Հարցազրույց

«Հրապարակ». Փաշինյանը պանիկայի մեջ է՝ հասկանում է, որ մեկ տարի հետո հավանական է, որ պարտվի

«Հրապարակ». Փաշինյանը պանիկայի մեջ է՝ հասկանում է, որ մեկ տարի հետո հավանական է, որ պարտվի

Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի սկսած արշավը հասարակությունը բաժանել է երկու հատվածի՝ Նիկոլ Փաշինյանին սատարող փոքրաթիվ հատված, որն առաջնորդի հետեւից պատրաստ է տրորել ցանկացած սրբություն եւ հրաժարվել հայրենիքից ու հավատքից, եւ Վեհափառի, Եկեղեցու շուրջ համախմբված մեծամասնություն, որը հասկանում է, որ մեր հավատքի, մեր արժեքների, մեր պատմության դեմ ցանկացած ոտնձգություն խարխլում է մեր երկիրը, վտանգում մեր անվտանգությունը, հարվածի տակ դնում մեր պետությունը: «Հրապարակը» ՀՅԴ բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի հետ զրուցել է Եկեղեցու շուրջ ծավալված իրադարձությունների մասին:

- Հայ առաքելական Եկեղեցու, Վեհափառի դեմ Փաշինյանի նախաձեռնած արշավի նպատակը ո՞րն է:

- Նա ուզում է իր ձեռքը դնել բոլոր լծակների վրա, չմոռանանք, որ մեկ տարի հետո ընտրություններ պիտի լինեն, եւ ինքն էլ, անշուշտ, հանգիստ չէ, գիտի, որ կարող է պարտվել, եւ շատ հավանական է, որ կպարտվի: Ինքն ուզում է իր ձեռքը վերցնել նաեւ այն լծակները, որոնք իր ձեռքին չեն այժմ: Եկեղեցին մի լծակ է, որի վրա ինքն ուզում է վերահսկողություն ունենալ: Նիկոլ Փաշինյանը չհասկացավ, որ ժողովրդավար երկրներում տարբերություն կա պետության եւ Եկեղեցու միջեւ: Այսինքն, պետությունը չի կարող իշխել Եկեղեցու վրա, Եկեղեցին էլ չի կարող իշխել պետության վրա: Տարբեր իշխանություններ են եւ իրենց անկախությունն ունեն, սակայն Փաշինյանը չի ուզում ընդունել սա եւ ցանկանում է անձամբ կարգավորել եւ իր վերահսկողության տակ վերցնել Եկեղեցին, ինչպես կոնտրոլի տակ դրեց Հայաստանի ժողովրդին, ինչպես ուզեց կոնտրոլի տակ դնել հայկական սփյուռքը, բայց չհաջողեց: Այս մարդն ուզում է բռնատիրական քաղաքականություն հաստատել Հայաստանի մեջ եւ հույս ունի, որ Հայաստանի ժողովուրդը պիտի չիմանա, որ ինքը բռնատիրական իշխանություն է ուզում պարտադրել հայ ազգին:

- Ի՞նչ վտանգավոր նախադեպ է ստեղծում այս արշավը, արդյո՞ք հայ Եկեղեցու եւ ազգի միջեւ անդունդն ավելի չի մեծանա:

- Ոչ։ Կարծում եմ, որ ինքը նպատակ ունի տկարացնել հայկական կողմը: Միշտ ասել եմ սա, երբ որ ինքը փորձում է բաժանել սփյուռքը, տկարացնել սփյուռքը։ Երբ բաժանում է հայ ժողովրդին սեւերի ու սպիտակների, ժողովրդի ու էլիտայի, դրսի ու ներսի հայերի, հայաստանցիների ու արցախցիների բաժանելով՝ նա մեզ տկարացնում է։ Երբ հայտարարել է, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին, նա տկարացնում է հայկական կողմը, երբ Տավուշի չորս գյուղերը փոխանցեց Ադրբեջանին: Տկարացնում է հայկական կողմը, երբ անպայման ուզում է խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ, երբ Ադրբեջանն ուզում է շարունակել պատերազմը եւ հենց Ադրբեջանը խաղաղության բացարձակապես պատրաստ չէ: Բայց արդեն Հայաստանը ծնկի եկած է՝ առանց միջազգային հանրության ներգրավման։ Նիկոլ Փաշինյանը որոշել է բոբիկ լինել միջազգային ընտանիքի դիմաց եւ ծունկի գալ Ադրբեջանի դիմաց, Ալիեւի դիմաց: Տեսանք, թե ինչպես է իրեն պահում, պատանիի պես է իրեն պահում, երբ Ալիեւի եւ Էրդողանի ներկայությամբ մասնակցում է գագաթնաժողովներին: Ես ամաչում եմ, որ Փաշինյանն ավելի հարգված ղեկավար չէ, ուղղակի իրենք ծաղրում էին Փաշինյանին։ Այս կեցվածքը Հայաստանի եւ Հայաստանի պետության կեցվածքն է նվաստացնում: Ուրեմն այս հանգրվանին նաեւ տկարացնում է Հայաստանը եւ հայ ազգը: Դրա դեմ է, որ մենք պետք է աշխատենք, պետք է պայքարենք, պետք է ձայն բարձրացնենք, որպեսզի առաջիկա ընտրություններում պատրաստվենք, որ ընտրությունները ժողովրդավարական ձեւով տեղի ունենան՝ առանց պետության ճնշման ժողովրդի վրա։ Մենք պետք է հրամցնենք Հայաստանի ժողովրդին ուրիշ պետության մոդել, ոչ թե այն մոդելը, որը գնում է դեպի բռնապետություն:

- Վեհափառին «Զվարթնոց» օդանավակայանում ինքնաբուխ դիմավորելն արդյո՞ք տրամադրություններ փոխեց:

- Տպավորիչ էր, երբ մարդիկ եկան «Զվարթնոց»՝ դիմավորելու հայկական Եկեղեցու առաջնորդին` Ամենայն հայոց կաթողիկոսին: Սա առաջին քայլն է, դիմադրության քայլ է, ազդանշան է` ուղղված Նիկոլ Փաշինյանին, որ մի շարունակիր: Մի շարունակիր, որովհետեւ քեզ համար հեշտ չի լինելու, որովհետեւ ժողովուրդը պիտի դիմադրի, որովհետեւ բոլոր անձնավորությունները Հայաստանում եւ սփյուռքի մեջ ջախջախիչ մեծամասնությունը դեմ են Նիկոլ Փաշինյանի՝ Եկեղեցու դեմ նախաձեռնությանը, ուրեմն այսօր ազգը կարող է կանգնել, եթե վերջինս շարունակի, կարող է կանգնել Նիկոլ Փաշինյանի դեմ: Նա պետք է փոխի իր տրամադրությունները Եկեղեցու դեմ, պետք է փոխի իր տրամադրությունները սփյուռքի դեմ, պիտի փոխի իր տրամադրություններն Ադրբեջանի հարաբերությունների մասով: Պետք է, որ փոխի իր տրամադրությունները Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցով, ի վերջո, իշխանափոխություն է պետք: Եթե ուզում ենք իսկապես փայլուն ապագա պատրաստել Հայաստանի եւ սփյուռքի ժողովուրդների համար, հայ ազգի համար, կարիք կա անպայման գնալ դեպի իշխանափոխություն, այլապես պիտի նորից տկարանանք, եւ իր այդ աշխատանքը միայն մեր թշնամիների օգտին է:

- Ըստ Ձեզ, Եկեղեցու դեմ այս արշավը սփյուռքին ինչ-որ ձեւով նաեւ ռեաբիլիտացիայի՞ ենթարկեց, կարո՞ղ ենք նման դիտարկում անել, որովհետեւ սփյուռքի արձագանքն ավելի սուր էր, քան Հայաստանի հավատավոր ժողովրդինը:

- Ես կարծում եմ, որ ավելի շատ ցույց է տալիս Հայաստանի կառավարության եւ սփյուռքի տարբերությունները: Նշանակում է, որ սփյուռքը հարգում է հայոց սուրբ Եկեղեցին, որովհետեւ գիտենք, որ հիմնական արժեքն է հայ ժողովրդի մեջ, եւ երբ կպնում ենք հայ Եկեղեցուն, կպնում ենք նաեւ հայ ժողովրդի արժեքներին: Հետեւաբար, Նիկոլ Փաշինյանի այս արշավը՝ Եկեղեցու եւ նրա առաջնորդի դեմ, միայն կարող է ավելի մեծ անհամաձայնություններ ստեղծել սփյուռքի եւ Հայաստանի իշխանությունների միջեւ:

- Փաշինյանի արշավը Եկեղեցու դեմ կհաջողվի՞ արդյոք:

- Չի կարող հաջողել: Այդ է խնդիրն իր համար, եթե ուժով էլ պարտադրի, չի կարող հաջողել, բոլորն իր դեմ են, բոլորը դատապարտում են իր արշավը՝ չի կարող հաջողել: Նիկոլ Փաշինյանն իր ճերմակ հացը կերել է արդեն եւ գնում է դեպի սեւ հացը, ինքը պանիկայի մեջ է, որովհետեւ հասկանում է, որ մեկ տարի հետո տեղի ունենալիք ընտրություններին շատ հավանական է, որ պարտվի, ինչպես պարտվեց Գյումրիում: Ինքը շատ ջղային է, չի կարողանում իրեն հանդարտ պահել, սա գիտենք, եւ շատ մեծ սխալներ է գործում: Երբ պետություն եւ երկիր ես ղեկավարում, պետք է միշտ հանդարտ լինել, հավասարակշռություն է անհրաժեշտ, ինքը չունի դա, ամեն ինչը կորցրել է եւ Եկեղեցու դեմ պատերազմ հռչակելու դեմ ինքը կպարտվի այդ պատերազմում, քանի որ բոլորս Եկեղեցիի կողքին ենք, քանի որ Եկեղեցին սուրբ արժեք է հայ ժողովրդի համար:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image