Եկեք խոստովանենք, որ Նիկոլ Փաշինյանը բավականին նորամուծություններ է բերել մեր կյանք: Օրինակ, եթե նախկին իշխանությունները քվեարկությունների վրա էին փորձում ազդել, ընտրակեղծիքներն անում էին մինչեւ ընտրությունները, Փաշինյանի հանճարեղ գաղափարը` ընտրություններից հետո կեղծել արդյունքները եւ ժողովրդի քվեն ստացած մարդկանց ուղարկել բանտ կամ ստիպել, որ կամավոր հրաժարվեն իշխանությունից, 2018-ից հետո ի հայտ եկած նորույթ է:
Նախկիններին էլ էին քննադատում, հայհոյում, սպառնում, բայց նրանց մտքով չէր անցնում, որ, օրինակ, տունուտեղից զրկված կնոջ` անորոշ ուղղությամբ նետված հովանոցի կամ բարձրահարկից ներքեւ նետված խնձորի համար կարելի է քրեական գործ հարուցել` Նիկոլ Փաշինյանի անձին ուղղված ոտնձգության համար, եւ մարդկանց դատարան քարշ տալ: Երբ Սերժ Սարգսյանը 2009-ին մեկնեց սփյուռք շրջագայության` հայ-թուրքական արձանագրությունների համար հայերի հավանությունը ստանալու, նրա դեմ լուրջ ակցիաներ կազմակերպվեցին, բայց նրա ֆանտազիան չհերիքեց, որ իր վրա ձվեր ու պոմիդոր նետողների մուտքն արգելի Հայաստան` ԱԱԾ-ին հանձնարարելով` այդ մարդկանց «պերսոնա նոն գրատա» ճանաչել եւ օդանավակայանից` ստորացնելով հետ ուղարկել:
Նախկինների ժամանակ էլ էին ցույցերի մասնակիցներին ծեծում, ջրցաններ կիրառում, անգամ զոհվածների բողոքող մայրերին էին քարշ տալիս, բայց որ արյունը գլխին տված կարմիր բերետավորները պատգամավորների կծեծեն ու անպատիժ կմնան, որ իշխանության ներկայացուցչին «դավաճան» անվանած անձին ոստիկանական մեքենայից կիջեցնեն ու կխոշտանգեն, որ ցույցին մասնակցած տարեց մարդուն, որը ձեռնափայտով սպառնացել է, թե կհարվածի Փաշինյանին, կդատեն` «վարչապետի անձի դեմ ուղղված իրական վտանգի» համար, չէինք կարող երեւակայել: