Քաղաքականություն

Նիկոլը չունի այս բարդ ու խառնակ ժամանակաշրջանում ղեկավար պաշտոն զբաղեցնելու կարողություն 

Նիկոլը չունի այս բարդ ու խառնակ ժամանակաշրջանում ղեկավար պաշտոն զբաղեցնելու կարողություն 

Սեփական ցնորամիտ գաղափարները հիմնավորելու նպատակով վարչապետի պաշտոնը զբաղեցնողը հերթական անգամ դիմում է կեղծիքի: Անդրադառնալով այն կեղծ լուրերին, թե Թուրքիայի նախագահն արդեն որոշել է, թե ով պետք է լինի հայոց հերթական կաթողիկոսը, վերջինս, իր ասելով, չի զարմանում նման լուրերից: Քանի որ, շարունակում է, դարերով այդ հարցը որոշվում էր Թուրքիայում, Իրանում ու նաև Ռուսաստանում: Աչքիս, ինքը տեղյակ չէ, որ իր հիշատակած՝ Պապ թագավորի օրոք կաթողիկոսին Մեծ Հայքում ընտրելու հանգամանքը միակը չէր: 1995-ին նորանկախ պետության ղեկավարության կողմից է ընտրվել Գարեգին Ա Սարգսյան կաթողիկոսը՝ մինչ այդ ՀԱԵ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Բ: Եվ վերջապես, 1999-ին Գարեգին Բ Ներսիսյանը՝ գործող կաթողիկոսը: Ինչը նշանակում է, որ ՀԱԵ-ն կարիք չուներ, որպեսզի ասպարեզում հայտնվեր Փաշինյան Նիկոլն ու բարձրաձայներ հայոց կաթողիկոսին Հայաստանում ընտրելու կարգի հարցը: Ու ձևավորեր, իր ասած, այդպիսի ընտրություն կատարելու կուլտուրան: 

Ի դեպ, այդ համատեքստում օգտագործում է մի արտահայտություն, որ մի քանի անգամ լսելուց հետո էլ հասկանալի չդարձավ: Խնդրեմ՝ «Հոլովում (՞՞՞) են այն մարդիկ, ով էդ կուլտուրայի մեջ են»: Բացի այն, որ չի հասկացվում «հոլովում» բառի իմաստը, առկա է նաև կեղծիք, և այն տեսնում ենք ընդհանուր համատեքստից հասկացվող իմաստում: Ինչի մասին արդեն ասվեց՝ վարչապետի հիշատակած ոչ հայաստանակենտրոն կուլտուրայի մեջ եղած մարդիկ 1995-ից կատարեցին այն ընտրությունը, որ ինքն, իր ասելով, փորձում է նախաձեռնել: Եվ ի տարբերություն Փաշինյան Նիկոլի, իրենց ընտրությամբ այդ մարդիկ փորձեցին կատարել հայանպաստ մեծ գործ: Այն է՝ Կիլիկիո Գարեգին Ա -ին կաթողիկոս ընտրելով՝ փորձեցին միավորել հայոց եկեղեցու երկու ճյուղերը՝ Անթիլիասի ու Էջմիածնի կաթողիկոսությունները: Ուրիշ հարց, որ այդ գործընթացն ինչ-ինչ պատճառներով հաջողություն չունեցավ:
Ինչ մնում է թուրքական կամ ռուսական կայսրության ֆորմատով ընդունված վերջին կանոնագրքերին, ապա այդ հարցում ինքն ամբողջությամբ իր ամպլուայի (դերակատարման) մեջ է: Մեր օրերում կաթողիկոսի ընտրության կարգը ոչ մի կապ չունի թուրքական կամ ռուսական կայսրությունների հետ: Հենց միայն այն հանգամանքից ելնելով, որ 1995-ի և 1999-ի կաթողիկոսական ընտրությունների ժամանակ գործընթացին մասնակցած հոգևոր և աշխարհիկ անձանցից ոչ մեկը չէր փորձում ստանալ ռուսական «դաբրո»-ն կամ թուրքական «օնայ վարմեկ»-ը (թարգմանությունը Գուգլի ԱԲ-ի): Ինչ մնում է Հայաստանի ղեկավարի (Փաշինյանի)՝ Թուրքիայի ղեկավարից թույլտվություն ստանալուն, ապա միայն նիկոլականը և կամ կույրն ու խուլը չեն տեսնի ու լսի, որ այն ամեն հակահայկականը, ինչ կատարվում է առնվազն 2020-ից այս կողմ Հայաստանում, ուղղորդված է Թուրքիայի ղեկավարի կամ նրա կրտսեր եղբայր Իլհամի կողմից:

Ու հենց այդտեղ է դրսևորվում ծայրագավառային այն մտածողությունը, որի կրողը լինելու մեջ վարչապետի աթոռից կառչած անձը մեղադրում է նախկիններին՝  սակայն, առանց կոնկրետացնելու հասցեատերերին: Եվ ուրիշներին մեղադրելով հայրենիքի և պետության միասնության բացակայության առումով՝ չի տեսնում սեփական աչքերում առկա գերանը: Որովհետև միայն հակահայաստանյան մտածողությամբ մարդը կրծքին կսեղմեր Թուրքիայի նախագահի հեղինակած գիրքը ու այդ տեսքով կնկարվեր այդ անձի հետ միասին: Նույնիսկ խորհրդային տարիներին ես չեմ հիշում որևէ հայ ղեկավարի, ով նման նկար ունենար: Այսինքն կրծքին սեղմած ունենալով ԽՍՀՄ որևէ «генсек»-ի (գլխավոր քարտուղարի) գիրքը՝ նկարվեր նրա հետ: Առնվազն գոնե նախորդ դարի 70-ական թվականներից այս կողմ:  

Այնպես որ, ուրիշներին անընդհատ մեղադրող և նրանց մեջ պետական մտածողություն սերմանել փորձող անձը պետք է դա նախ սերմանի իր մեջ: Իսկ որպեսզի դա անի՝ պետք է գիտակցի, որ ինքը չունի այն մտածողությունը, որ ուրիշներից է պահանջում: Եվ, ընդհանրապես, պետք է գիտակցի, որ ինքը չունի այն կարողությունները, որ այս բարդ ու խառնակ ժամանակաշրջանում զբաղեցնի մեր պետության ղեկավարի պաշտոնը: Եթե, իհարկե, վերացարկվենք իր վերաբերյալ օդում և ցամաքում շրջանառվող բազմաթիվ լուրերից:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image