Մշակույթ

ՔՊ-ին չհարելու համար դպրոցի տնօրենին աշխատանքից ազատում են

ՔՊ-ին չհարելու համար դպրոցի տնօրենին աշխատանքից ազատում են

Արագածոտնի մարզի Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում առավոտից դասադուլ ու գործադուլ է։ Ոտքի կանգնած աշակերտներն ու ուսուցիչները պահանջում են, որպեսզի մարզպետարանը չեղարկի տնօրեն Լուսինե Մկրտչյանին ուղարկված նկատողությունը, որն ըստ էության արվել է՝ աշխատանքից ազատելու նկատառումներով։ Մեզ հետ զրույցում դպրոցի ուսուցիչներից մեկը նշեց, որ ներքին կարգով գիտեն՝ մարզպետարանն ուզում է աշխատանքից ազատել տնօրենին, իսկ այս դիտավորությունը նկատում են դեռ հունվար ամսից սկսած․

«Այդ հիմքով սուրբ Զատիկի օրը՝ հունվարին, երբ ողջ գյուղում հոսանք չի եղել, դպրոցում էլ՝ ջեռուցում, աշխատակիցներն էլ դպրոցում չեն եղել, մարզպետարանից դիտավորյալ այց են կատարել դպրոց եւ արձանագրել, որ աշխատակիցներ չկան, այդ հիմքով տնօրենին նկատողություն են տվել։ Չենք բողոքարկել, որովհետեւ մտածել ենք՝ չսրել իրավիճակը եւ ընդունել ենք մեր մեղավորությունը, որ նույնիսկ այդ դեպքում մի քանի աշխատակից պետք է լինեին դպրոցում։ Սակայն, այս անգամ նույն՝ դպրոցում չլինելու հիմքով նկատողություն են տվել տնօրենին»,- պատմում է զրուցակիցս ու նկատում, որ երկուշաբթի օրը 16.45-ին, երբ տնօրենը գնացել է տնայցի, քանի որ վերջին զանգի փորձի ժամանակ աշակերտներից մեկը վնասել է ոտքը, օգտվելով այդ առիթից մարզպետարանի մի խումբ աշխատակիցներ այց են կազմակերպել դպրոց, արդյունքում՝ էլի նույն հիմքով տնօրենին նկատողություն են հայտարարել։ «2-րդ նկատողությունն ուղարկվել է նախորդ օրը, գիշերը 21.05-ին, այսինքն մարզպետարանում արտաժամյա են աշխատում, տեսնես արտաժամյա վճարվե՞լ են աշխատող տնօրենին նկատողություն տալու համար»։  

Ուսուցիչներն այս ամենում դիտավորություն են տեսնում, ավելին՝ խոսակցություններ են շրջանառվում, որ այս կերպ մարզպետարանը գործող տնօրենի ազատման հրաման է նախապատրաստում։ Թե ո՞րն է մարզպետարանի դիտավորությունն ու շահագրգռվածությունը, դպրոցից վստահեցնում են, որ պայմանավորված է քաղաքական նկատառումներով․ «Ուղղակի ՔՊ չի, իրանց չի հարում, անկուսակցական է եւ դպրոցում ընդամենը իր ծառայությունն է կատարում, կուսակցական ոչ մի գործունեություն չի ծավալում, ինչը իրենց դուր չի գալիս։ 7 տարի է պաշտոնավորում է որպես տնօրեն, եւ այս ընթացքում ոչ մի կոնֆլիկտ չի ունեցել թե դպրոցի ներսում, թե դրանից դուրս»։ 

Ուսուցիչները, աշակերտները, ծնողները ոտքի են կանգնել ի պաշտպանություն տնօրենի։ Մինչ այս պահը մարզպետարանից ոչ մի արձագանք չկա։ Ասում են՝ դասադուլն ու գործադուլը շարունակվելու են այնքան ժամանակ, մինչեւ տնօրենի նկատմամբ՝ «քաղաքական նկատառումներով, անօրինական հիմքով նկատողությունը մարզպետը չեղյալ համարի»։ Մեզ փոխանցեցին, որ տնօրենը չի միջամտել եւ որեւէ առնչություն չունի դասադուլի կամ գործադուլի հետ, ողջ նախաձեռնությունը ուսուցիչներին ու ծնողներին է պատկանում։  

Ինչպես նկատում է զրուցակիցս, քանի որ մարզպետարանում գերակշռող մեծամասնությունը ՔՊ-ից է, ուստի տնօրենի հանդեպ այս հետապնդումներն էլ պայմանավորված են նրանով, որ մարզպետարանը դպրոցում ունի իր թեկնածուն, որին ուզում է տնօրեն նշանակել, հենց դրա համար էլ ամեն ջանք գործադրում է ընտրված տնօրենին հեռացնելու համար։ Այնինչ ներկայիս տնօրենը դեռ 2 տարի ունի մինչ իր պաշտոնավարման ավարտը։

Արագածոտնի մարզպետարանից մեզ խոստացան գրավոր պատասխանել, ինչը ստանալուն պես՝ կհրպարակենք։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image