Քաղաքականություն

«Հրապարակ». Ով ասել է, թող նա էլ ներողություն խնդրի

«Հրապարակ». Ով ասել է, թող նա էլ ներողություն խնդրի

Մոտ մեկ ամիս առաջ, երբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Կիրանցում էր, իսկ Նիկոլ Փաշինյանն այն դեռեւս չէր բնութագրել որպես կղերաֆեոդալական, ՔՊ-ականներն ու նրանց կողմից ֆինանսավորվող քարոզիչներն առաջ էին տանում այն կեղծ վարկածը, թե իբր սրբազանը «ռսի շպիոն» է ու ֆինանսավորվում է Ռուսաստանից՝ Ադրբեջանի հետ պատերազմ հրահրելու համար։ Այդ գործին մասնավորապես ամենաակտիվը լծվել էր ՔՊ-ի ենթակայությամբ գործող civic․am կայքի աշխատակից Դավիթ Լեւոնյանը։

Նա ուղիղ միացումներով պարբերաբար սրբազանին արատավորող հայտարարություններ էր անում, թե Տավուշի մարզի արժույթի փոխանակման կետերում վերջին շրջանում ռուսական ռուբլին ամենաշատն են ստացել, ուստի Բագրատ սրբազանը ռուսական հատուկ ծառայությունների գործակալ է։ ՔՊ-ի պաշտոնական կայքի աշխատողի այս հայտարարությունների վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայությունը, պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցմանը, ստիպված եղավ հայտարարություն տարածել․ «ԱԱԾ-ն մեկ ամիս ուսումնասիրել է Լեւոնյանի հրապարակումները եւ սոցցանցերում նրա հայտարարությունները։ Այդ հրապարակումների առնչությամբ որեւէ ապացույց չի հայտնաբերվել»։ ԱԱԾ-ն միեւնույն ժամանակ հայտնել էր, որ քրեական վարույթ չի նախաձեռնվել նաեւ civic․am կայքի աշխատակցի կողմից սուտ մատնության փաստի առթիվ։

ԱԱԾ-ի այս հայտարարությանն օրերս անդրադարձավ նաեւ Բագրատ սրբազանը՝ հանրահավաքներից մեկի ժամանակ․ «ԱԱԾ-ն հայտարարել է, որ ես գործակալ չեմ ու միլիոններ չեմ ստանում։ Բա հիմա սրա պատասխանն ո՞վ է տալու։ Ամիսներով մեր հասցեին ինչ ասես՝ չեն ասել, անվանական ինձ են ասել՝ է՛լ լրագրողներ, է՛լ խորհրդարանում գտնվողներ: Մեր երկրում անպատասխանատու մարդիկ չպետք է լինեն, ես հետամուտ եմ լինելու, որ բոլոր զրպարտողները դատարանում պատասխան տան… Իրենք գործակալ լինելով՝ թող հայելի պահեն իրենց առաջ, ոչ թե ուրիշներին մեղադրեն»։

Թեմայի առնչությամբ զրուցեցինք ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ. «Բա էդպես ո՞նց կլինի, Ձեր թիմակիցներն ու նրանց աշխատողները մարդու հասցեին զրպարտություն են տարածում, մի հատ ներողություն էլ չեն խնդրում»։ Ասլանյանը մի պահ լռեց, ապա ասաց՝ «ցտեսություն»։ Ինչո՞ւ մեր հարցերին չեք պատասխանում՝ հարցրինք Ասլանյանին: «Դու իրենց հարցրու, ինձ ինչո՞ւ ես հարցնում»,- ասաց նա։ Դիտարկմանը, որ civic-ն իրենց կուսակցության ենթակայության տակ է գործում, եւ փաստացի այդ զրպարտությունը նաեւ իր կուսակիցներն են տարածել` բազում գրառումներ անելով այդ թեմայով, ու խոսքը քաղաքական պատասխանատվության մասին է, Հակոբ Ասլանյանն արձագանքեց․ «Ո՞վ ասել է` Դուք իրեն հարցրեք։ Ես ուրիշների ասածները քոմենթներ չեմ անում»։ Իսկ ի՞նչ է կարծում՝ բարոյապես ճի՞շտ է, որ երբ մեկին զրպարտում ես, ապա դրա համար առնվազն պիտի ներողություն խնդրես։ Ասլանյանը կրկին խուսանավեց․ «Ես իմ ասածների համար եմ պատասխան տալիս, ցտեսություն»։ Այլ կերպ ասած՝ ՔՊ-ի կողմից տարածված ստի ողջ պատասխանատվությունը նույն ՔՊ-ականները գցում են civic․am կայքի աշխատակիցների ուսերին, որոնք երբեմն ավելի շատ են ընդդիմության դեմ պայքարում, քան իրենք` ՔՊ-ականները։

Լրահոս

Ամենաընթերցված

Շատ կարեւոր հաշիվը

Շատ կարեւոր հաշիվը

Հաշվե՞լ եք, թե որքան մարդ է մտահոգ գյուղմթերքի արտահանման սահմանափակումների հետեւանքով առաջացող խնդի...

×
Gallery Image