Ազգային ժողովը երեկ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որը թույլ է տալու բռնագանձել գույքը, եթե դրա ձեռքբերումն անձը չհիմնավորի օրինական եկամտի աղբյուրներով: Նման գույքի առնչությամբ գործում է գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, որը պատասխանող կողմը կարող է հերքել՝ գույքի ձեռքբերումը հիմնավորող ապացույցներ ներկայացնելով: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նախագծում կատարվել է փոփոխություն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շեմը 25 մլն դրամից բարձրացվել է 50 մլն դրամի:
Առաջարկը խորհրդարանական ընդդիմությանն էր, որպեսզի արտագնա աշխատողները չընկնեն այս օրենքի տակ: Ուսումնասիրության ժամկետի մասով արձանագրվել է, որ այն պետք է ներառի առավելագույնը նախորդող 10 տարին, իսկ բացառիկ դեպքում, երբ պահպանվել են գործի համար էական ապացույցները, ավելի երկար՝ 1991 թվականից հետո ընկած ժամանակահատվածը:
Որ նախագիծը գործող իշխանության ձեռքում քաղաքական գործիք է դառնալու նախկինների գլխին, դրանում որեւէ մեկը չի կասկածում: Այդուհանդերձ, իրավական տեսանկյունից արդյոք այն խնդիրներ չի՞ առաջացնելու Սահմանադրության եւ միջազգային օրենսդրության հետ, ու հնարավո՞ր է լինելու կիրառել: Հիշեցնենք, որ գույքի բռնագանձումը, ըստ օրենքի, տեղի է ունենալու առանց մեղադրական դատավճռի, բացի այդ՝ տվյալ մարդու վրա է դրված իր անմեղությունն ապացուցելու հարցը, ինչը հիմնովին հակասում է իրավաբանության անկյունաքարային դրույթին, որ մարդը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը, նրա մեղավորությունը պետք է ապացուցի քննչական մարմինը: Այս հարցերի վերաբերյալ մասնագիտական կարծիք խնդրեցինք Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Գրիգորի Մուրադյանից։ Նա ընդհանրական գնահատականներ տվեց՝ ասելով, որ նախագիծն ամբողջությամբ չի ուսումնասիրել, բացի այդ, քրեական իրավունքի մասնագետ չէ:
Բայց «առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձումը», Մուրադյանի խոսքով, չի նշանակում առանց դատարանի վճռի: Պարզապես բռնագանձման թույլտվություն տրվում է ոչ թե Քրեական, այլ՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի կանոններով: Ըստ այդմ էլ՝ բռնագանձման վերաբերյալ կայացվում է ոչ թե դատավճիռ, այլ՝ որոշում:
«Այս առումով Սահմանադրության պահանջը, որ սեփականության իրավունքի օբյեկտը կարող է միայն դատարանի որոշմամբ վերցվել, կպահպանվի»: Նրա գնահատմամբ, խնդիրն այլ տեղում է. «Այն հիմքերը, որոնք դրվել են գույքը վերցնելու հիմքում, արդյոք բավարար որոշակի՞ են, թե՞ ոչ: Կարող է առաջանալ որոշակիության խնդիր, բայց դա կարելի է հասկանալ միայն օրենքը կիրառելիս: Երկրորդ խնդիրն այն է, թե այդ հիմքերն ավելի լա՞յն են, քան մեր միջազգային պարտավորությունների շրջանակները: Որովհետեւ, որքան ես գիտեմ, այդ գործիքակազմը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում, շատ նեղ հիմքերով: Օրինակ, երբ արդեն ապացուցված է, որ մարդը, ենթադրենք, հանցավոր համագործակցության շրջանակներում ապօրինի գույք է ձեռք բերել, դա ապացուցված է մեղադրական դատավճռով, քրեական գործով, եւ պարզվում է, որ իր հարազատներից մեկը եւս ունի անհայտ ծագման գույք, այս դեպքում, այո, տրամաբանական է եւ թույլատրելի, որ որոշակի էքստրապոլացիա արվի՝ քաղաքացիական դատավարության շրջանակներում ապացուցման բեռը դնելով այդ հարազատի վրա, որպեսզի պարզվի՝ այդ գույքն օրինակա՞ն է, թե՞ ոչ: Որովհետեւ կարող է պարզվի, որ, ենթադրենք, մաֆիայի բոսն իր զոքանչին փոխանցի ապօրինի ծագման գույք, ու հետո պետք է պարզվի՝ որտեղի՞ց այդ գույքն իրեն: Այստեղ ինչ-որ տրամաբանություն կա, եթե, իհարկե, այս տրամաբանությունը տարածվելու է բոլոր դեպքերի վրա՝ սկսած 90-ականներից: Բայց քանի որ ասվում է, որ տարածվում է վերջին 10 տարվա կտրվածքով, այստեղ ես խնդիր եմ տեսնում, առաջանալու է խտրականության հնարավորություն, ի՞նչ է նշանակում՝ վերջին 10 տարի, ի՞նչ են դրել դրա հիմքում: Եթե ամփոփեմ, ապա այս օրենքը սահմանադրական իրավունքի հետ կարող է խնդիր ունենալ, եթե կա որոշակիության, համաչափության խնդիր, եւ այդ հիմքերը եթե բացառիկ չեն, այլ թույլ են տալիս ընդհանրական մեկնաբանությունների միջոցով տարածվել ցանկացած կատեգորիայի անձանց վրա եւ ցանկացած հանցագործությունների վրա»:
Հավելենք, որ գույքի՝ ապօրինի լինելու վերաբերյալ ուսումնասիրություն սկսելու համար անհրաժեշտ են օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատական ակտ, որպես մեղադրյալ ներգրավված անձ եւ առկա բավարար հիմքեր՝ կասկածելու, որ գույքն ունի ապօրինի ծագում: Սակայն լինում են դեպքեր, երբ քրեական հետապնդումը կամ քրեական գործի հարուցումն անհնար է (օրինակ, ընդունվել է համաներման մասին օրենք, անցել են վաղեմության ժամկետները, անձը մահացել է եւ այլն): Այդ խնդրի լուծման համար էլ փաթեթում կատարված փոփոխության արդյունքում դատախազությունն արդեն կկարողանա հայց ուղարկել դատարան, որտեղ քննությունը կատարվում է Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով։ Դատարանը ստուգելու է հայցի հիմնավորվածությունը, կողմերի (այդ թվում՝ պատասխանողի) փաստարկները, որից հետո միայն կայացնելու է որոշում:
Օրենքն ընդունվեց 99 կողմ եւ 16 ձեռնպահ ձայներով, ձեռնպահ էին ԼՀԿ-ական պատգամավորները:
ՀԳ․ Օրվա ընթացքում լուրեր էին շրջանառվում, որ օրենքի հետ խնդիրները շատ են, եւ հնարավոր է, որ ՀՀ նախագահը չստորագրի այն։ Ավելի ուշ «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը հայտարարություն տարածեց՝ ներկայացնելով օրենքի թերությունները եւ կոչ անելով Արմեն Սարգսյանին՝ «օգտվել ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքից եւ ուղարկել նշված օրենքը Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը նրա համապատասխանությունը որոշելու նպատակով»: