Քաղաքականություն

«Հրապարակ». Ալավերդիում կուրիոզ ընտրություններ են սպասվում

«Հրապարակ». Ալավերդիում կուրիոզ ընտրություններ են սպասվում

Հանրապետությունում սեպտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների նախնական պատկերն արդեն իսկ խոստանում է թեժ լինել: Ընտրություններ կանցկացվեն 18 համայնքում, որոնցից մեկը Լոռու մարզի Ալավերդի քաղաքն է։ Այս անունը տարիներ շարունակ   առավելապես հիշատակվում էր քրեական խրոնիկայում` կրակոցներ, սպանություններ, հաշվեհարդարներ, քրեական հեղինակությունների կողմից հետապնդվող քաղաքական-բիզնես շահեր, վատ էկոլոգիա, չաշխատող գործարաններ եւ այլն:

Այսինքն՝ Ալավերդու համայնքապետ աշխատելը հեշտ բան չի եղել երբեք։ Բայց առաջադրվելու ցանկություն ունեցողների պակաս էլ չկա: Այստեղ համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է 4 քաղաքական ուժ։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»՝ համայնքապետի թեկնածու Արեն Մկրտչյանով: Նկատենք, որ ՔՊ-ական պատգամավորը շուրջ մեկ տարի է՝ Ալավերդիում ավելի շատ է լինում, քան խորհրդարանում, եւ վաղուց է սկսել քարոզչությունը, կուսակցական հարթակն էլ ակտիվ լուսաբանում է նրա նախընտրական հանդիպումներն ու խոստումները։ ՔՊ-ն 81 հոգանուց ընտրացուցակ է ներկայացրել, ալավերդցիների կարծիքով՝ առաջին հայացքից բավականին անշառ, կարելի է ասել` համեստ կենցաղով ապրող մարդիկ են ընդգրկված, սակայն քաղաքում խոսում են, որ տեղի «խարոշիներն» իշխանության համար են «տասովկաներ» անում, ինչպես շատ համայնքներում։ Ցուցակի երկրորդ համարը՝ Դավիթ Ղումաշյանը, խոշորացված Ալավերդու մաս կազմող Շնող համայնքի ղեկավարն է, երրորդը՝ Լորա Սարգսյանը, բժիշկ է՝ ԽՍՀՄ ժամանակներում մետալուրգիական գործարանի ղեկավար Նորայր Սարգսյանի դուստրը, չորրորդը` Կարեն Ազարյանը, «Ախթալա ԲԿ»-ի տնօրենն է, հինգերորդը՝ Մանվել Ավագյանը, Ալավերդու մարզադպրոցի տնօրենը եւ այլն։ 

Հայտ է ներկայացրել նաեւ «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի ընտրացուցակը գլխավորում է Ախթալա համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը, ով մինչ այդ եղել է Ճոճկանի ղեկավարը՝ մի քանի անգամ վերընտրվել է գյուղապետի պաշտոնում: Կուսակցությունը 40 հոգանոց ավագանու ցուցակ է ներկայացրել եւ համարվում է իշխանական հիմնական մրցակիցը: Ի դեպ, այս ուժի ընտրացուցակը հիմնականում հարակից գյուղերի բնակիչներից է ձեւավորված, ալավերդցիներ գրեթե չկան, ու սա մտահոգում է քաղաքաբնակ շրջանակներին։

Ալավերդու մեր աղբյուրներն ասում են նաեւ, որ Արկադի Թամազյանն ընտրապայքարի մեջ է ներգրավել նաեւ հանրահայտ ճամբարափոխ, Ախթալայի նախկին քաղաքապետ (12 տարի ղեկավարել է քաղաքը ) Սուրեն Թամազյանին, ով գլխավորում է ՀՅԴ ցուցակը: Սրա նպատակը կարող է լինել հետընտրական կոալիցիայի սխեման խաղարկելը` եթե իշխանական թեկնածուն 50+ չհավաքի, կմիավորվեն ՀՅԴ-ն ու «Ապրելու երկիրը» եւ իշխանություն կվերցնեն: «Ապրելու երկիրը» պաշտոնապես հայտարարել է, որ որեւէ համայնքում ՔՊ-ի հետ կոալիցիա չի ձեւավորելու։

Ինչ վերաբերում է ՀՅԴ թեկնածու Սուրեն Թամազյանին, ապա ասում են՝ վերջինս կոմպլեքսներ չունի` անդամակցել է գրեթե բոլոր կուսակցություններին, քաղաքական առեւտրի մեջ է մտնում տարբեր մարդկանց հետ, եղել է ՀՀՇ-ական՝ ղեկավարել է տարածքային կառույցը, ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական ու անգամ ՕԵԿ-ի հետ է ճանապարհ անցել։ Սուրեն Թամազյանն Ախթալա քաղաքը ղեկավարել է 1996 թվականից։ Ուշագրավ է, որ ՀՅԴ-ն ընդամենը 16 հոգանոց ցուցակ է ներկայացրել ԿԸՀ, ինչը եւս ապացուցում է, որ թեկնածուն քաղաքի կառավարումը ստանձնելու շանսեր չունի եւ ընդամենը աջակցելու առաքելություն ունի: Ասում են անգամ, որ Արկադի Թամազյանը Սուրեն Թամազյանի ցուցակի ընտրարշավի ծախսերն է իր վրա վերցրել։ Ամենագաղափարականը ՀԱԿ-ի 22 հոգանոց ցուցակն է, որը ղեկավարում է հաշվապահական գրասենյակ ունեցող Նորայր Գեւորգյանը։ Այստեղ բացառապես կուսակցականներ են ընդգրկված։ Ալավերդու մեր աղբյուրի փոխանցմամբ, թեկնածուն հաշվարկել է՝ եթե ԱԵ-ՀՅԴ հետընտրական դաշինք ձեւավորվի, ապա օրենքի ուժով ավագանիում երրորդ ուժ էլ պիտի ներկայացվի, ուստի իրենք եւս ներկայացված կլինեն ավագանու կազմում։

Մեր աղբյուրն ասաց նաեւ, որ Ալավերդիում ՔՊ-ի, ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանի էլեկտորատը, անկասկած, քվեարկելու է Արկադի Թամազյանի օգտին, քանի որ նա ավելի շատ է համապատասխանում ՔՊ-ի ոճին՝ չունի ծրագիր, բայց խոսում է ժողովրդի անունից ու սրտից։ «ՔՊ-ի միայն ինտելեկտուալ հատվածն է քվեարկելու Արեն Մկրտչյանի օգտին, որքան էլ զարմանալի է, ՀՀԿ-ի ինտելեկտուալ հատվածն էլ է համակրում Արեն Մկրտչյանին՝ սկզբունքով, որ ավելի լավ է թշնամիս խելացի լինի, քան դաշնակիցս՝ հիմար»,- ասաց մեր աղբյուրը։ Այդուհանդերձ, ինչո՞ւ ՀՀԿ-ն հանդես չեկավ սեփական թեկնածուով։ Մեր հարցին Ալավերդու նախկին քաղաքապետ, Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը պատասխանեց․ «Չենք ուզում այս իշխանության հետ որեւէ ընտրական պրոցեսի մասնակցենք, անիմաստ է»: Չգիտես ինչու, խորհրդարանական ընտրություններին դա անիմաստ չէր։ ՀՀԿ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ալավերդցիները վախեցել են իշխանական ճնշումներից եւ ցուցակ չեն կարողացել ձեւավորել։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image