Քաղաքականություն

Դա քաղաքական կոռուպցիայի տիպիկ դրսևորում է

Դա քաղաքական կոռուպցիայի տիպիկ դրսևորում է

«Պարգևավճարների բաժանման հետ կապված կա համապատասխան կարգ․ ըստ կարգի, ըստ կատարողականի են բաժանվել պարգևավճարները, հետևաբար այդ ամենն իրավական ակտով կարգավորված պրոցես է եղել, որտեղ ես՝ որպես իրավաբան, կոռուպցիոն հոդվածի որևէ հատկանիշ չեմ տեսնում»,- այսօր հայտարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Նահապետյանը։ Իհարկե, չէր տեսնի, քանի որ պարգևավճարներ եղել են համատարած և այդ թվում՝ նաև իր ղեկավարած կոմիտեում: Իսկ այդ դեպքում, եթե նույնիսկ նման հատկանիշ լիներ էլ, ինքը դժվար թե կարողանար տեսնել այն: Համենայն դեպս, նիկոլական իշխանության պարագայում ոչ մեկն էլ չէր կարողանալու տեսնել: Որովհետև նման ընդունակությամբ անձինք չէին լինի այդտեղ:

Որպես նախկինում, շուրջ երկու տասնամյակ, հակակոռուպցիոն առաջատար ՀԿ-ներից մեկի (անվանումը չեմ տալիս չգովազդելու նպատակով, քանի որ մեր ուղիները վաղուց բաժանվել են) աշխատակից ու անդամ, մի հարցում համաձայն եմ կոմիտեի ղեկավարի հետ: Այդ գործընթացը կատարվել է օրենքով, կարգով: Բայց այդ առումով խնդիր չենք կարող չտեսնել, եթե վերհիշենք, որ գործող իշխանության կողմից համապատասխան ենթաօրենսդրական դրույթը մշակվել և հաստատվել է ԱԺ ընտրությունից կես տարի առաջ: Ու դրան համապատասխան էլ բաժանվել են հայաստանյան մասշտաբով աննորմալ մեծությամբ գումարներ: Ինչը նշանակում է, որ երևույթը ճիշտ բնորոշելու համար բավարար չէ միայն նեղ տեսանկյունից այն դիտարկելը:

Երկրորդ, օրենսդրական ակտերը գրվում են ոչ թե անմեղսունակության հիմքով, այլ առողջ դատողության: Եվ, ըստ այդմ, որևէ հոդվածում չէր գրվելու, որ ըստ կատարողականի պարգևավճարների հատկացումը կոռուպցիոն գործարք է: Բայց եթե այդ գործընթացը (կարգ հաստատելն ու փող բաժանելը) տեղի է ունենում, ինչպես ասվեց, ԱԺ ընտրությունից կես տարի առաջ, ապա դա չի կարող չդիտարկվել որպես քաղաքական կոռուպցիա: Հատկապես երբ նախագահի հրամանագրով ընտրական շրջափուլը սկսելու առիթով ընտրությանն ինչ-որ չափով առնչվող բոլոր տեսակի բարեգործությունը համարվում է օրենքի խախտում: Իսկ ի՞նչ է դրանից մեկ կամ երկու ամիս առաջ հսկայական այդ գումարների բաժանումը՝ եթե ոչ իշխանության կողմից իշխանավորներին մատուցված «բարեգործություն»: Ընդ որում, որքան ավելի բարձրաստիճան, այնքան ավելի մեծ գումարներ: Ենթադրվում է, որ դրանք իսկապես զգացել են դրա կարիքը:

Միաժամանակ, դա ընտրության մասնակից՝ բոլոր քաղաքական ուժերի համար հավասար հնարավորությունների ապահովման դրույթի խախտում է: Որովհետև իշխող քաղաքական ուժն իր անդամներին այդ եղանակով պետբյուջեից գումար է բաժանում, ինչը չի կարող անել ընդդիմությունը: Ընդ որում, այդ հսկայական գումարներն, ըստ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի, ընդամենը առաջին կիսամյակի կատարողականի արդյունքում են բաժանվել: Հենց ընտրական ժամանակահատվածում էլ երևի կբաժանվեին նախորդ տարվա երկրորդ կիսամյակի արդյունքներով պարգևավճարները: Բայց հաշվի առնելով հասարակությունում բարձրացված աղմուկը՝ ենթադրում եմ, որ այն կբաժանվի ընտրությունից հետո: Եթե, իհարկե, ՔՊ-ականները շարունակեն ղեկավարել պետությունը: Իսկ եթե դա տեղի չունենա, ապա գործող իշխանության օրոք ընդունված՝ անօրինական եկամուտների բռնագանձման օրենսդրության հիման վրա այդ գումարները կվերադարձվեն պետբյուջե:

Ի դեպ, նախքան պատերազմը՝ երբ առաջին անգամ էր պարգևավճար բաժանվում, վարչապետ Փաշինյանը հպարտորեն հայտարարում էր, որ դրանից ինքը բաժին չի ստացել: Հարկ է, որ շնորհակալություն հայտնենք համացանցին, որովհետև այն ամեն ինչ հիշում է: Ինչևէ, վերջին անգամ (հուսով եմ, որ այն իսկապես կլինի վերջինը) Փաշինյանն իրեն այնքան գումար է հատկացրել, որ նախորդ չստացածների տեղն էլ հանել է: Ու 10 հազար դրամը ճիշտ ծախսել չկարողացող թոշակառուների աչքն էլ հանել է: Եվ այդ թվում, որքան էլ ցավալի հնչի, տողերիս հեղինակ թոշակառուի աչքը: Ով 2018-ի մայիսին 8-ին Ֆեյսբուքում մեծատառերով գրել էր՝ «ՀԱՂԹԱՆԱԿ» ու դուրս եկել Հանրապետության հրապարակ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image