Մենք գրել էինք, որ հաջորդ փուլում Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքի տարածքից են ադրբեջանցիները հողեր տանելու` սահմանազատման անվան տակ: Գրել էինք, որ այստեղ 12 պաշտպանական դիրք է պահանջում Ադրբեջանը` հայտարարելով, որ 90-ականներին այդ մասում մեր բանակն առաջ է գնացել եւ անգամ չափագրողներ են վերջին շրջանում հայտնվել Վահան համայնքի մերձակայքում: Վահանի վարչական ղեկավար Արշակ Մկրտչյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ նման բան չի եղել եւ ասաց, որ Վահանում երբեք ադրբեջանցիներ չեն ապրել և չեն կարող իրենցից ինչ-որ բան պահանջել: Թեեւ խոսքը ոչ թե գյուղից բան պահանջելու մասին է, այլ պաշտպանական դիրքերի.
«Մեր գյուղում ադրբեջանցի չի եղել: Մեր տարածքում ադրբեջանական տարածք չկա ու չի կարող ադրբեջանցին գալ այստեղ: Վահան գյուղում երբևէ ոչ մի ադրբեջանցի չի եղել: Եթե նման բան լիներ, իմ կարծիքը բացասական կլիներ, իհարկե վատ կվերաբերվեի դրան, բայց որպես ի՞նչ պետք է մեր դիրքերը հանձնենք, ինչի՞ հիման վրա», ասաց նա: Ինչ վերաբերում է ադրբեջանցիներ հայտնվելուն, չափագրումներ անելուն նա ասաց. «Եթե ինչ-որ մի բան եղած լիներ, ես հաստատ այդ մասին կիմանայի, բայց ընդհանրապես նման բան չի եղել, մեր դիրքերում չի կարող ադրբեջանցի լինել: Մենք գերիշխող դիրք ունենք, ադրբեջանցիները շատ հեռու են մեր սահմաններից` երկու կիլոմետրի կարգի: Մեր դիրքերը գերիշխում են», - ասաց վարչական ղեկավարը: