Գարեգին Երկրորդի՝ Վաղարշապատում բնակվող եղբորն ու եղբորորդուն կալանավորելը պետք է նույնիսկ կիսագրագետ մարդկանց շրջանում հարցեր առաջացնի: Հարցեր, թե ինչ առնչություն ունեն 68-ամյա Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին կաթողիկոսի զավակ ունենալու խնդրի հետ: Որպեսզի գործող իշխանությունն իրենց պատանդ առնի: Իսկ որ նրանց հետապնդում են հենց այդ պատճառով՝ կասկածի ենթակա չէ: Եվ դա պետք է ասվի՝ օգտագործելով առկա բոլոր հնարավորությունները՝ Ազգային Ժողովը, լրատվական բոլոր միջոցները, մարդկանց հետ հանդիպումները: Որովհետև պաշտոնական մեկնաբանությունը՝ տեղական ընտրություններին քարոզչություն կատարելուն ինչ-որ ձևով խոչընդոտել կարող են միայն գործող իշխանության ներկայացուցիչները և դեբիլները: Առաջինները, որովհետև մնալու են անպատիժ՝ դրա օրինակները բազմաթիվ են՝ սկսած նախորդ դարի 90-ականներից: Որոնք, բնականաբար, շարունակվում են Նիկոլի օրոք հաստատված «ժողովրդավարության» պայմաններում: Իսկ դեբիլների առումով բացատրականի կարիք, կարծում եմ, չկա՝ նրանք անմեղսունակ են: Եվ չեն գիտակցում իրենց արարքներն ու դրանց հետևանքները:
Իսկ կաթողիկոսի եղբայրն ու նրա որդին ո՛չ առաջիններից են և ո՛չ էլ հատկապես երկրորդ խմբից, որպեսզի նման բան թույլ տային իրենց: Այն էլ այն դեպքում, երբ առաջինի եղբայրն ու երկրորդի հորեղբայրն անընդհատ գտնվում է վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հարձակման ներքո: Կարծում եմ, որ դա գիտակցում են նաև Քննչական կոմիտեում, սակայն դժվար թե համարձակվեին ընդդիմանալ «մեծարգո վարչապետի» կամքին: Ու իշխանափոխությունից հետո իրենց վարքը կփորձեն մեկնաբանել ընտանիք կամ իրենք իրենց՝ եթե երիտասարդ են, պահելու հանգամանքով: Սակայն կյանքը ցույց է տալիս, որ ապօրինությունները ծագում են հենց այն ժամանակ, երբ մարդիկ ձգտում են ընտանիք պահել՝ չպահպանելով որևէ բարոյական արգելք: Էլ չասած օրենքի ակնհայտ խախտումների մասին: Ի դեպ, երբեմնի «դուխով» Նիկոլին պետք է կարգեինք վարչապետ ու հասնեինք այս օրերին, որպեսզի ողջ խորությամբ գիտակցեի նախորդ դարի 30-ական թվականներին կատարվածը՝ խորհրդային մղձավանջը: Երբ անմեղ մարդուն «ժողովրդի թշնամի» հայտարարելու ու Սիբիր քշելու կամ «ԷնԿաՎեԴե»-ի նկուղում գնդակահարելու համար բավարար էր ընդամենը մեկ մատնագիր՝ «դանոս»:
Ինչ մնում է հանգուցյալ Սպարապետի եղբոր (անունը չեմ տալիս լրացուցիչ չփիառելու համար) հիմնադրած կուսակցության (նույն պատճառով չեմ տալիս անվանումը) անդամի կողմից ֆեյսբուքյան գրառմանը, ինչի հիման վրա, ի վերջո, կալանավորվել են 68-ամյա ծերունին և նրա որդին, ապա դրա հեղինակն իշխանափոխությունից հետո կփորձի ոչ նիկոլական իրավապահներին բացատրել, թե ինչի հիման վրա է եզրակացրել, որ տարիքով անձն ու նրա որդին խոչընդոտել են քարոզչություն կատարելուն: Եթե իշխանափոխությունից հետո չլքի Հայաստանը: Եվ, բացի դրանից, եթե որևէ մեկը ցանկություն չունի «քարոզվելու», ապա ի՞նչ իրավունքով է քարոզիչը շարունակում իր գործը: Վերադառնալով խոչընդոտելու հանգամանքին՝ ենթադրում եմ, որ նման դեպք չի եղել: Դրա մասին է վկայում, նախ, փաստաբան Արա Զոհրաբյանի հայտարարությունը. փաստաբանը կեղծ հայտարարություն չէր անի: Եվ երկրորդ՝ վերջինիս կողմից ֆեյսբուքյան իր էջում տեղադրված՝ 2 րոպեանոց տեսանյութի կախվելը 30 վայրկյանից հետո թե՛ նույն և թե՛ հաջորդ օրը, թե՛ իր էջում և թե՛ ընդհանրապես համացանցում: Վստահ եմ, որ տեխնիկական այդ խնդիրը ստեղծվել է գիտակցաբար, իսկ թե ում կողմից՝ կարծում եմ, որ լրացուցիչ բացատրության կարիք չունի:
Այնպես որ տվյալ դեպքը ցույց է տալիս, որ Նիկոլի խնդիրը ոչ թե կաթողիկոսի կողմից կին և զավակ ունենալն է, այլ հայոց եկեղեցին խեղճացնելը: Ինչի պատվերը տրվել է թշնամական Բաքվից, ինչն, ի դեպ, համապատասխանում է իշխանությունը պահպանելու՝ իր շահերին: Եվ իր հաղթանակի դեպքում տեղի կունենա երկուսը մեկում տարբերակը: Իսկ որպեսզի դա տեղի չունենա՝ պետք է մերժել Նիկոլին՝ ճիշտ այնպես, ինչպես 2018-ի գարնանը մերժվեց Սերժը: Այլապես ստիպված ենք լինելու մեր մեր կաշվի վրա զգալու նախորդ դարի 30-ական թվականների մարդկանց ճակատագրի ողջ ողբերգականությունը՝ թեթև տարբերությամբ: