«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն այն քաղաքական գործիչներից էր, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք բացահայտեց, թե ինչպես 1999թ․ հոկտեմբերի 27-ից առաջ, որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբերակ, քննարկվել է նաեւ ամերիկացի քաղաքագետ Փոլ Գոբլի՝ Մեղրին Լաչինով փոխանակելու տարբերակը։
Ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր, հասարակական-քաղաքական շրջանակներում քննարկվում է այն վարկածը, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը կազմակերպվել էր ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի եւ վարչապետ Վազգեն Սարգսյանի՝ Մեղրիի տարբերակին դեմ լինելու պատճառով։
Աշոտ Մանուչարյանից հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ է իրատեսական այսօր իրավապահ մարմիններին Հոկտեմբերի 27-ի գործի բացահայտման պահանջ ներկայացնելը։
«Ես չգիտեմ, թե ում համար ինչն է իրատեսական, բայց Հայաստանից բացի գոյություն ունի աշխարհ։ Աշխարհը Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը, Սումգայիթը եւ շատ ուրիշ բաներ է բացահայտելու։ Ինչպիսի՞ վիճակում է լինելու այն ժամանակ Հայաստանը։ Նա լինելու է այն օղակը, որը նույնպես մասնակցելու է այդ մեխանիզմների բացահայտմանը, որպեսզի հեռացող աշխարհն այլեւս չկրկնվի։ Եվ եթե Հայաստանն ունենա այդ դիրքը, ապա մեզ հետ կշարունակեն համագործակցել։
Հասարակական դաշտում բավականին շատ են ներկայացված այն անձինք եւ խմբերը, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի այդ հարցերը չարծարծվեն, լռեն ու մոռանան դրանց մասին։ Իսկ հնարավո՞ր է այդ ամենը մոռանալ։ Դա հիմա բացահայտում են, որ այլեւս չկրկնվի։ Այդ խմբերը, եթե շարունակեն գործել, ապա նրանք ջախջախվելու են բացահայտման հետ միասին։ Նրանք կարող են հայտնվել նույն բանտերում, ինչ՝ այդ հանցագործությունները կատարողները»,- նշեց Աշոտ Մանուչարյանը։