Քաղաքականություն

Եվրոպացի դիտորդներին դեռ 100 տարի առաջ բնութագրել է թուրք դիվանագետը

Եվրոպացի դիտորդներին դեռ 100 տարի առաջ բնութագրել է թուրք դիվանագետը

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության՝ երեկ դրսեւորած ամոթալի պահվածքը հայաստանյան հասարակության համար կարծես սառը ցնցուղ լիներ։ Հատկապես նրանց համար, ովքեր այն համոզմունքն ունեն, թե, ահա, եվրոպացիներն այստեղ են, ուրեմն էլ «հարց չկա», հիմա Ադրբեջանին կսանձահարեն, ու ամեն ինչ կընկնի իր տեղը։ Նաեւ անվերապահորեն վստահում են եվրոպացիների ազնվությանն ու անաչառությանը։ Մինչդեռ դառը իրականությունը ցույց տվեց, որ ամեն ինչ այնքան էլ այդպես չէ։ Ավելին՝ ոչ մի բան էլ այնպես չէ, ինչպես փորձում էին ներկայացնել Հայաստանի իշխանությունները եւ վերջինիս սատելիտները՝ ի դեմս եռանդուն արեւմտամետների, ԵՄ դիտորղական առաքելության առնչությամբ։

Ավելին, նույնիսկ այն բանից հետո, երբ ՀՀ ՊՆ-ԵՄ դիտորդական առաքելություն «մենամարտի» շրջանակում հրապարակվեց տեսանյութը, որտեղ ԵՄ դիտորդն ասում է, որ լանջի այն կողմում գտնվող բլրի դիրքերից կրակում են, հնարավոր է՝ նաեւ իրենց մեքենայի ուղղությամբ, վերոնշյալ դիտորղական առաքելությունը, որը մինչ այդ խրոխտ կերպով հայտարարել էր, թե Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկությունն առ այն, որ օգոստոսի 15-ին, ժամը 12:20-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների եւ նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ, այլ բան չէ, քան «սուտ», սեփական դեմքը փրկելու համար հավելյալ հայտարարություն տարածեց, որտեղ արձանագրեց, որ ԵՄ դիտորդը պարզապես ներկա է գտնվել դիտորդական առաքելության պատասխանատվության գոտում գտնվող այն տեղանքում, որտեղ կրակել են։ Այսինքն՝ թիրախը դիտորդները չեն եղել, այլ հայ խաղաղ բնակչությունը, ինչը ենթադրելի է, որ դիտորդների համար ավելի ընդունելի է, միայն թե ԵՄ առաքելությանը դա որեւէ կերպ չհարվածի։

Իրականում այս պահվածքից ո՛չ վիրավորվել է պետք, ո՛չ, առավել եւս՝ վատ զգալ կամ համարել, որ սրանով դիտորդները Հայաստան պետության շահերը չեն պաշտպանում, այլ մի առաքելություն ունեն՝ նոմինալ ներկայություն ապահովել մեր երկրում եւ ներշնչել, որ իրենց ներկայությունը կրակի սանձազերծման խոչընդոտ է հանդիսանում, եթե չասենք ավելին, ասենք, որ պաշտպանում են ադրբեջանական շահն ու կեղծ խաղաղության են մղում մեր հասարակությանը։

Այս միջադեպը մեզ հիշեցրեց մի պատմություն․ դեռ 100 տարի առաջ՝ 1920-ականին, երբ հայկական հարցը, այսպես ասած, փակվում էր, կոնֆերանսներից մեկից հետո, եվրոպացիների գրեթե նույնանման պահվածքից ապշահար եւ ամոթահար հայկական պատվիրակությանն է մոտենում թուրքական պատվիրակության ղեկավարը եւ ասում հետեւյալը․ «Գիտե՞ք ինչ կա, հայեր։ Մենք ձեզ հետ կողք-կողքի ապրել ենք 500 տարի։ Եվ 500 տարի ատել ենք ձեզ։ Սակայն 500 տարի էլ մենք նախանձել ենք ձեր խելքին, որովհետեւ դուք հիրավի խելացի ժողովուրդ եք։ Սակայն զարմացած ենք, թե ինչպես այդքան խելացի լինելով՝ հավատացիք այս եվրոպացի պոռնիկներին»։

Սա թերեւս պատասխանում է այն բոլոր հարցերին, որոնք այսօր կարող են ծագել եվրոպացիների, ինչու չէ՝ նաեւ ռուսների հետ մեր շփումների արդյունքում, որոնք միշտ սեփական շահն են հետապնդել՝ դավաճանելով հայերին։ Փաստորեն, 100 տարում ոչ մի բան չի փոխվել՝ ո՛չ եվրոպացիներն են փոխվել, ո՛չ ռուսները եւ ո՛չ էլ մենք ենք դասեր քաղել։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image