Հարցազրույց

Վախկոտնե՛ր, դուք երբեք էլ արժանի չեք եղել ձեր կոչմանը

Վախկոտնե՛ր, դուք երբեք էլ արժանի չեք եղել ձեր կոչմանը

Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի ներքաղաքական հիմնական «զբաղմունքը» դարձել է Եկեղեցու դեմ պայքարը, որի վրա ծախսում է ահռելի ժամանակ ու պետական ռեսուրսներ: Ընդ որում, ակնհայտորեն, հասարակությունը նրան այդ հարցում չի պաշտպանում․ վարչական տեռորով ու պարտադրանքով հազիվ մի քանի տասնյակ մարդ են կարողանում տանել իրենց կեղծ «պատարագներին», բայց խառնակչություն է գցել երկրով մեկ, հոգեւորականներ է հանել Վեհափառի դեմ եւ այլն: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք թոշակառու ուսուցչուհի Հասմիկ Հարությունյանի հետ: 

- Նիկոլ Փաշինյանի հույսը շարունակում է մնալ հայտնի տիրադավների խումբը եւ նրանց միացած տասնյակ հոգեւոր հովիվները, որոնց տարբեր տեղեր են «գործուղում», որպեսզի պատարագներում զեղչեն Վեհափառի անունը, նրան անվանարկեն, եւ նրանց միջոցով հասնի Եկեղեցու տապալմանն ու սեփական աղանդի կյանքի կոչմանը: Ձեր կարծիքով, կհաջողվի՞ Փաշինյանին՝ հեռացնել Վեհափառին կաթողիկոսի գահից: 

- Հայ առաքելական եկեղեցին աշխարհում հնագույններից է, եթե ոչ հնագույնը։ Գոյության բազում դարերի ընթացքում այն վերածվել է համաշխարհային նշանակության հոյակերտ կոթողի, որովհետեւ շատ քիչ փոփոխության է ենթարկվել, պահպանել է իր նախաստեղծ, քրիստոնեական սկզբունքներին ավելի մոտիկ, ավելի մաքուր, օտար ազդեցություններից զերծ վիճակը։ Վերջին ժամանակներում գլոբալիզացիայի արշավանքները մարդկության ստեղծած արժեքային համակարգի դեմ դարձան ավելի ագրեսիվ, թափ հավաքեցին։ Վկա՝ համաշխարհային վերջին իրադարձությունները։ Ի դժբախտություն մեզ, մենք՝ որպես ավանդապահ երկիր, շա՜տ էինք խանգարում, ՀԱԵ-ն՝ հատկապես։ Երկրի բոլոր կարեւոր ոլորտները հիմնահատակ քանդելուց հետո միակ անսասանը ՀԱԵ-ն է՝ ուժեղ, ամուր, հավատարիմ, փորձառու եւ հաստատուն։ Այդ է պատճառը, որ Նիկոլը (իմա՝ իր տերերը) բոլոր ռեսուրսներն ուղղել է Եկեղեցին քանդելուն՝ բացահայտ, առանց քաշվելու խախտելով օրենքները, Սահմանադրությունը, զարգացնելով Արութին Զիմզիմովի՝ «խղճիս դավթարը վու՞րն է» միտքը (կարծում եմ՝ «Պեպո»-ն կարդացել է, Զիմզիմովն էլ իր իդեալն է)։ ՀԱԵ-ն կարծր է, եւ նրա արդեն քայքայված ատամները կփշրվեն։ Բոլորը հասկանում են՝ արշավը Վեհափառի դեմ չէ, այլ մեր հավատի, մեր արմատների, մեր սրբությունների դեմ է։ Չեն հաջողելու, Եկեղեցին է եղել մեր միասնության խորհրդանիշը եւ շարունակում է լինել։

- Փաշինյանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին «բարենորոգում» է այն եպիսկոպոսներով, որոնց անունները պարբերաբար հայտնվում էին մամուլի ուշադրության կենտրոնում` բացասական իմաստներով: Ի՞նչ բնութագիր կտաք նրանց, ովքեր դրժել են իրենց ուխտը եւ միացել եկեղեցաքանդ գործին: 

- Ամեն օր հայ եկեղեցու հետ ընդհանրապես կապ չունեցող մարդկանցից երբեմն-երբեմն բարձրագոչ, «սրտացավ» աղաղակներ են լսվում՝ Հայ եկեղեցին «բարենորոգելու» անհրաժեշտության մասին (ճի՞շտ եք ասում, ե՞րբ գլխի ընկաք, թե՞ գլխի գցեցին)։ Երբ հետեւում եմ վաղուց սկսված այս ազգադավ շարժմանը, պարզ երեւում է, որ բոլոր քայլերը, արտահայտությունները մանրամասն մշակված են եւ կապ չունեն այս աստվածամերժ ամբոխի հետ։ Սրանք թութակի պես կրկնում են իրենց տրված տեքստերը՝ չհասկանալով, որ ՀԱ եկեղեցին չունի՛ բովանդակային բարենորոգման կարիք։ Եկեղեցու բարենորոգմամբ իբր մտահոգ տիրադավները սկզբում այդ մասին չէին էլ գլխի ընկել, միայն պատարագների ժամանակ Ամենայն հայոց կաթողիկոսի անունը չհնչեցնելն էր գերագույն նպատակը, հետո գլխի գցեցին, եւ սրբազանների միանալով՝ նպատակն «ազնվացավ» բարենորոգում հնչեղ բառով։ Տիրադավներից լավ ո՞վ կարող է չափել նրանց գործած մեղքի ծանրությունն ու չափը։ Նրանք հասկանում են, որ մեզ կամ Վեհափառին չեն պատասխան տալու, այլ՝ Բարձրյալին, որի երդվյալ եւ օծյալ զավակներն էին մի ժամանակ։ Նրանց խեղճացած տեսքը, անհոդաբաշխ թոթովանքները՝ որպես արդարացման ելույթներ, վկայում են, որ իրենց ուրացման պատիժը նրանք երկնային Տիրոջից են սպասում։ Նիկոլի՞ց վախեցաք, թե՞ ձեր գործած մանր-մունր երկրային մեղքերից։ Վախկոտնե՛ր, դուք երբեք էլ արժանի չեք եղել ձեր կոչմանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image