2018 թվականի քաղաքական փոփոխություններից հետո, ընթերցողներից շատերը կհիշեն, որ Նիկոլ Փաշինյանը «կառավարական կաբինետներից» ու «դաչաներից» ուղիղ եթերներ էր մտնում, նույնիսկ կենցաղային մանրամասներ ներկայացնում։ Շատերի համար դա հետաքրքրական էր։ Ի վերջո, ամեն օր չէ, որ կարելի էր տեսնել, թե ինչ ինտերիեր ունեն «կառավարական դաչաները»։ Սակայն եթե ավելի լուրջ նայենք դրան, այն ինչ անում էր Փաշինյանը 2018-ին, կարելի է անվանել որպես «իշխանական համակարգի դեսակրալիզացիա»։
Հայաստանում անկախության ողջ ընթացում, ու դրանից առաջ՝ խորհրդային ժամանակներում էլ, իշխանության որոշակի սակրալիզացիա կար եւ դա որպես գաղափար ամուր նստած էր հասարակության մեջ։ Իշխանական համակարգի դեսակրալիզացիայով /որի դրվագներից մեկը կարելի է համարել հայտնի արտահայտությունը՝ Հայաստանում երեք միլիոն վարչապետ կա, ոնց ուզեն կխփեն կառավարության շենքի դռանը, իրենք` իրենց դուռը եւ այլն/ գուցե Փաշինյանը կարճաժամկետ կերպով ինչ որ դիվիդենդներ շահեց, սակայն հատկապես 44-օրյա պատերազմից հետո այդ դեսակրալիզացիան սկսեց աշխատել իր դեմ։ Ու հիմա մեծ հաշվով ինքը քաղում է այդ «իշխանական համակարգի դեսակրալիզացիայի» պտուղները։
Բագրատ Սրբազանը հանուն Հայրենիքի մղվող պայքարի մեջ հենց այդ դեսակրալիզացիայի հիմքն է օգտագործում՝ մաշեցնելու համար Փաշինյանին վերջնակապես։ Սա ակնհայտ երեւում է հատկապես Սրբազանի այն հայտարարություններից, որոնցում նա հստակ մեջբերումներ է կատարում Փաշինյանի՝ ավելի վաղ արած արտահայտություններից։ Ի դեպ, «քաղաքական հոգեւարքում» գտնվող Փաշինյանը հիմա նաեւ փորձում է իրականացնել «կրոնական սակրալիզացիա»` Առաքելական եկեղեցու դեմ արշավներ կազմակերպելով, Ամենայն Հայոց կաթողիկոսի մուտքը Սարդարապատի համալիր խոչընդոտելով կամ դրա վերաբերյալ ակնհայտ ստահոդ ու մանիպուլյատիվ մեկնաբանություններ անելով։ Սակայն ակնհայտ է, որ Փաշինյանը, քանի որ ինքը չտիրապետելով թե ինչ բան է կրոնը, մարդու կրոնական ապրումները, քրիստոնեությունն ու Եկեղեցին, փորձում է զուտ քաղաքական գործիքակազմով դեսակրալիզացման պրոցեսը մտցնել կրոնական ոլորտ, բնականաբար չի հաջողվելու։ Արդյունքում հնարավոր է նույնիսկ, որ հակառակ էֆեկտն ունենա եւ աշխատի իր դեմ, ինչպես որ իշխանական դեսակրալիզացիան է աշխատում իր դեմ։