Հարցազրույց

«Հրապարակ». Դա հիմք է, որ դիմենք ԲԴԽ-ին` Կարեն Անդրեասյանի նկատմամբ վարույթ հարուցելու հարցով

«Հրապարակ». Դա հիմք է, որ դիմենք ԲԴԽ-ին` Կարեն Անդրեասյանի նկատմամբ վարույթ հարուցելու հարցով

Երեկ Բարձրագույն դատական խորհրդում քննվում էր Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորներ Տիգրան Պետրոսյանի եւ Արտակ Բարսեղյանի դեմ արդարադատության նախարարության ներկայացրած կարգապահական միջնորդությունը։ Միջնորդության հիմքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներն են, որոնցով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներում սխալներ են գտել, եւ դրանց հիմքով էլ այս դատավորների նկատմամբ Գրիգոր Մինասյանն ու Կարեն Անդրեասյանը վարույթներ են հարուցել, որ լիազորությունները դադարեցնեն: Ի դեպ, երեկվա նիստին Արտակ Բարսեղյանը չէր ներկայացել` ինչպես նախորդ նիստին չէր ներկայացել: Նկատենք նաեւ, որ այս երկու դատավորները դատական համակարգի ամենահարգված եւ ամենաանաչառ դատավորներն են համարվում, ամենակարեւորը` ծառայամիտ դատավորների թվին չեն դասվում: Այդ կարծիքին են ինչպես նրանց դատավոր գործընկերները, այնպես էլ փաստաբանները: Նախքան նիստի մեկնարկը մի քանի հարց ուղղեցինք դատավոր Տիգրան Պետրոսյանին։

- Պարոն Պետրոսյան, երեկ տարածվեցին լուսանկարներ ու տեսանյութ, որ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ու ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը սրճարանում հանդիպել են, նրանց էր միացել նաեւ ԲԴԽ անդամ, Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Հայկ Գրիգորյանը։ Ձեր դեմ կարգապահական վարույթ է հարուցել արդարադատության նախարարությունը, ի՞նչ եք կարծում՝ Կարեն Անդրեասյանը կարո՞ղ է վարույթն անաչառ քննել։

- Դե, եթե այդ փաստը հաստատված համարենք, ուրեմն դա արդեն դատավորի վարքագծի կանոնների խախտում է, որը կոնկրետ նախատեսված է դատական օրենսգրքով։ Հիմա ողջ խնդիրն այն է, որ մենք, եթե այդ հանդիպումը տեղի է ունեցել, ինքներս հարց ունենք ուղղելու ԲԴԽ նախագահին, նա պետք է կա՛մ հաստատի, կա՛մ ժխտի այդ հանդիպումը, իսկ եթե հաստատի, ուրեմն մենք արդեն լրացուցիչ հարցեր ունենք, պետք է հարցնենք, թե ինչ բովանդակություն է ունեցել իրենց զրույցը, իրենց շփումը, արդյո՞ք մեր գործին վերաբերել է, թե ոչ, պարզաբանումներ պետք է ստանանք իրենցից։

- Անդրեասյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելո՞ւ եք։

- Կնայեմ իրավիճակին, համենայնդեպս, եթե այդ փաստը հաստատված համարենք, ապա դա ինքնաբացարկի հիմք է եւ ոչ միայն ինքնաբացարկի։ Դա նաեւ հիմք է, որ դիմենք ԲԴԽ մյուս անդամներին՝ պարոն Անդրեասյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու, դատավորի վարքագծի կանոնները խախտելու համար (ինքնաբացարկի միջնորդությունը նիստի հենց սկզբում ներկայացվեց, որը ԲԴԽ-ն այս անգամ եւս մերժեց` Կ․ Ս․)։

- Այդ դիմումը եւս այսօրվա ԲԴԽ-ն է քննելու, Դուք հույս ունեք, որ արդա՞ր կքննեն։

- Եթե դիմենք, պետք է քննեն, ուղղակի դրա ընթացակարգը, ժամկետները կարգավորված չեն, եւ կարող է մենք դիմենք, եւ դա քննվի մեկ ամսվա ընթացքում, կամ ԲԴԽ անդամներն ընդհանրապես որոշեն չդիմել, դա արդեն իրենց իրավասության ներքո է։

- Դուք ԲԴԽ-ի եւ իշխանությունների կողմից՝ ի դեմս արդարադատության նախարարության, դատավորների նկատմամբ կանխակալ մոտեցում տեսնո՞ւմ եք։

- Ես իշխանություններ չասեմ, որպեսզի իմ խոսքը չքաղաքականանա, սակայն օրենքի կոնկրետ խախտումներ, այո, տեսնում եմ։ Վարույթները հարուցվում են ընտրանքային կարգով, ինչի հիմքով ես արդեն բացարկ եմ հայտնել, նախարարին նախ առաջարկել եմ կարճել կարգապահական վարույթը, հակառակ պարագայում հարուցել խախտում թույլ տված բոլոր դատավորների նկատմամբ, իսկ ԲԴԽ նախագահի նկատմամբ էլ բացարկ եմ հայտնել այն հիմքով, որ մեր իրավաչափ ենթադրության համաձայն՝ նախարարի գործողությունները պետք է որ ուղղորդված լինեն ԲԴԽ նախագահի կողմից։

- Ձեր գործընկեր դատավոր Արտակ Բարսեղյանը նախորդ նիստին չէր ներկայացել, առողջական խնդիրներ ուներ եւ ստացիոնար բուժում էր ստանում, սակայն ԲԴԽ-ն դա հարգելի պատճառ չհամարեց եւ նիստն անցկացրեց առանց նրա ներկայության։ Փաստորեն, ԲԴԽ-ն չի հավատում, որ դատավորը վատառողջ է։

- Ես այդ հիմքով արդեն նախորդ նիստում ինքնաբացարկի միջնորդություն եմ ներկայացրել պարոն Անդրեասյանին, արձանագրել եմ, որ նրան երկու կամ մեկ օրում առողջանալ պարտադրելը կամ այդ հիվանդ վիճակում 1 օրում փաստաբան վարձելը, նրան գործի մանրամասները ներկայացնելն իր մեջ պարունակում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում, արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի են արժանացրել դատավորին, եւ այդ հիմքով բացարկը հայտնել եմ արդեն, որը, ցավոք սրտի, մերժվել է։ Բարսեղյանը հիվանդանոցում չէ, աշխատանքի ներկայանում է, բայց չգիտեմ՝ այսօր կգա՞, թե՞ ոչ, դա արդեն իր որոշելիքն է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image