Մշակույթ

Հայ Ստրադիվարիուսը, Կոմիտասի աշակերտն ու Սպենդիարյանի ընկերը

Հայ Ստրադիվարիուսը, Կոմիտասի աշակերտն ու Սպենդիարյանի ընկերը

Տակառագործ Լեւոն Բիշարյանն ինձ է փոխանցում կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, իր ազգակից Վարդան Բունիի արխիվը (լուսանկարներ, հրավիրատոմսեր, մամուլի հրապարակումներ եւ այլն), որը հայրն է իրեն փոխանցել, ում մահից հետո սկսել է ուսումնասիրել տատիկի եղբոր՝ Վ․ Բունիի արխիվն ու զարմացել, թե ինչ մասշտաբի մարդ է եղել նա, եւ ինչ մեծ ցավ է, որ նրա մասին գրեթե ոչ մի տեղեկություն չկա։

Կոմպոզիտոր, դիրիժոր Վարդան Բունին ծնվել է 1888-ին՝ Վաղարշապատում (այժմ` Էջմիածին): Սովորել է տեղի Գեւորգյան ճեմարանում, երգել Կոմիտասի երգչախմբում: 1908-ից կազմակերպել եւ ղեկավարել է երգչախմբեր, վոկալ-գործիքային անսամբլներ, համերգներով հանդես է եկել Հայաստանում, Ռուսաստանի հայաշատ կենտրոններում: 1925-36թթ. Երեւանում գործել է նրա Արեւելյան վերակառուցված սիմֆոնիկ նվագախումբը: Նրա երաժշտական գործիքներն օգտագործվել են Դաղստանում եւ Տաջիկստանում, նմուշները պահվում են Սանկտ Պետերբուրգում (թատրոնի, երաժշտության եւ կինեմատոգրաֆիայի ինստիտուտի թանգարան):

«20-ական թվականներին Բունին Կոմիտասի հետ շփվել է, եղել է նրա աշակերտը։ Այդ ժամանակ Կոմիտասը եղել է Խրիմյան հայրիկի բարեկամի երեխայի երաժշտության ուսուցիչը, իսկ Բունիի մայրն էլ եղել է այդ երեխայի ռուսերենի ուսուցիչը, ըստ այդմ՝ Վարդանն էլ դարձել է Կոմիտասի աշակերտներից մեկը։ Ի դեպ, Վարդանի հայրն էլ՝ Եգորը, եղել է Մայր Աթոռի փորագրիչն ու տպարանի ղեկավարը։  Հայտնի փորագրիչ է եղել, Մայր Աթոռի մուտքի մոտ 4 քար է փորագրել Վարդան Բունիի հայրը, որի տակ գրված է՝ Զարգար (այսինքն՝ փորագրող) Եգոր Բունիաթյան»,- ասում է Լ․ Բիշարյանն ու նշում, որ Վարդան Բունին ամուսնացել է լեհուհի Ստեֆանիա Ստանիսլավնայի հետ, որը 12 տարով մեծ է եղել նրանից․ «Շատ գեղեցիկ կին էր, որի հետ 1920-ականներին ապրում էին Պուշկինի փողոցի վրա, ի դեպ, այդ տանն առաջ ապրել է թուրքի կոնսուլը, երբ եղել է Անդրկովկասյան ֆեդերացիա, ու երբ դա լուծարվել է, այդտեղ Բունիին տվել են տուն, որը շատ սիրուն շենք էր՝ պատշգամբով»։  

Սակայն, մինչեւ Երեւան տեղափոխվելը, Բունին Ռոստովում իր նվագախմբի հետ տարբեր համերգներ է ունեցել։ 1921թ. հիմնել է Կովկասում առաջին՝ Արեւելյան ժողգործիքների սիմֆոնիկ նվագախումբը: Գալով Հայաստան՝ վերստեղծել է այդ նվագախումբը։ «Բայց բոլշեւիկյան ռեժիմի ժամանակ նրան պարտադրում են ներգրավվել ագիտարշավներում եւ իր նվագախմբով գնալ՝ չաստուշկաներ նվագել կոլտնտեսություններում։ Հասկանո՞ւմ եք՝ իր մասշտաբի ու պրոֆեսիոնալիզմի տեր մարդուն պարտադրում են նվագել չաստուշկաներ, տարբեր գյուղերում»,- ասում է Լ․ Բիշարյանն ու արխիվից առանձնացնում Կենտկոմի առաջին քարտուղարին ուղղված Բունիի նամակը, որը նա համարում է «Բունիի ողբը», քանի որ այդ նամակում կոմպոզիտորը վրդովմունք է հայտնում իր հանդեպ իրականացվող մի շարք անարդար քայլերից։

«Իրենց պատճառով նա դարձել էր իզգոյ եւ հայտնվել ստեղծագործական կոլապսի մեջ, քանի որ իրեն ընկալում էին, կոպիտ ասած, «ռաբիզ» մի երաժշտի։ Մինչդեռ ինքը Կոմիտասի աշակերտն էր, Սպենդիարովի մոտ ընկերը, որի հետ նաեւ լուսանկարներ ունի»,- ասում է Լ․ Բիշարյանն ու մեջբերում Բունիի մասին Ալեքսանդր Սպենդիարյանի հիացական կարծիքը, որը զետեղվել է Բունիի Արեւելյան սիմֆոնիկ նվագախմբի մասին 1934թ․ գրքում․ «Կովկասում արեւելյան նվագախմբի դիապազոնի ընդլայնման գաղափարի առաջին իրագործողն արեւելյան երաժշտության ստուդիան է՝ ի դեմս ստուդիայի հիմնադիր եւ դասատու Վարդան Բունիի»։

Ինչ վերաբերում է Կենտկոմի առաջին քարտուղարին ուղղված նամակին, ապա այդտեղ մասնավորապես կարդում ենք. «Վերջին 12 տարիներին իմ ստեղծագործություններից ոչ մեկը չի կատարվել ո՛չ ռադիոյով, ո՛չ էլ Հայֆիլհարմոնիայի կողմից: Նման վերաբերմունքը ողբերգական հարված է կոմպոզիտորին»: Այնուհետ նշել, որ Հայաստանի երաժշտական ֆոնդն իր հետ որեւէ ստեղծագործական պայմանագիր չի կնքել, իսկ Սովետական Հայաստանի կոմպոզիտորների միությունում էլ երկու անգամ դրվել է իր հեռացման հարցը:   

Լ․ Բիշարյանի համար ցավալի է, որ մեր օրերում անտեսված են Բունի անհատն ու նրա ահռելի ժառանգությունը։ Ավելին՝ չնայած իր վաստակին, Բունիի մասին չկան հիշատակումներ դասագրքերում, ուսանողները չգիտեն նրա մասին։ «Մի անգամ տաքսի նստեցի, պարզվեց՝ վարորդն Ա․ Մերանգուլյանի մոտ դուդուկ է նվագում, ասեցի՝ Բունիի մասին լսե՞լ ես, ասեց՝ ո՞նց չեմ լսել․․․, բայց դա բացառիկ դեպք էր, Բունիի մասին, ցավոք, այսօր մարդիկ տեղյակ չեն։ Մինչդեռ այս մարդն այսքան բան է ստեղծել»,- ասում է զրուցակիցս ու ընդգծում, որ Բունիի հեղինակությամբ ու իդեայով ստեղծվել է թառերի, քամանչաների, դուդուկների մի քանի տեսակ, նաեւ՝ թութակ գործիքը, որը շվիի ու դուդուկի խառնուրդն է։     

Զրուցակիցս ասում է՝ ժամանակի շատ դուդուկահարներ Բունիի ստեղծած գործերը փորձեցին յուրացնել՝ ասելով, որ, օրինակ, նրա ստեղծած բունաֆոն գործիքն իրենք են ստեղծել, մինչդեռ․ «Երբ Բունին այդ գործիքը 20-ական թվականներին ստեղծել է, իրենք նույնիսկ ծնված չեն եղել։ Բունիի թողած ժառանգությունը շատ մեծ է, նա ստեղծել է պրիմա քամանչա, այսինքն՝ 4 լար է դրել քամանչայի վրա, մի լարով ավելացրել է քամանչայի հնչողությունը։ Ի դեպ, լոքո ձկան կաշին օգտագործվել է քամանչայի ստեղծման մեջ՝ որոշակի հնչողություն ապահովելու համար»։

Ասում է՝ Վ․ Բունին գրել է նաեւ «Սասունցի Դավիթ» օպերան (ի դեպ, Հանրային ռադիոյի արխիվի կայքում զետեղված են որոշ պատառիկներ), բայց չի կարող ասել՝ այն կատարվե՞լ է ժամանակին, թե՞ ոչ։ Երաժշտական գործիքների, դրանց ստեղծման եւ այլ անձնական տվյալների մասին տեղեկատվությունը Լ․ Բիշարյանը վերցրել է Սարդարապատի թանգարանի արխիվից․ «Ինձ մոտ Բունիի արխիվից մի փոքրիկ փշրանքն է միայն, իսկ Բունիի մահից հետո հայրս նրա կնոջը բերում է մեր տուն, որը նրա ամբողջ արխիվը հանձնում է Սարդարապատի թանգարանին։ Իսկ քամանչաներից մեկը, հիշում եմ՝ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը մեկի հետ եկավ ու մեր տնից վերցրեց, որը, կարծեմ, Կոնսերվատորիա տարան, թե հետո ինչ եղավ՝ չգիտեմ։ Հասկանալի է, որ այդ քամանչաները գործարանային չեն եղել, այն ժամանակ մարդիկ ձեռքով են սարքել՝ Ստրադիվարիի պես, եւ դրանք եղել են էքսկլյուզիվ»։

Ի՞նչն է պատճառը, որ կես դարից մի քիչ ավել է անցել, բայց Վարդան Բունիի թողած ժառանգությունն ու անունն այսքան արագ մոռացության են մատնվել։ «Արժեքներն են փոխվել,- կարճ պատասխանում է զրուցակիցս ու հավելում,- իսկ Բունին ոչ միայն արժեքներ է ստեղծել, այլեւ իր ժամանակի մեջ եղել է նորարար, ավելին՝ հայ Ստրադիվարիուսն է եղել, որը ստեղծել է արեւելյան վերակառուցված սիմֆոնիկ նվագախումբ, բայց այդ ժամանակ իր միտքը, գաղափարն իրեն չէին պատկանում, այլ բոլշեւիկյան ռեժիմինն էին, որն անհետեւանք չանցավ իր համար»։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image