Քաղաքականություն

Գնացքը գնացել է

Գնացքը գնացել է

Չկա օր, որ որեւէ ընդդիմադիրի ելույթ լսելիս չուզենամ ասել` մի գերագնահատեք Նիկոլ Փաշինյանին, մի աստվածացրեք, մի քիչ թաքցրեք ձեր «հիացմունքը» նրա հանդեպ` նա դրան արժանի չէ:

Ի վերջո, իշխանական լծակներով, խաբելով ու մանիպուլացնելով, հանձնելով ու զիջելով երկիր կառավարելը հիացմունքի արժանի չպետք է լինի:

Պարզ է, որ ձեզնից շատերը զիջում են նրան ճկունությամբ, արագ կողմնորոշվելու, ակնհայտ ստեր ասելու, ջրի երեսին մնալու շնորհքով: Պարզ է, որ նրա տեղը նստելով` ձեզնից ոմանք ունակ են ավելի մեծ ստեր ասելու, աթոռն ավելի ամուր գրկելու եւ հանուն դրա` ավելի ապօրինի քայլեր անելու: Բայց պետության առաջին դեմքն այդպիսին չպիտի լինի, եւ գերխնդիրն էլ ոչ թե հանուն աթոռի ամեն անազնվության ու հանցանքի գնալու ունակության մեջ է, այլ՝ ազնվության, խելքի, անձնազոհության, աշխատասիրության միջոցով սեփական պետությանը, քեզ ընտրած հասարակությանը ծառայելու:

Ես վատ լուր ունեմ Նիկոլ Փաշինյանի եւ նրանով հիացած քաղգործիչների համար: Չնայած սրանց թվում է, թե իրենք շատ լավ են ճանաչում մեր ժողովրդին եւ գտել են նրան մանիպուլացնելու, խաբելու եւ քվեներ կորզելով հավերժ վերընտրվելու ուղին, այն է` հայհոյանքի, ռեպրեսիաների, հանրային պառակտման, ներքին թշնամիներին «ասֆալտին փռելու» տեսարաններ բեմադրելով, նախկիններին պատժելու խոստումներով վերարտադրվելու ուղին: Սակայն չարաչար սխալվում են` գնացքը գնացել է, մեր հանրությունն արդեն բոլորովին այլ աշխարհագրական կոորդինատներում է: Նրա մեծ մասը հոգնել է ագրեսիվ լեքսիկոնից, հայհոյանքից, մեղավորներ փնտրելու, ուրիշներին թիրախավորելու, մեղքն այլոց վրա բարդելու մանիպուլյացիաներից: Մարդիկ խաղաղ, անչար, կառուցողական խոսք են ուզում լսել, նման քաղաքական ուժեր են ուզում տեսնել:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image