Վրաստանի հայ գործիչ, բժիշկ Գուրգեն Մխիթարյանը «Հրապարակին» տեղեկացրեց, որ երեկր աննախադեպ բան է տեղի ունեցել հայ-վրացական սահմանին՝ ազգությամբ չորս հայ վրաստանաբնակ տղամարդու Բագրատաշենի անցակետի հայ սահմանապահները թույլ չեն տվել հատել սահմանը եւ մտնել Հայաստան:
«Նման բան ես երբեք չեմ լսել, որ հային թույլ չտան մտնել Հայաստան: Ինձ առաջարկում էին իրենց հետ գնալ, սակայն ոտքիս վնասվածքի պատճառով չէի կարող, ուստի հրաժարվեցի։ Երեք ժամ հետո զանգում են, որ հետ ենք դառնում, որովհետև հայ սահմանապահները մերժել են մեր մուտքը Հայաստան: Վրաստանի քաղաքացի հանդիսացող ազգությամբ հայերը միշտ անխոչընդոտ մտել են Հայաստան, սակայն այսօր սահմանապահները հարցրել են՝ ո՞ւր եք գնում, ինչի՞ եք գնում, բարեկամ ունե՞ք, որ գնում եք, երբ վերջիններս ասել են, որ բարեկամ չունենք, ուղղակի այցելություն է, սահմանապահները նրանց հետ են ուղարկել։ Ասել են՝ հետ գնացեք, Հայաստանում հիմա անհանգիստ ժամանակներ են, հետ գնացեք Վրաստան»,-պատմեց Մխիթարյանը։
Վրաստանի քաղաքացի, ազգությամբ հայ երկու անձլ սահմանն անցել են Բավրայի անցակետով ու հասնել Մայր Աթոռ՝ Վեհափառին ու Մայր Աթոռին իրենց աջակցությունը հայտնելու: Մխիթարյանը նշում է, որ ամենայն հավանականությամբ, հատուկ հրահանգվել է` հայերի մուտքը Վրաստանից արգելել, որպեսզի գոնե մեկ հոգի ավել մարդ չգա` Վեհափառին ու Հայ առաքելական սուրբ եկեղեցուն աջակցությունը ցույց տալու: