Հասարակություն

Պետք է թվերով ցույց տալ, որ համայնքապետերն արել են չարաշահումներ

Պետք է թվերով ցույց տալ, որ համայնքապետերն արել են չարաշահումներ

Համայնքներում տարիներ շարունակ լռված-կուտակված խնդիրները մեկեն գլուխ բարձրացրեցին, երբ ՀՀ քաղաքացիները թավշյա հեղափոխությունից հետո հասկացան, որ իրենց ձայնը լսելի է, կարող է տեղ հասնել, իսկ կառավարության շենքի մոտ պայքարն ավարտվել ոչ թե ոստիկանների հետ բախումներով, այլ իշխանություն-հասարակություն երկխոսությամբ։
Նկատի ունենանք, որ համայնքապետերի մեծ մասը պաշտոնավարում են նախկին իշխանությունների ժամանակներից, նախկին բարքերով։
Ի՞նչ պետք է անել, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմինները կայանան։ 
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը մեզ հետ զրույցում նկատում է, որ համայնքապետերի՝ կուսակցական լինելը երկրորդական է։ 
«Կոնկրետ գյուղերում գոյություն չունեն կուսակցական կառույցներ, եւ նրանց գործունեությունը երբեք կուսակցականությամբ պայմանավորված չի եղել։ Ուղղակի տեղական իշխանությունները միշտ էլ լոյալ վերաբերմունք են ունենում գործող իշխանությունների նկատմամբ, ինչն ամբողջ աշխարհում բնական երեւույթ է։ Տեղական իշխանությունների գործունեության արդյունավետությունը շատ կարեւոր է։ Մարդկանց կյանքի որակն իրականում պետք է կախված լինի տեղական իշխանությունների գործունեությունից։ Բայց Հայաստանում ունենք մի իրավիճակ, երբ անունը կա, իսկ բովանդակությունը՝ ոչ։

Մենք ընտրում ենք յուրաքանչյուր գյուղում, քաղաքում համայնքի ղեկավար, ավագանի, բայց ռեալ լիազորություններ նրանք չունեն։ Մարդիկ, որոնք վճարում են հարկերը, դրանց իննսուն տոկոսից ավելին ծախսում է կենտրոնական իշխանությունը։ Սա՛ է հիմնական խնդիրը։ Երբ ասում ենք ապակենտրոնացում, դա նշանակում է, որ կառավարությունը այն լիազորությունները, որոնք համայնքային են, ֆինանսական ռեսուրսները թողնի տեղական իշխանություններին։ Առաջին խնդիրը դա է։ Երկրորդ խնդիրը վերաբերում է ավագանու ինստիտուտի զարգացմանը, եւ դա տեղի կունենա այն դեպքում, երբ համայնքները ռեալ լիազորություն կունենան։ Քանի դեռ չկան այդ լիազորություններն ու ֆինանսական ռեսուրսները, մարդիկ հետաքրքրված չեն ավագանի ընտրվելով»,- ասաց Էմին Երիցյանը։
Առանձին համայնքներում, օրինակ՝ Զարթոնքում, աղմուկ բարձրացավ համայնքի ՀՀԿ-ական  ղեկավարի հետ կապված, մարդիկ պահանջեցին եւ հասան համայնքի ղեկավարի հրաժարականին։  Էմին Երիցյանը կարծում է, որ այդ դեպքերն ավելի շատ քաղաքական մոտիվացիա են կրում իրենց մեջ։ Ըստ նրա՝ զուտ շահադիտական նպատակներով կարող են լինել շահարկումներ։

«Մարդիկ տարբեր համայնքներում բողոքում են, դիմում են համայնքի ոստիկանություն, որ համայնքի ղեկավարը չարաշահումներ է արել։ Իրավապահները գնում են, քրեական գործ են հարուցում, ուսումնասիրում են։ Եթե սկսում են դա շահարկել եւ պահանջել, որ համայնքի ղեկավարը հրաժարական տա, դա արդեն շահարկում է։ Եթե դիմել ես իրավապահին, հարուցվել է քրեական գործ, ապա դա նշանակում է, որ պետք է վստահես իշխանություններին, որ այն տեղ կհասնի։ Բոլոր համայնքներում վերահսկողական ծառայությունը, իրավապահ մարմիններն իրականացրել են ստուգումներ, կան հարուցված քրեական գործեր։ Նրանցից շատերը կարճվել են։ Այն միֆը, որ համայնքի ղեկավարներն արել են չարաշահումներ, պետք է թվերով ցույց տալ, հակառակ դեպքում վերածվում են քաղաքական շահարկման։ Շատ դեպքերում տարբեր մարդիկ հրահրում են նման իրավիճակներ, եւ դա շատ վտանգավոր է։ Գյուղական վայրերում դպրոցի տնօրեն փոխելու, համայնքի ղեկավար փոխելու համար կոնֆլիկտներ հրահրելը շատ վտանգավոր է։ Այդ համայնքում 10-20 տարով կարող են առաջանալ կոնֆլիկտներ մարդկանց միջեւ, եւ դա չի կարելի խրախուսել։ Եթե իրականացվում է քննություն, ապա պետք է ընդունել դրա արդյունքները»,- նշեց մեր զրուցակիցը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image