Մշակույթ

2024-ի մշակութային խճանկարը

2024-ի մշակութային խճանկարը

Անցնող տարին անհանգիստ ու լարված էր թե՛ սոցիալ-քաղաքական, թե՛ կրթա-մշակութային դաշտում, ուստի սխալված չենք լինի, եթե ասենք, որ ձախողումները, վրիպումներն ու բացթողումներն էլ ավելի շատ էին, քան ձեռքբերումները: Հաջորդաբար վերհիշենք այն առանցքային իրադարձությունները, որ տեղի են ունեցել 2024 թվականի մշակութային կյանքում: 

Հարված ստեղծագործական միություններին

Այս տարվա գարնանն իշխանությունը, ի դեմս Գլխավոր դատախազության, գործընթաց սկսեց` պետականացնել գրողների եւ նկարիչների միությունների շենքերը՝ որպես հիմնավորում հղում անելով «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» 1990-ի սեպտեմբերի 10-ի օրենքի առաջին կետին, որը սահմանել է, որ ՀՀ տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների եւ կազմակերպությունների ունեցվածքը ՀՀ սեփականությունն է: Մինչդեռ երկու միությունն էլ ստեղծման օրվանից չեն եղել պետական կառույցներ՝ հասարակական կազմակերպություններ են։ Չնայած դիմադրության ալիքին` 2 միությունն էլ արտահերթ համագումար հրավիրեցին ու խիստ դիրքորոշում հայտնեցին՝ միաժամանակ նամակ հղելով Նիկոլ Փաշինյանին, սակայն իշխանությունն այս ընթացքում հասցրեց համապատասխան օրենսդրական կարգավորումներ մշակել՝ հասարակական կառույցներ հանդիսացող բոլոր կազմակերպությունների, միավորումների գույքը պետականացնելու եւ սեփականության իրավունքն անվավեր ճանաչելու համար: Իսկ սա արդեն վերաբերում է ոչ միայն գրողներին ու նկարիչներին, այլեւ բոլոր միություններին ու ՀԿ-ներին, այդ թվում` կույրերի եւ խուլերի միավորումներին: Բուհական, ակադեմիական հաստատությունների խոշորացման, դրանց շենքերի օտարման պարագայում թերեւս զարմանալի չէ, որ հերթը հասավ նաեւ ստեղծագործական միություններին։ Ակնհայտ է, որ ստեղծագործական միությունների շենքերն իր ձեռքը վերցնելով՝ իշխանությունը միաժամանակ մի քանի հարց է լուծում, նախ՝ շենքերն է պետականացնում, որոնք հետագայում կարող է կա՛մ վարձակալության տալ, կա՛մ վաճառքի հանել, հետո նաեւ միություններին զրկում է ինքնուրույնությունից, անձնական եկամուտներից, որ շենքերի որոշ տարածքներ վարձակալության տալով՝ փոքրիկ եկամուտներ էին գեներացնում եւ իրենց հոգսերը հոգում։ 

«Գոյամարտից» մինչեւ 175 մլն-ի պարտավորություն

Դեռ նախորդ տարվա գարնանը կառավարությունը որոշում ընդունեց՝ Ա. Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնը միավորել Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնին, եւ անմիջապես էլ բախվեց «Գոյ» թատրոնի դիմադրությանը, որի կոլեկտիվն այս ամիսների ընթացքում ինչ քայլերի ասես, դիմեց․ դատական գործընթացներ սկսեցին` վիճարկելով կառավարության որոշումը, պահանջեցին միջանկյալ որոշում, որպեսզի կարողանան իրականացնել իրենց ստեղծագործելու իրավունքը, շուրջ մեկ ամիս թատրոնի դռների մոտ սաստիկ ցրտին նստացույց արեցին, բայց` դեռեւս անարդյունք: Որեւէ շոշափելի արդյունք չգրանցվեց նաեւ Մնջախաղի թատրոնի շենքի շինարարության առաջխաղացման հարցում, 5 տարի ձգձգվող շենքի շինարարությունը դեռ չի ավարտվել, ավելին` ոչ ոք չգիտի, թե ինչու: 2023թ․ Արցախի հայաթափումից ու արցախահայության բռնի տեղահանումից մինչ օրս Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ճակատագիրը եւս անորոշ է: Մեկ այլ` Խորեոգրաֆիայի պետական թատրոնի աշխատակազմի աշխատավարձերի չվճարման վեճով դեռեւս 2019-ից սկիզբ առած դատական գործն այս տարի թեպետ հանգուցալուծվեց, բայց դեռ ի կատար չի ածվել: Նախկին տնօրենի խոսքով` ԿԳՄՍՆ-ն թատրոնը տարավ սնանկության, որպեսզի չվճարի 175 մլն-ի իր պարտավորությունը: 

Ում թեթեւ ձեռքով են անհետացել Քոչարի 7 գործերը

Տարվա գլխավոր սկանդալներից մեկը Երվանդ Քոչարի ժառանգության շուրջ նրա ժառանգների հանրային աղմուկն էր: Ճիշտ այն ժամանակ, երբ տոնվում էր վարպետի 125-ամյակը, պարզվեց` Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի շուրջ 500 հազար դոլար արժողությամբ 7 կտավները։ Քոչարի որդին՝ կինոռեժիսոր, սցենարիստ Ռուբեն Քոչարը, այս մասին հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե։ «Հրապարակ»-ի հետ զրույցում Ռուբեն Քոչարն ասել էր, որ այդ գործերը պատկանում են իրեն, որը պայմանագրով ի պահ էր տվել թանգարանին՝ ցուցադրության համար։ «Երվանդ Քոչարի թանգարանում շատ մութ գործեր են կատարվում։ Ես պայմանագրով այդ գործերը հանձնել էի թանգարանին՝ ի պահ, ցուցադրության համար, որ երբ ուզեմ, հետ վերցնեմ։ Եկել է ուզելու պահը, ասում են՝ չկա, մոտ 7 գործ անհետացել է։ Ինձ պատկանող գործերից մեկը տեսել եմ Մոսկվայում, մի կոլեկցիոների մոտ»,- ասել էր Ռ. Քոչարը, որի կարծիքով՝ այդ գործերի մի մասը վաճառվել է ԿԳՄՍՆ-ին, մի մասը՝ մասնավորի։ Չնայած Երվանդ Քոչարի թանգարանից հերքեցին 500 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ 7 գործերի անհետանալու վերաբերյալ Ռ. Քոչարի տեղեկատվությունը, այդուհանդերձ, հարցը դրանով չփակվեց, բայցեւ` որեւէ լուծում չտրվեց: 

«Մեգա» նախագծեր-«Մեգա» հատկացումներ

Անգլիայի ազգային բալետի երեւանյան հյուրախաղերի եւ «Երեւանի բալետային փառատոն-2024»-ի կազմակերպման համար Երեւանի քաղաքապետարանի կողմից ծախսվել է ավելի քան 1.3 միլիոն դոլար կամ 514 միլիոն ՀՀ դրամ: Քաղաքապետարանը նաեւ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնին հատկացրել էր 135 մլն 700 հազար դրամ՝ Yere-vanClassicFest խորագիրը կրող սիմֆոնիկ նվագախմբերի առաջին միջազգային փառատոնի անցկացման համար: Ինչպես նաեւ 71 միլիոն դրամ՝ Երեւանյան 16-րդ փառատոնի կազմակերպական աշխատանքների համար, որի շրջանակներում Հայաստանում տեղի ունեցավ օպերային արվեստի լեգենդ Պլասիդո Դոմինգոյի համերգը, որի տոմսերը 10-120 հազար դրամ արժեին։ Թե՛ անգլիական բալետի, թե՛ Դոմինգոյի համերգի դեպքում, տոմսերի գներով պայմանավորված, բարձր արվեստի հետ շփվեցին կրթվելը նորաձեւ համարող «էլիտաները» եւ ոչ իսկական արվեստասերները:

Ի դեպ, 180 մլն դրամ էլ ուղղվել էր «Ֆեստիվառ» մշակութային նախագծի համար, որն այս տարի անցկացվեց Լոռու, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում: Այս անգամ գումարը հատկացրել էր ոչ թե քաղաքապետարանը, այլ՝ ԿԳՄՍՆ-ն, որը պայմանագիր էր կնքել Հանրային հեռուստաընկերությայն հետ, իբրեւ այս միջոցառման կազմակերպչի։ Ամառային «ֆեստիվառներից» քաղաքամայր Երեւանը սահուն կերպով անցում կատարեց ամանորյա տոնավաճառներին, որին այս տարի քաղաքապետարանն աննախադեպ՝ 600 միլիոն դրամ գումար հատկացրեց՝ Հանրապետության հրապարակի, դրան հարակից փողոցների ամանորյա ձեւավորման եւ լուսավորության համար։
  
Նորաձեւության դեֆիլե` բռնաճնշումների զոհերի հուշահամալիրում

Այս տարի «Երեւանի նորաձեւության շաբաթ» ամենամյա միջոցառմանը Երեւանի քաղաքապետարանի կողմից արված 42 միլիոն դրամ հատկացումը մեծ աղմուկ բարձրացրեց, որին հաջորդեց շատ ավելի մեծ աղմուկ` արդեն միջոցառման պաշտոնական բացմանը, ավելի ճիշտ` երբ հրապարակվեցին միջոցառումից լուսանկարներ ու տեսանյութեր՝ պաշտոնական մեկնարկից եւ «ավթըփարթիից»: Դրանք՝ երկուսն էլ, տեղի էին ունեցել Կասկադի վերեւում գտնվող՝ ստալինյան բռնաճնշումների զոհերի հուշահամալիրի տարածքում, որի կենտրոնում «Բոլոր նրանց հոգիներին արեւավառ» չարենցյան խոսքերով հուշակոթողն է կանգնած։ Հուշահամալիրի տարածքում նորաձեւության դեֆիլեի կադրերը մեծ զայրույթ առաջացրին օգտատերերի շրջանում․ մարդիկ սկսեցին զուգահեռներ անցկացնել ստալինյան բռնաճնշումների զոհերի հուշահամալիրի եւ Եռաբլուրի ու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրների միջեւ՝ ընդգծելով, որ դրանք՝ բոլորն էլ, նույն խորհուրդն ու նշանակությունն ունեն։ Եվ չի կարելի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը դարձնել նորաձեւության պոդիում՝ ողողված դիսկոտեկային լույսերով եւ երաժշտությամբ։ Պարզվեց` քաղաքապետարանը ոչ միայն կազմակերպիչներին թույլ է տվել նման միջոցառում անցկացնել սույն վայրում, այլեւ կազմակերպիչներն իրենց հերթին չէին էլ թաքցրել իրենց մտադրությունները եւ «ֆեշըն» նորարար այդ մոտեցմամբ փորձել էին նոր շունչ հաղորդել տարածքին: 

Կորսված ու վտանգված հուշարձաններ

Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետությունում 2023-ի սեպտեմբերի 19-ից հետո օր-օրի ավելացավ թշնամու կողմից վանդալիզմի ենթարկվող հուշարձանների թիվը։ Գրեթե ամեն շաբաթ համացանցում հայտնվում են լուսանկարներ, տեսանյութեր, որտեղ հերթական եկեղեցին Ադրբեջանն ուզում է մզկիթի վերածել կամ հակահայ, կեղծ գիտական թեզեր առաջ քաշելով, ինչպես, օրինակ, Դադիվանքի դեպքում, փորձում է յուրացնել Արցախի հոգեւոր ու պատմամշակութային ժառանգությունը։ Միջնադարյան Հայաստանի եւ Արցախի ամենանշանավոր վանական համալիրներից մեկը՝ Ամարասը, Ադրբեջանը ներկայացրեց որպես աղվանական։ Ադրբեջանը զավթողական քաղաքականություն է տանում արդեն Հայաստանի Հանրապետության հուշարձանների ու մշակութային ժառանգության նկատմամբ` շրջանառելով «Արեւմտյան Ադրբեջան» անվանումը։ Այսպես, օրինակ, Հայաստանի զավթման ադրբեջանական իշխանության ծրագրով Գոշավանքը, Ապարանի Սուրբ Պողոս-Պետրոս բազիլիկ եկեղեցին եւ Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքը պատկանում են «հինավուրց Ադրբեջանին», եւ անգամ Երեւանի Կապույտ մզկիթն է ադրբեջանական հուշարձան: Նկատենք, որ բոլոր այս հայտարարություններին ու քայլերին միշտ չէ, որ պաշտոնական մակարդակում համարժեք պատասխան է տրվում, ավելին` իրավիճակը դառնում է ավելի անհույս եւ մտնում փակուղի, երբ վարչապետն ԱԺ ամբիոնից հայտարարում է, թե չի կարող ասել, որ «ՀՀ-ից դուրս որեւէ օբյեկտի, հուշարձանի պաշտպանությունը ՀՀ պարտականությունն է»: 

Փոխելով ազգային խորհրդանիշները  

Այս տարի եւս ազգային խորհրդանիշների՝ զինանշանի, օրհներգի, Սահմանադրության փոփոխության կողքին ողջ տարի օրակարգային էր «Արարա՞տ, թե՞ Արագած» դիլեման, որը պետական համակարգում երբեմն ծայրահեղ դրսեւորումներ ստացավ։ Ավելին` Նիկոլ Փաշինյանի կողմից բիբլիական Արարատի մերժումը կարծես պետական քաղաքականություն դարձավ․ նա վերջին շրջանում իր հյուրերին ընդունում էր մի սրահում, որի պատին Արագածի հսկայական նկարն է կախված: Ավելին՝ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը 185 հազար դրամ էր հատկացրել՝ Արագածի նկարը ձեռք բերելու համար։ Ինչ վերաբերում է ՀՀ օրհներգին, ապա օրհներգի նոր տեքստն առանց օրենքի փոփոխության արդեն հնչել է պաշտոնական միջոցառումների ժամանակ: Այսինքն՝ ՔՊ-ական պատգամավորների առաջարկը դեռ չի քննարկվել, օրենք չի դարձել, բայց արդեն հնչում է այս կամ այն պաշտոնական արարողության ժամանակ, ինչը շատերի կողմից գնահատվեց ոչ այլ ինչ, քան անարգանք ՀՀ կարեւորագույն պետական խորհրդանիշի՝ օրհներգի նկատմամբ:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image