Երբ դեռ նախընտրական արշավը նոր-նոր էր սկսվում, մտերիմներիցս մեկի հետ այդ թեմայով կարճ խոսակցություն ունեցա։ Մտերիմս, որ Հայաստանում գործող լրագրող է, ասաց․ «Կտեսնես, Նիկոլ Փաշինյանը հաղթելու է։ Խնդիրը ոչ այնքան իշխանափոխության մեջ է, որքան խորհրդարանում ներկայացված ընդդիմության։ Մեծ հաշվով՝ ընդդիմադիր դաշտը նույնիսկ անկեղծորեն հետաքրքրված էլ չէ, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա։ Կարեւորը՝ խորհրդարանական կամ, ինչպես ասում ենք մեր հոդվածներում՝ տիտղոսակիր ընդդիմության մեջ թարմացում լինի։ Կտեսնես, վերջում ամեն բան կհանդարտվի` ե՛ւ գայլերը կուշտ կլինեն, ե՛ւ ոչխարները։ Իսկ որոտընդոստ հայրենասիրական-ազգասիրական պայքարն էլ ի վերջո կվերածվի շարքային մանդատակռվի, ինչպես դու ես սիրում ասել, թե ցանկացած սիրամարգի փառահեղ պոչի հետեւում ամենահասարակ հավի հետույք է»։
Շատ քիչ դեպքերում է, որ մասնավոր զրույցները մեջբերում եմ այս ֆորմատով։ Այս անգամ որոշեցի մեջբերել, որովհետեւ իրավիճակը գոնե իմ «ծուռ հայացքով» ու գնահատմամբ՝ շատ նման է մտերիմիս՝ ամիսներ առաջ տված գնահատականին։ Եթե անկեղծ լինենք, հասկանալի էր, որ կենաց-մահու պայքարի վերածված ընտրական գործընթացում Նիկոլ Փաշինյանն ամեն բան գործադրելու է, իր տիրապետած գործիքակազմը լիարժեք օգտագործելու է, որպեսզի պահպանի իշխանությունն առաջիկա հինգ տարիների ընթացքում։ Միայն կամովին հեռանալու ցանկություն ունենալու դեպքում տիրապետած ռեսուրսներդ կխնայես, կթողնես, որ դեմոկրատական, ազատ ու թափանցիկ ընտրություններ լինեն` հավասար մրցակցության պայմաններում, այսինքն` ինչ-որ բան բաց կթողնես, որ իրադարձություններն ինքնահոսով զարգանան, եւ եթե պարտվես, ապա պատվով կհեռանաս ու կփակես քաղաքական կենսագրության այդ էջը։
Բացի այդ, գուցե շատերն ինձ հետ համաձայն չլինեն, սակայն կա նաեւ արտաքին գործոնը։ Միջազգային նախագիծ է կյանքի կոչվելու՝ «Թրամփի ուղու» տեսքով։ Հարավային Կովկասում որոշակի վերադասավորումների փուլ է։ Ռուսաստանն էլ կարծես թե վերագնահատում է իր առաջնահերթությունները։ Իհարկե, չի նշանակում, թե հրաժարվում է Հարավային Կովկասից։ Ինչպես Բիսմարկն է ժամանակին ասել՝ «այնտեղ, ուր մտավ ռուս զինվորի սապոգը, էլ դուրս չի գա»։ Ու այս պայմաններում Փաշինյանը հստակ հանձնառություններ ստանձնած անձ է։ Իսկ հանձնառություն ստանձնած անձի փոփոխությունը սովորաբար բավական ռիսկային է լինում, եւ, բացի այդ, ռեգիոնում շահեր ունեցող «մեծ խաղացողներն» էլ դա թույլ կտան միայն այն դեպքում, եթե, պայմանական ասած՝ փոխարինելու եկողը լինի ավելի լավ հանձնառություններ կատարող, քան նախորդը։ Հայաստանում գործող ընդդիմությունն այդպես էլ չկարողացավ այդ առումով գրավել «դրսի «մեծ խաղացողների» ուշադրությունը», չկարողացավ իրեն բրենդավորել որպես «ավելի հարմար փոխարինող», ու նաեւ դրա պատճառով է, որ Հայաստանում իշխանություն չփոխվեց։ Գուցե նաեւ չուզեց։ Դա էլ չեմ բացառում։ Ամեն մարդ չէ, որ պատրաստ է շարունակել մի պրոցես, որի համար կարող է հայտնվել պատմության անողորմ դատաստանի կամ «քավարանի կրակների մեջ»։