Սամվել Շահրամանյանը Արցախի ներկայացուցչության դիմաց բողոքի ակցիա անող «Թալանի դեմ պայքարի» նախաձեռնող խմբի անդամներին խոստացել էր հանդիպում կազմակերպել իրավապահ մարմինների հետ, որպեսզի նրանց մեկնաբանեն, թե ինչու սայլը տեղից չի շարժվում եւ Արցախի ներդրումային հիմնադրամի թալանը ինչու չի բացահայտվում։ Շահրամանյանը՝ իր խոստման համաձայն, երեկ ժամը 3-ին պետք է հանդիպեր Հակակոռուպցիոն կոմիտեի եւ Քննչական կոմիտեի նախագահների հետ, որպեսզի միջնորդեր ընդունեին բողոքող արցախցիներին և պարզաբանումներ տային, սակայն հանդիպումը ղեկավար կազմի մակարդակով չի կայացել։ Հակակոռուպցիոն կոմիտեից Շահրամանյանին ասել են, որ իրենց մոտ չկա քրեական վարույթ, որի շրջանակում կարող են ինչ որ պարզաբանումներ տալ, իսկ Քննչական կոմիտեից էլ Շահրամանյանի հետ հանդիպման համաձայնել են ոչ թե ՔԿ նախագահի, այլ ինչ-որ վարչության պետի մակարդակով։ Հանդիպման համար անունների ցուցակ են ուզել, նման ցուցակ ավելի վաղ ուզել են նաև գլխավոր դատախազությունից։ Իրավապահ կառույցներ են ուղարկել 5 հոգու անուն` Արցախի ներկայացուցչության դիմաց ակցիա իրականացնողներից՝ Նահապետ Սարգսյան, Սպարտակ Ավագյան, Արթուր Օսիպյան, Ռաֆայել Փաշայան եւ Աբրիկ Աղասյան։ Մեզ պատմեցին, որ հանդիպմանը մասնակցողները 20 միլիարդ դրամի յուրացման մասին թղթեր են պատրաստվում տանել որպես ապացույց, որ հիմնադրամից իբրեւ թե այդքան թալանվել է:
Մեր աղբյուրը պատմեց, որ Շահրամանյանը ցուցարարներին խոստացել է անձամբ հանդիպել ՔԿ ղեկավար Արթուր Պողոսյանի եւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի հետ։ Ենթադրաբար, քաղաքական որոշման արդյունքում վերջիններս հրաժարվել են ընդունել Շահրամանյանին՝ համարելով, որ նա, որպես Արցախի նախագահ որեւէ ստատուս այլեւս չունի նման հարցերի մեջ ներգրավվելու համար։ Շահրամանյանին ասել են, որ նպատակահարմար չեն գտնում ընդունել նրան, որպեսզի հարցը չքաղաքականացվի, եւ չնմանվի պաշտոնական հանդիպման։ Կարճ ասած՝ իրավապահ մարմինների ղեկավարները շարժվում են Փաշինյանի օրակարգով՝ չկա Արցախ, չկա Արցախի ղեկավարություն, չկան արցախցիներ։ Իսկ թե հետո ինչպես կընթանա բողոքող արցախցիների հետ հանդիպումը, կփորձենք պարզել առաջիկայում: