Մշակույթ

Ինչ է տալու եւ ինչ է արժենալու ազգային ստադիոնի կառուցումն ակադեմիական քաղաքում

Ինչ է տալու եւ ինչ է արժենալու ազգային ստադիոնի կառուցումն ակադեմիական քաղաքում

Օրեր առաջ Մատենադարանում ներկայացվեց ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի վերջնական տարբերակը։

Այն մշակել է գերմանական «Ջի Էմ Փի ինթերնեյշնլ Ջի Էմ Բի Էյջ արքիթեքթս ընդ էնջինիերս» (gmp International GmbH Architects and Engineers) ընկերությունը: Նախագծող ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը, ներկայացնելով հատակագիծը, նշել էր, որ ակադեմիական քաղաքում տեղակայվելու են նաեւ մշակութային, սպորտային հաստատություններ, առեւտրի կենտրոն եւ հանրային նշանակության այլ կառույցներ։ Նրա խոսքով՝ ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը պաշտոնապես կհաստատվի հաջորդ տարվա վերջին, որից հետո կմեկնարկի արդեն իրականացման փուլը: Առաջին փուլում ակադեմիական քաղաքում կտեղակայվեն հանրային նշանակության կառույցները՝ մարզադաշտը, համերգասրահը, հանրային գրադարանը եւ այլն: Քաղաքում պլանավորվում է կառուցել ազգային ստադիոն, որը կլինի բազմաֆունկցիոնալ թատրոն-կինոթատրոն-համերգասրահ՝ մինչեւ 35 հազար հանդիսատեսի համար:

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանից հետաքրքրվեցինք, թե ինչ է նշանակում բազմաֆունկցիոնալ ազգային ստադիոն, մեր ստադիոնները, մարզահամերգային համալիրը չե՞ն բավականացնում, որ նոր ստադիոն կառուցելու խնդիր է դրվում։ ՀՀ մարզադաշտերը եւ Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն ամեն օր զբաղվա՞ծ են սպորտային եւ մշակութային իրադարձություններով, որ նոր ստադիոն կառուցելու անհրաժեշտություն է առաջանում։ «Քանի որ հարցը քննարկման փուլում է դեռ, ամբողջական պատկերին տեղյակ չեմ, միայն գիտեմ, որ մենք մոտավորապես 35-40 հազար հանդիսականի համար նախատեսված ստադիոն ենք կառուցելու։ Հետո՝ հիմա աշխարհում ընդունված են բազմաֆունկցիոնալ ստադիոնները, որ ծախսերն ավելի մատչելի լինեն»։

Ինչ վերաբերում է մեր մարզադաշտերին, ապա․ «Մեր Հանրապետական ստադիոնն այսօր 4-րդ կարգի չէ, դա միակ ստադիոնն է, որ հավաքականը կարող է խաղեր անցկացնել, իսկ «Հրազդան» ստադիոնն այս պահին նախ վթարային է, հետո՝ դաշտի, աթոռների խնդիր կա, նաեւ յարուսի լինել-չլինելու խնդիր ունենք, եւ, ի վերջո, անհատի է պատկանում։ Այդտեղ էլ որոշակի իրավական խնդիրներ կան, այսինքն՝ այդ ստադիոնը մեր բալանսի վրա չէ, թեպետ ասեմ, որ սեփականատիրոջ հետ քննարկումների մեջ ենք, որ Ֆրանկոֆոնիայի խաղերի ժամանակ այդ ստադիոնն օգտագործվի»։

Հնարավոր չէ՞ նույն՝ Հանրապետական ստադիոնի վիճակը բարելավել ու դարձնել 4-րդ կարգի։ «Չի լինում, դա անհնար է, որովհետեւ ավելի հեշտ է զրոյից կառուցել, քան ենթադրել, որ կարելի է այդտեղ ավելացնել աթոռներ, ինքն ընդամենը 15 հազարանոց ստադիոն է։ Իսկ գիտե՞ք ինչու՝ 35-40 հազարանոց ստադիոն պետք է կառուցվի, որպեսզի այդտեղ իսկապես կարողանանք մեծ մրցումներ անցկացնել, օրինակ՝ Եվրոպայի լիգայի եզրափակչի համար նվազագույն թիվը, որ պետք է լինի ստադիոնի դեպքում, դա 32 հազարն է, դրանից փոքր ստադիոնում չի թույլատրվում այդպիսի մասշտաբի խաղ անցկացնել, իսկ մենք ուզում ենք նաեւ այդպիսի խաղեր բերել»։          

35-40 հազար հանդիսականի համար նախատեսված ազգային ստադիոնի կառուցման համար առնվազն մի քանի տարի կպահանջվի, մեր պետությունն այս պահին ունի՞ այդ ռեսուրսները։ «Կան ներդրողներ, թե որտեղից են՝ չեմ կարող ասել, որովհետեւ դա Ֆուտբոլի ֆեդերացիայի ծրագիրն է։ Հետո՝ ամեն ինչը դեռ քննարկման, նախագծային փուլում է, եւ չենք անցել մասնագիտական փուլ»,- ասում է ԿԳՄՍ փոխնախարարն ու ընդգծում, որ մինչեւ 2029-ը եւս 2 մարզադաշտ պետք է կառուցվի, ինչը պայմանավորված է նրանով, որ Հայաստանը Վրաստանի հետ հայտ է ներկայացնելու 2029թ․ ֆուտբոլի աշխարհի երիտասարդների առաջնության համար, դրա համար 2 հատ էլ 10 հազարանոց ստադիոն պետք է ունենա Հայաստանը, բացի Ազգային ստադիոնից։

«Մինչեւ 2029-ը պետք է դրանք կառուցվեն, մեկը Վանաձորի ստադիոնն է, որն այս պահին 3 հազար 200 աթոռ ունի, բայց դարձնելու ենք 10 հազար։ Մի հատ էլ Իջեւանում ենք սարքելու՝ 10-հազարանոց։ Ինչու Վանաձոր եւ Իջեւան, որ լոգիստիկ առումով Վրաստանին մոտիկ լինի, եւ թիմերը կարողանան տրանսպորտով արագ տեղաշարժվել ու հանդիպումներն անցկացնել այդ ստադիոններում»։

Որտեղի՞ց է պետությունը գումարներ հայթայթելու՝ մինչեւ 2029-ը 3 ստադիոն կառուցելու համար։ «Դե, 35-40 հազար տեղանոցի համար ներդրողներն ու հովանավորներն են անելու»։ Դրսի՞ց են այդ ներդրոդները։ «Դրսից են, բայց ավելի կոնկրետ չգիտեմ, հետո՝ հիմա այն փուլը չէ, որ դրան անցնենք։ Ֆուտբոլի ֆեդերացիան ասել է՝ մենք ներդրող ունենք»։
Թե քանի միլիոնի ծախս է ենթադրելու ազգային ստադիոնի կառուցումը, Կ․ Գիլոյանը դժվարանում է ասել։ «Մոտավորապես ասեմ, օրինակ՝ 4-րդ կարգի ստադիոն կառուցելու համար մի աթոռը մոտ հազար դոլարից մինչեւ 3 հազար դոլար ծախս է ենթադրում, հիմա նվազագույնը 35 մլն դոլար կարժենա»։            

Նման մեծամասշտաբ պրոյեկտների դեպքում պետք է նաեւ տեղանքի ընտրության հարցում մի շարք հետազոտություններ արվեն՝ երկրաբանություն, կլիմայաբանություն, ջրաբանություն, պարզել տեղանքի ռելիեֆի տեսքը, քանի որ ամեն ինչ չէ, որ կարող է լինել բարեհաջող՝ երկրաբանական առումով, եւ հնարավոր է ստորգետնյա ջրեր լինեն եւ այլ խնդիրներ։ Արվե՞լ են նման հետազոտություններ։ «Վստահեցնում եմ, որ արվել են, միայն ընդերքը, հողը չէ, նաեւ քամիները պետք է հաշվի առնել, ստադիոն կառուցելու դեպքում դա էլ է շատ կարեւոր, գերմանացիներն են ծրագիր ներկայացրել»,- վստահեցնում է Գիլոյանը, ով, սակայն, ի պաշտոնե՝ որպես սպորտի ոլորտը համակարգող փոխնախարար, չի մասնակցում ակադեմիական քաղաքի հայեցակարգի մշակման աշխատանքներին․ «Այս պահին դա իմ դաշտից դուրս է եւ դեռ «ակադեմիական քաղաք» կոնցեպտի մեջ է, երբ այդ կոնցեպտը վերջնական հաստատվի, հարցը գա սպորտայինին, մենք արդեն կներգրավվենք շատ ավելի մասնագիտորեն եւ մանրամասն»։   
Բացի այդ, Երեւանի գլխավոր հատակագծում պետք է նախատեսված լինի նաեւ ակադեմիական քաղաքի ստեղծումը, որը չկա, քանի որ այս պահին, որպես այդպիսին, նաեւ Երեւանի գլխավոր հատակագիծ չկա։ «Այս հարցին չեմ կարող պատասխանել, ինձ սպորտային հարցեր տվեք»,- խնդրում է Կ․ Գիլոյանը։

Տեղյա՞կ է արդյոք՝ ֆիզկուլտինստիտուտը, օրինակ, ակադեմիական քաղաք տեղափոխվելո՞ւ է, թե՞ ոչ։ «Անկեղծ՝ չգիտեմ, ֆիզկուլտինստիտուտը տեղափոխվելո՞ւ է, թե՞ ոչ, դեռ որոշված չէ»։ Այդ դեպքում առնվազն տրամաբանական չէ, թե որքանով է արդարացված մարզային ենթակառուցվածքների կառուցումը ակադեմիական քաղաքում։ Քանի որ նախագծման ընթացքում մինչեւ պարզ չլինի, թե որ բուհերը եւ ինչքան ուսանող պետք է տեղափոխվեն ակադեմիական քաղաք, ըստ էության, ամբողջական նախագիծ էլ հնարավոր չէ մշակել։ Բացի այդ, գլխավոր հատակագծում բուհական համակարգն ակադեմիական քաղաք տեղափոխելու հանգամանքը պետք է հաշվարկված լինի ու մի շարք ասպեկտներով՝ ժողովրդագրական, կրթական, սոցիալական տեսանկյունից հիմնավորված լինի՝ իր բոլոր առավելություններով, որը, սակայն, արվել է, թե ոչ՝ պարզ չէ։ 
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image