Միայնակ լինելը երջանկություն չէ նույնիսկ այն անձանց առումով, ովքեր խուսափում են իրենց նմանների հետ շփվելուց՝ փախչելով հասարակությունից: Ու այդ դեպքում ի՞նչ ասենք մի ողջ պետության մասին: Օրինակ՝ ավելի քան 1.6 միլիոն քառ/կմ տարածքում ավելի քան 90.6 միլիոն բնակչությամբ և հսկայական բնական ռեսուրսներով Իրանի Իսլամական Հանրապետությունը միայնակ էր մնացել 1979 թվականի հեղափոխության հաղթանակից հետո:
Իսկ վերջին երկու տասնամյակում՝ գտնվելով արևմտյան պատժամիջոցների ներքո: Փորձեք պատկերացնել՝ միայնակ ողջ աշխարհում և պատժամիջոցների ներքո: Զուրկ որևէ օժանդակությունից՝ եթե չհաշվենք Եմենի հուսիթներին, որոնց օգնությունն ավելի շատ բարոյական հարթության վրա է: Ինչպես նաև պաղեստինյան արաբների Հեզբոլլահ շարժումը, որը ձևավորվել է հենց Իրանի օժանդակությամբ, ու որն իսրայելական հարվածներից հետո շատ է թուլացել:
Իսկ միայնակ լինելը, եթե նաև առկա է գոյաբանական հզոր թշնամի, որին աջակցում է աշխարհի ամենահզոր պետությունը, լավ բանի հասցնել չէր կարող: Ու հենց այս օրերին մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում մեր հարևան ու բարեկամ երկրի հետ: Որից հենց մենք ենք ակնկալում օժանդակություն Սյունիքն ու Վայոց Ձորը պահպանելու համար: Եվ որը, հանուն իր պետական շահերի, լուծում է այդ խնդիրը մինչև այն պահը, երբ ինքը կկանգնի անլուծելի խնդրի առջև: Երևի ճակատագրի դաժան ծաղր էր, որ Իրանի վերջին շահի՝ Մոհամմադ Ռեզա Փահլավիի օրոք Իսրայելն էր օգնում Իրանին միջուկային տեխնոլոգիաներին տիրապետելու առումով:
Ենթադրում եմ, որ դա տեղի էր ունենում ԱՄն գիտությամբ ու լուռ համաձայնությամբ՝ հաշվի առնելով Իրանի աշխարհիկ լինելը: Ինչպես նաև Արևմուտքի համար ընդունելի քաղաքական համակարգ ունենալը: Համենայն դեպս, մինչև 1973 թվականը՝ երբ շահը կտրուկ փոխեց կառավարման եղանակը: Ինչևէ, հենց Իսրայել-ԱՄՆ զույգն է այսօր փորձում ոչնչացնել Իրանի միջուկային ծրագիրը: Դա պետք է լինի հերթական դասը մեզ, թե ինչպիսին չպետք է լինի պետության արտաքին քաղաքականությունը: Մեր առումով ողբերգականությամբ պարուրված զավեշտը կայանում է նրանում, որ պետության ղեկավարի պաշտոնն, այսպես ասած, խաղաղ ու թավշյա հեղափոխության շնորհիվ զբաղեցնող անձը, գիտակցում է այդ դասի կարևորությունը, սակայն անում է այն բանի ճիշտ հակառակը, ինչը պետք է արվեր:
Տեսնելով, որ անվտանգային հարցերում արևմտյան երկրները ցանկություն չունեն փոխարինելու Ռուսաստանին, ուղիղ մտնում է թշնամու երախը: Այն թշնամու, որը մի անգամ ոչնչացրել է հայության մեծ մասին և որը ռազմական ամեն ինչով օգնել է իր եղբայրացու մյուս թշնամուն մեզ պարտության մատնելու առումով: Կարծում եմ, որ ադեկվատ ղեկավարը կփորձեր անկեղծորեն լեզու գտնել Ռուսաստանի հետ, որպեսզի խուսափեր միայնակ մնալուց: Իսկ ինքը որոշեց, ինչպես մեզանում ընդունված է ասել, մնալ ռուս-թուրքական վանդակում՝ ռուսական «հպատակությունը» փոխարինոլով թուրքականով:
Ռուսական «հպատակությունը», բնականաբար, չակերտավոր, քանի որ հենց դրա շնորհիվ մենք 19-րդ դարասկզբին հավաքվեցինք մեր պատմական հայրենիքի մի անկյունում: Նույնի շնորհիվ թագավորության կորստից շուրջ հազար տարի անց ստացանք պետականության նախատիպը (վարչական միավորը) «Հայկական մարզ» (1828-1840 թթ.-ին) անվանումով: Իսկ դրանից շուրջ 80 տարի անց ձևավորեցինք առաջին անկախ հանրապետությունը: Ռուսական «հպատակության» շրջանակում գրանցեցինք կրթության և արվեստի, գիտության և արդյունաբերության աճ երկրորդ հանրապետությունում՝ ի տարբերություն Թուրքահայաստանի: Եվ վերջապես ստեղծեցինք երրորդ հանրապետությունը՝ հազար տարվա մեջ առաջին անգամ հաղթանակ տանելով թշնամու նկատմամբ:
Սակայն մեր միամիտ վարքագծի պատճառով վարչապետ կարգեցինք մեկին, ով բռնել է մեր պետությունը թուրքական վիլայեթի կամ «Արևմտյան Ադրբեջանի» վերածվելու ուղին: Ինչը ներկայացվում է ինքնիշխանության, պետականության, անկախության ամրապնդման կեղծ կարգախոսներով: Ինչից խուսափելու մեկ տարբերակ կա. «#մենքէլմերձևով» հեռացնել նրան վարչապետի պաշտոնից: