Հասարակություն

Ադրբեջանը չի հապաղի ԼՂ խնդիրը մտցնել դաշտ

Ադրբեջանը չի հապաղի ԼՂ խնդիրը մտցնել դաշտ

Օրվա լրահոսում ուշագրավ էր ԱՄՆ պահեստային ուժերի հրամանատար փոխծովակալ Ռոն Մըք Լարենի եւ Ադրբեջանի  երկաթուղիների ղեկավար Ջավիդ Ղուրբանովի Բաքվում կայացած հանդիպումը։ 

Ադրբեջանի ԶԼՄ-ները փոխանցել են, որ կողմերը քննարկել են տրանսպորտի եւ բեռնափոխադրումների ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնմանը, մասնավորապես՝ Բաքու-Թբիլիսի- Կարս երկաթուղային եւ Անդրկասպյան ճանապարհներով բեռների տեղափոխմանը վերաբերող հարցեր։ 

Այս սուղ տեղեկատվությունը ստիպում է վերհիշել, թե ինչպես էր ժամանակին մամուլում արծարծվում այն հարցը, որ տրանսպորտային տարբեր նախագծեր շրջանցում են Հայաստանը, իսկ փոխարենը հզորանում է Ադրբեջանը՝ խոսելով արդեն ուժեղի դիրքերից։ Արդյո՞ք այդ համագործակցությունը հետագայում Լեռնային Ղարաբաղի հարցում եւս մեկ խաղաքարտ չի դնի Ադրբեջանի ձեռքում։

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ  Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ ԱՄՆ-ի հետաքրքրությունները տարածաշրջանում  ընթացող գործընթացների նկատմամբ նորություն չեն։ Նա հիշեցնում է, որ երբ երեք երկրները հռչակեցին իրենց  անկախությունը տարածաշրջանում, ԱՄՆ-ն կարեւորեց մեր տարածաշրջանը, քանի որ այն Արեւելքը կապում է Արեւմուտքին, Եվրոպան՝ Կենտրոնական Ասիայի հետ։ 

«Թերեւս 2001 թ․ դեկտեմբերից հետո ԱՄՆ-ի համար ենթակառուցվածքների կարեւորությունը բեռներ տեղափոխելու առումով նկատելի է։ Եվ միանգամայն անակնկալ չէ, որ նման քննարկում է ընթանում։ Այդ կտրվածքով չպետք է մոռանալ, որ ժամանակին ԱՄՆ-ն եւ Արեւմուտքը չխրախուսեցին Հայաստանը շրջանցող ծրագրերի իրականացումը, այդ թվում նաեւ՝ Բաքու-Թբիլիսի-Կարսը, որը կառուցվեց; Եվ այստեղ եթե կարելի է տեսնել որեւէ ռիսկ, ապա հասկանալի է, որ քննարկման դաշտ բացվելու դեպքում Ադրբեջանը չի հապաղի հերթական անգամ Լեռնային Ղարաբաղի խնդիրը մտցնել այդ դաշտ։ Սակայն գիտենք նաեւ, որ ԱՄՆ-ն նման հարցերում շատ զգուշավոր է, եւ դժվար թե բիզնես-շահագրգռությունները շփոթի քաղաքական խնդիրների հետ։ Ադրբեջանը շատ ավելի կարեւոր որոշումների ժամանակ չի կարողացել խախտել ԱՄՆ-ի դիրքորոշման հավասարակշռությունը, եւ վստահ եմ, որ այս դեպքում էլ չի կարողանա խախտել այն»,- նշեց Ստեփան Սաֆարյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image