Հայաստանյայց առաքելական եկեղեցու, Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ սրբազանների դեմ արշավի ելած Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը` իրենց կրթությամբ ու մտավոր մակարդակով պայմանավորված, հնարավոր է լսած չլինեն Philip de Bel-ի (Ֆիլիպ Գեղեցիկ) կամ Templar Knights Order-ի (Տաճարական ասպետների ուխտ) մասին, սակայն ինչպես օրենքների չիմացությունը չի ազատում դրանց խախտման համար պատասխանատվությունից, այնպես էլ պատմության չիմացությունը չի պաշտպանում պատմության կրկնության զոհ դառնալու հեռանկարից։
Templar-ները խաչակրաց ամենահզոր ուխտի ասպետներն էին, որոնք ոչ միայն պաշտպանում էին Տերունական սրբավայրերը Երուսաղեմում, այլեւ դիմագրավում ու կասեցնում էին թյուրքական վայրագ ցեղախմբերի տարածումը Մերձավոր Արեւելքում։ 11-14-րդ դարերում Եվրոպայի ամեն ազնվականի համար մեծագույն պատիվը կյանքում Templar Knights Order-ում ծառայելն էր, նրանք վեր էին բոլոր պետություններից, արքաներից, օրենքներից, ենթարկվում էին միայն Հռոմի պապին եւ հեքիաթային հարուստ էին՝ ի հաշիվ ողջ քրիստոնյա աշխարհից շռայլվող նվիրատվությունների։ Templar-ների ուխտը ստեղծվեց Կիլիկիայի Հայոց Թագավորության հետ գրեթե միաժամանակ, մի-երկու տասնամյակի տարբերությամբ (Փիլարտոս Վարաժնունին վախճանվել է 1092-ին, Hugo de Payens-ը ծնվել է 1070-ին): Templar Knights Order-ի կործանումից (1314) մի քանի տասնամյակ անց կործանվեց նաեւ Կիլիկիայի Հայոց Թագավորությունը (1375)։ Templar-ներից հետո թյուրքական բազիբոզուկներն այնպես տարածվեցին Մերձավոր Արեւելքում, որ ի վերջո կործանեցին նաեւ Բյուզանդական կայսրությունը։
Իսկ Templar Knights Order-ը կործանեց Ֆրանսիայի արքա Philip de Bel-ը: Դա արեց գլխավորապես որովհետեւ արքունական գանձարանը դատարկ էր եւ արքունիքը ահռելի պարտքեր ուներ Templar-ներին, իսկ Templar-ների մոտ մեծ հարստություն կար։ Կողմնակի շարժառիթն էլ այն էր, որ Philip de Bel-ն էլ Փաշինյանի նման խելացնոր պատրանքներ ուներ, թե ինքն ավելի ճիշտ է ընկալում քրիստոնեություն ուսմունքը, քան խաչակրաց ասպետները, հոգեւորականները, ընդհուպ՝ Հռոմի Պապը։ Եւ ինքը պետք է լինի Խաչի կրողը, նոր խաչակիր շարժման հիմնադիրը։ Դրա համար 1307-ից Philip de Bel-ը սկսեց ֆրանսիացի Templar ասպետների հետապնդումները, ձերբակալությունները, սպանությունները, մինչեւ 1314-ի գարնանը Templar ուխտի վերջին Grand Magister-ին՝ Ժակ դե Մոլայի (Jacques de Molay) մահապատիժը՝ խարույկի վրա այրելով։
Ի՞նչ եղավ դրանից հետո։ Նույն 1314-ի աշնանը 46 տարեկանում՝ որսի ժամանակ ընկավ, ողնաշարը կոտրեց եւ մի քանի օրում տանջամահ լինելով՝ վախճանվեց Philip de Bel-ը։ Գահ բարձացավ իր 4 զավակներից ավագը, ով 2 տարի անց մահացավ՝ ինչ-որ հիվանդությունից։ Մի քանի ամիս անց ծնվեց մահացածի որդին՝ ի ծնե արքայի տիտղոսով, սակայն ապրեց ընդամենը 5 օր։ Հաջորդիվ գահ բարձացավ Philip de Bel-ի երկրորդ որդին՝ նորից մի քանի տարի անց մահացավ, երիտասարդ տարիքում։ Նա չուներ որդի եւ եղբոր մահից հետո գահ բարձացավ Philip de Bel-ի վերջին, կրտսեր որդին, ով 3-4 տարի անց մահացավ՝ մոտ 30 տարեկանում, չունենալով որդի։ Ավելի երկար ապրեց միայն Philip de Bel-ի դուստրը, ով կնության էր գնացել Անգլիա։ Նրա որդին էլ անգլիական գահին բարձացավ որպես Էդուարդ III արքա, ով Ֆրանսիայի դեմ հարձակումով սկսեց Հարյուրամյա պատերազմը Անգլիայի եւ Ֆրանսիայի միջեւ։
Այդքան դաժան աստվածային զայրույթ ու պատիժ վիճակվեց Philip de Bel-ին, ով դեռ խաչակիր ասպետների դեմ էր դուրս եկել, ոչ թե Նիկոլ Փաշինյանի նման՝ Սուրբ Աթոռի։
Հոդվածն ամբողջությամբ` կարդացեք վաղը