Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Սարգսյանը 2025թ․ դեկտեմբերի 26-ին ընդունել է «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի 2025 թվականի տեղական բյուջեի վարչական մասում փոփոխություն կատարելու մասին» որոշում: Համաձայն այդ որոշման՝ Դիլիջան համայնքի «Դիլիջանի քաղաքապետարանի» բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվի աշխատողների աշխատավարձեր եւ հավելավճարների տնտեսագիտական հոդվածից 8 միլիոն դրամ տեղափոխել է պարգեւատրումների, դրամական խրախուսումների եւ հատուկ վճարների տնտեսագիտական հոդվածի տակ։ Համայնքապետը դա արել է, որպեսզի համայնքի բյուջեից կարողանա տոնական պարգեւավճարներ վճարել համայնքապետարանի պաշտոնյաներին։ Մինչդեռ այդ գումարով Դիլիջանում օրախնդիր հարցեր կարող էին լուծվել:
Դիլիջանի բնակչուհի Աքսաննա Բաղմանյանը պատմում է Դիլիջան քաղաքի թիվ 4 մանկապարտեզի ողբալի վիճակի մասին․ «Թիվ 4 մանկապարտեզի վիճակը անձրեւների ժամանակ ուղղակի մտահոգիչ է։ Ամեն տեղ ջուր է կուտակվում, ամբողջ դահլիճը լցվում է ջրով, իսկ դա արդեն լուրջ վտանգ է երեխաների համար։ Դաստիարակներն ու դայակները բառացիորեն ամեն պահ երեխաների կողքին են՝ վախենալով, որ ցանկացած պահի կարող է ինչ-որ բան փլուզվել կամ վնաս հասցնել։ Ցավալի է, որ այսքան վտանգավոր պայմաններում երեխաները ստիպված են օրեր անցկացնել, եւ առավել ցավալին, որ նման իրավիճակները միայն Դիլիջանում չեն։ Մանկապարտեզը պետք է լինի անվտանգ, ջերմ ու պաշտպանված վայր, ոչ թե վտանգի աղբյուր։ Հուսանք, որ պատասխանատու մարմինները կարձագանքեն եւ անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն՝ երեխաների անվտանգությունն առաջնային համարելով»։