Հայաստանի չեմպիոն «Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը խոսել է իր տպավորությունների մասին նիդերլանդական «ԱԶ Ալկմար»-ի նկատմամբ 1:0 հաշվով գրանցված պատմական հաղթանակից հետո։
Մարզիչը շնորհավորել է թիմի բոլոր ֆուտբոլիստներին՝ ընդգծելով թե՛ մեկնարկային կազմի, թե՛ պահեստայինների ներդրումը։ Նա առանձնահատուկ երախտագիտություն է հայտնել նաև երկրպագուներին՝ նշելով, որ մարզադաշտում ստեղծված մթնոլորտը բացառիկ էր։ Պերկովիչի խոսքով՝ ինքը երբեք չի կարող խոստանալ միայն հաղթանակներ, սակայն վստահ էր, որ թիմը խաղադաշտում կթողնի այնպիսի տպավորություն, որով երկրպագուները կհպարտանան։ Նրա համոզմամբ՝ ոչ միայն մարզադաշտում գտնվողները, այլև ողջ Հայաստանը կարող է հպարտանալ թիմի խաղով։
Մարզիչը նշել է, որ հանդիպումը բավական բարդ է ստացվել, սակայն թիմը լավ էր պատրաստվել և հավատում էր սեփական ուժերին։ ««Նոան» լավ էր ուսումնասիրել մրցակցի ուժեղ կողմերը և հասկանում էր, թե ինչպես կարող է վտանգավոր լինել նրա համար»,- նշել է մասնագետը: