։ Ես որեւէ մեկի հետ անձնական խնդիրներ չեմ ունեցել։ Իմ տունը սեփական տուն է, 7 տարի է սարքել եմ, իմ տան դուռը 7 տարի է բաց է, անգամ բանալիով չի փակվել, եթե որեւէ մեկի հետ նախկինում խնդիր ունեցած լինի, արդեն հաշվեհարդար տեսած կլինեին»,-ասաց նա։
Ստեփանյանը չի բացառում, որ սա կարող է Նոր Նորքի թաղապետարանում թաղապետի մասնակցության տեղի ունեցած ծեծկռտուքի շարունակությունը լինեն։ «Իհարկե չեմ բացառում, սրանցից ամեն ինչ սպասելի է։ Փաստորեն ով դուրս է գալիս ՔՊ-ի դեմ, բացահայտում կոռուպցիան, նրա հետ այսպես են վարվում, քաղաքական հաշվեհարդար են տեսնում»,-նշեց նա։