Հասարակություն

Լրագրողական կազմակերպությունների միջամտությունն անտեղի է

Լրագրողական կազմակերպությունների միջամտությունն անտեղի է

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի խորհրդականի պաշտոնից օրեր առաջ հրաժարական տված Տիգրան Պասկեւիչյանն Արա Շիրինյանին հղած բաց նամակից հետո այժմ էլ Ֆեյսբուքում գրառում է արել եւ հիշեցրել, որ ինքը Հանրային հեռուստաընկերությունում բաց հաթակի ստեղծման գաղափարի հեղինակն է, մեկ ամսվա ընթացքում այդ հարթակում 346 հեղինակ-համահեղինակներից եւ արտադրող ընկերություններից ստացել է 555 առաջարկ։ Սրանից զատ՝ նա նշել է, որ ակնկալում է ԵՄԱ նախագահ  Բորիս Նավասարդյանի, «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի, Աշոտ Մելիքյանի, «Ինտերնյուս» ՀԿ-ի ղեկավար Նունե Սարգսյանի, «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ  Լեւոն Բարսեղյանի, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի նախագահ Էդիկ Բաղդասարյանի, մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանի միջամտությունը նախագծերի ընտրության գործընթացն ըստ պատշաճի կազմակերպելու եւ դրանք կյանքի կոչելու հարցում։ Նա խնդրել է առաջարկել եւ հորդորել ՀՀՌ խորհրդին ստեղծել նախագծերն ընտրող անկախ հանձնաժողով եւ տալ մասնագիտական անաչառ գնահատական։ 

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի նախագահ Աշոտ Մելիքյանն այս առնչությամբ ասաց․ «Ես կարծում եմ, որ կարեւորն այն է, որ գործընթացի նախաձեռնողը հենց Տիգրան Պասկեւիչյանն է։ Ինքը շատ սրտացավ է մոտենում եւ ցանկանում է, որ այդ առաջարկներից ընտրվեն լավագույնները։ Բայց երբ ինքը լրագրողական կազմակերպություններին կոչ է անում միջամտել այդ գործընթացին, կարծում եմ, անտեղի է։ Դա տեղին կլինի, եթե Հանրայինն ինքը հրավիրի եւ անհրաժեշտություն զգա մասնագիտական խորհրդատվության։ Սակայն մենք մեր նախաձեռնությամբ այդպիսի քայլ չենք անի։

Համենայնդեպս՝ ես չեմ պատրաստվում միջամտել այդ գործընթացին, եթե հրավեր չլինի։ Ես տեղյակ եմ, որ Նունե Սարգսյանը հրավիրված է որպես խորհրդատու այդ հանձնաժողովում։ Նրան առաջարկել են խորհրդատվական գործունեություն իրականացնել, կարծում եմ, որ դա դրական ազդեցություն կունենա։ Կարծում եմ, որ Հանրայինը պետք է ստեղծի հանձնաժողով, որը օբյեկտիվ կգնահատի նախագծերը, իսկ լրագրողական կազմակերպությունները պետք է դրա աշխատանքներին  մասնակցեն միայն հրավիրվելու դեպքում»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image