Հասարակություն

Թիրախում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է

Թիրախում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է

Հաշվեքննիչ պալատն ուսումնասիրություն է իրականացրել դպրոցներում սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման վարկային և դրամաշնորհային ծրագրերի ծախսման ուղղությամբ եւ խախտումներ է հայտնաբերել։ Դատախազությունն էլ իր հերթին է ուսումնասիրել եզրակացությունը և գտել, որ տարբեր դրվագներով 173 մլն 965 հազար 534 դրամ վնաս է պատճառվել դպրոցներին:

Դրամաշնորհային ծրագիրն իրականացրել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը՝ նախկինում սոցիալական ներդրումների հիմնադրամ, Ասիական զարգացման բանկի տրամադրած գումարներով։ Այս հիմնադրամը 90-ականներից սկսած բազմաթիվ շինարարական ծրագրեր է իրականացրել Հայաստանի տարբեր մարզերում, դպրոցներ, մանկապարտեզներ, ջրագծեր, ճանապարհներ եւ այլն։ Հաշվեքննիչը պարզել է, որ 2017-2019 թվականներին 300 փորձագետներ՝ պայմանագրերը կնքելու պահին և դրանց կատարման ընթացքում համապատասխան ընկերությունների աշխատողներ չեն եղել և Տարածքային զարգացման հիմնադրամին ներկայացրել են կեղծ տեղեկություններ, հիմնադրամի աշխատակիցներն էլ չեն ստուգել դրանք, այդ անձնանց վճարելով ընդհանուր առմամբ 125 մլն 872 հազար 104  դրամ: Այսինքն, չգրանցված աշխատողներ են եղել՝ դրանից բխող հետեւանքներով։

Թերի է եղել նաև պայմանագրերի կնքման և կատարման հսկողությունը։ Փաստացի ծառայություններ չմատուցած որոշ փորձագետներ Հիմնադրամի կողմից ստացել են 10 մլն 809 հազար 130 դրամ: Իսկ Հիմնադրամի պաշտոնատար անձինք նույն ծառայությունը կատարելու համար լիցենզիա չունեցող «վստահված» անձանց հետ են պայմանագրեր կնքել, հափշտակելով 37 մլն 284 հազար 300 դրամ։ Սա որակվում է որպես առանձնապես խոշոր չափերի հափշտակություն և վատնում։ 

Հակակոռուպցիոն կոմիտեն հունվարի 27-ին գործ է հարուցել միաժամանակ երեք հոդվածներով՝ հանցավորին վստահված՝ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը, պաշտոնատար անձի կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը:

Մենք փորձեցինք կապվել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի նախկին տնօրեն Աշոտ Կիրակոսյանի հետ, որը ղեկավարել է այս հաստատությունը 90-ականներից եւ մասնավորապես՝ քննության առարկա շրջանում՝ 2017-2019 թվականներին։ Սակայն տեղեկացանք, որ նա տեւական ժամանակ է գտնվում է ԱՄՆ-ում, ուստի անհասանելի էր։

Հիմնադրամի մամուլի պատասխանատուն էլ մեզ հորդորեց գրավոր հարցում ուղարկել, նշելով, որ խախտումները ներքին օղակներում տեղի ունեցած թյուրիմացությունների արդյունք են, որոնք կապ չունեն տնօրենի հետ։ 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image