Քաղաքականություն

ՔՊ-ն «Բալասանյան դաշինք»-ի հավատարմությունն էր ստուգում

ՔՊ-ն «Բալասանյան դաշինք»-ի հավատարմությունն էր ստուգում

Մոտ մեկ ամիս առաջ Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախաձեռնել էր արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվեց եւ ընդունվեց Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները անվավեր ճանաչելու և վարչական դատարան ներկայացնելու հարցը:

ՔՊ-ականները փորձում են Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանից բռնագանձել Գյումրու «Սև բերդ» ամրոցը և մի շարք այլ շինություններ, որոնք ավագանու որոշումներով օտարվել էին, ապա վաճառվել: Դատարան դիմելու առաջարկն ավագանուն արել էր Գլխավոր դատախազությունը։

Չնայած ՀՀԿ , «Զարթոնք» եւ « Ապրելու երկիր » ավագանու անդամների պնդումններին, թե այս գործընթացում ավագանուն ներքաշելու անհրաժեշտություն ամենևին  չկար, քանի որ  դատախազությունն ամբողջությամբ իրավասու էր գործ հարուցելու, այնուամենայնիվ, ՔՊ-ն  եւ, որքան էլ տարօրինակ է, հենց «Բալասանյան դաշինք»-ը կողմ քվեարկեցին առաջարկին,  եւ արդեն իսկ վարչական դատարան է մուտքագրվել երկու նախկին քաղաքապետերի օրոք օտարված 24 գույքերը համայնքին վերադարձնելու պահանջով դիմումը։  

Իրավապաշտպաններն այս գործում մի շարք պարադոքսներ են տեսնում։ Իրավապաշտպան Արման Ստեփանյանը նկատում է․« Ավագանու  քննարկմանը դրվեց մի բան, որը 24 առանձին որոշում էր ներկայացնում, այդ որոշումները հատ առ հատ քննարկելու փոխարեն, դրվեց ու ընդունվեց մի ընդհանուր  որոշման տակ, ինչն արդեն իսկ  օրենքի տեսանկյունից մեծ խախտում է  ։ Հատկապես, որ արդեն դատալեքս տեղեկատվական համակարգից տեղեկացել ենք, որ  վաղուց արդեն այդ 24 գործից  երկու գործի հետ կապված հայց կա հարուցված, 2 գործով էլ դատարանն արդեն դիմել է վարույթի»,-մեզ հետ զրույցում ասաց իրավաբանը ։ Իսկ թե ինչու ՔՊ-ն հանկարծ որոշեց տարիներ առաջվա օտարված գույքերը հետ վերադարձնել համայնքին , «Բալասանյան դաշինք»-ն էլ սիրով համաձայնեց, ըստ մեր զրուցակցի՝ սա երկու նախկին կոալիցիոն քաղաքական ուժերի հերթական խաղն է։ «Այն , որ ՔՊ-ն ու Բալասանյան դաշինքը հուշագիր խզեցին, դա դեռ չի նշանակում, որ միասին չեն, այն, ինչ կատարվում է հիմա, աչքկապոցի է, բոլորս էլ գիտենք,  ու նույնիսկ վստահ եմ, որ այդ դատական գործն ավարտ չի ունենալու, ձգվելու է տարիներ, հետոն էլ՝ պարզ է․․․․: Երևի ՔՊ-ն «Բալասանյան դաշինք»-ի հավատարմությունն էր ստուգում,  ստուգեց, համոզվեց, որ հավատարիմ է, այս էտապին շուտով նոր էտապ ու նոր զարգացումներ են հաջորդելու, կտեսնեք․․․»,-համոզմունք հայտնեց մեր զրուցակիցը:

« Ապրելու երկիր » խմբակցության Գյումրու  ավագանու ղեկավար Կարեն Մալխասյանն էլ գյումրեցիների ուշադրությունն է հրավիում այն հանգամանքի վրա, որ այդ որոշումով 12միլիոն դրամ համայնքի բյուջեին անհիմն բեռ ավելացավ ։

«Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինելու հետևանքը, կամ` դատախազից ավելի դատախազ։
Չեմ խոսելու, որ ավագանին դատախազության նախանշած ժամկետները բաց էր թողել և մեր բազմաթիվ հիմնավորումները, որ դա այլևս ավագանու գործը չի` այլ դատախազի, չեմ խոսելու նախագիծը օրակարգից հանելու մասին մեր առաջարկը չընդունելու մասին, այլ ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ ներկայացված նախագծի տեղեկանքի համաձայն այս որոշման ընդունմամբ Գյումրի համայնքի 2024թ. բյուջեում էական փոփոխություններ` ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։ Սակայն ավագանու Բալասանյան դաշինք խմբակցության և Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ներկա անդամների միաձայն քվեարկությամբ ընդունվեց ոչ միայն որոշումը, այլ մի բան էլ 12միլիոն դրամ համայնքի բյուջեին անհիմն բեռ ավելացավ։ 
Ինչ ասեմ` Գյումրու կամ գյումրեցու հոգս հոգալու համար ամիսներով գումարներ են փնտրում, իսկ այն գործը, որը պետք է աներ դատախազությունը անվճար` անելու է փաստաբանական ընկերությունը նախնական 12 միլիոն դրամով։
Գյումրու և գյումրեցու շահի մասին մտածող գործընկերները անհիմն 12 միլիոն դրամ նախատեսեցին հայցադիմում ներկայացնելու համար, որը հնարավոր էր անել անվճար։ Վերջը էդ հուշագրից էլ բան չհասկացանք` ոչ կնքված ժամանակ, ոչ էլ խզված»,-նշում է ավագանու անդամը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image