Գրել էինք, որ կիրակի օրը Չարենցավանում Փաշինյանի այցից առաջ 5 երիտասարդների ակտիվիստների ոստիկանությունը բերման էր ենթարկել՝ զենք-զինամթերք ունենալու, եւ ատելության խոսք տարածելու կասկածանքով, եւ միայն 7 ժամ պահելուց հետո ազատ արձակել:
Մեր տեղեկություներով՝ այդ օրը ոստիկաններն այդքանով չեն սահմանափակվել: Չարենցավանում մտել են մի տնտեսվարողի խանութ, որտեղից առգրավել են համակարգիչները, եւ տարել փորձաքննության: Մեզ պատմեցին, որ ոստիկանները կասկածել են, որ այդ խանութում են տպվել այդ թռուցիկները, որոնք Չարենցավանի ակտիվիստները պատրաստվում էին հանձնել Նիկոլ Փաշինյանին. «Մեր ակցիան համարում ենք կայացած, քանի որ ոստիկանությունը մեզ «օգնեց»՝ բռնեց, եւ այն ավելի հնչեղություն ունեցավ, քան մենք ենթադրում էինք: Ասենք ավելին, որ ոստիկանությունը վախեցել էր, եւ մեզ բոլորին Չարենցավանի բաժին չէր տարել, գիտեին, որ մեր ընկերները կշրջափակեին ոստիկանության շենքը», ասաց ակցիայի կազմակերպիչներից մեկը: Այն, որ ոստիկանությունը Փաշինյանի ձեռքում գործիք է դարձել, պարզ է: Եթե ոստիկանությունն այսպես օպերատիվ աշխատեր, օրինակ, գուցե հնարավոր լիներ կանխել օրեր առաջ Չարենցավանում տեղի ունեցած դանակահարության դեպքը, կամ՝ ամիսներ առաջ Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցում, որտեղ անցած կիրակի Փաշինյանը գնացել էր պատարագի, իսկ եկեղեցին շրջապատված էր ոստիկաններով, թաղման արարողության ժամանակ դանակահարությունը տեղի չէր ունենա:
Ի վերջո, եթե ոստիկանությունն օպերատիվ աշխատեր, Փարաքարում, ամիսներ առաջ նման ողբերգությունը տեղի չէր ունենա՝ ընտրված համայնքապետը չէր սպանվի: Այժմ ոստիկանությունը բացառապես քաղաքական գործիք է դարձել եւ աշխատում է Փաշինյանի ընդդիմախոսներին բացահայտելու-մեկուսացնելու, նրան պաշտպանելու ուղղությամբ։
Հավելենք, որ ոստիկանությունը միայն Չարենցավանում տեղի ունեցած ողբերգական դեպքերից հետո հունվարի 13-18-ը Կոտայքի մարզի գումարտակի պարեկները Չարենցավանում ուժեղացված ծառայություն են իրականացրել:
Ըստ ոստիկանության հրապարակած տվյալների՝ ուժեղացված ծառայության ընթացքում հանցագործություն կատարելու կասկածանքով համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին են տեղափոխել 13 անձի, որոնցից 1-ը՝ թմրանյութ պահելու և օգտագործելու, 2-ը կեղծ վարորդական իրավունքի վկայականի, 2-ը՝ սառը զենք կրելու, 7-ը՝ մարմնական վնասվածք պատճառելու և 1-ը՝ իրավունքից զրված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու կասկածանքով։
Արձանագրվել է 291 իրավախախտում․ 115-ը՝ չամրակապված վարելու, 34-ը՝ տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելու, 12-ը՝ առանց վարորդական իրավունքի վկայականի վարելու, 6-ը՝ ավտոմեքենան մգեցված ապակիներով շահագործելու և այլ դեպքեր։ Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխել 17 տրանսպորտային միջոց: