Արմեն Գրիգորյանը յոթ տարուց ավելի է՝ պետական պաշտոն է զբաղեցնում՝ Անվտանգության խորհրդի քարտուղարն է, բայց այդպես էլ չկարողացավ դուրս գալ արեւմտյան գրանտակերի դերից, շարունակում է մտածել ու գործել այնպես, ինչպես մի շարքային գրանտակեր, որի գործունեությունն ուղղված է իր ստացած դրամաշնորհի հաշվետվությունն ապահովելու համար, որ կարողանա հաջողությամբ դիմել հաջորդի համար։ Նա հայտարարում է, որ մոտ ժամանակներս Ադրբեջան կայցելեն Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչներ, եւ այդ փոխադարձ այցելությունները կնպաստեն հասարակությունների հաշտեցմանը եւ, այսպես կոչված, խաղաղության օրակարգի ամրապնդմանը։ Ինչո՞ւ այս հեքիաթն իրականության հետ որեւէ աղերս չունի։
Այն, ինչ նկատի ունի Արմեն Գրիգորյանը՝ քաղհասարակություն ասելով, ամենեւին էլ քաղհասարակություն չէ, Արմեն Գրիգորյանը տեղյակ չէ, որ իրենց իշխանության տարիներին Հայաստանում ձեւավորվել է իրական քաղհասարակություն, ի հակադրություն այն «քաղհասարակության», որի ներկայացուցիչն էր ինքը, եւ որը ծնվել, սնվել եւ գոյատեւում էր բացառապես ամերիկյան եւ այլ արեւմտյան ֆոնդերի ու դեսպանատների ֆինանսական օժանդակությամբ, եւ որի գործունեությունն ուղղված է Հայաստանի եւ նրա ինքնիշխանության դեմ։
Քաղհասարակություն ասելով՝ նկատի ունեն այն անհատներին, հասարակական խմբերին կամ կազմակերպություններին, ովքեր, չունենալով կուսակցական կամ քաղաքական պատկանելություն, պայքարում են հասարակական տարբեր խնդիրների լուծման համար։ Քաղհասարակությունը ոչ թե Սորոսի հիմնադրամի միջոցներով ֆինանսավորվող եւ այդ հիմնադրամի կողմից ուղղորդվող կազմակերպություններն են կամ դրանց անդամակցող գրանտակերները, այլ՝ այն մարդիկ, ովքեր պայքարում են Հայաստանում քաղաքական ազատությունների համար, քաղհասարակությունը բանտերում պահվող Սրբազան շարժման անդամներն են, քաղհասարակությունը փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւն է, որը բանտարկվել է ընդամենը սեփական կարծիքն արտահայտելու համար, քաղհասարակությունը ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանն է, քաղհասարակությունն այն հազարավոր մարդիկ են, ովքեր հրապարակներում պայքարում են քաղբանտարկյալների եւ խղճի կալանավորների ազատ արձակման համար։ Արդյո՞ք այդ քաղհասարակությանը նկատի ունի Արմեն Գրիգորյանը, արդյո՞ք նրանք են բանտերից դուրս գալու եւ գնալու Բաքու։ Ոչ, որովհետեւ նա նույնիսկ տեղյակ էլ չէ, թե ինչ է քաղհասարակությունը, կամ որ Հայաստանում կա քաղհասարակություն։ Ինչպես նշեցինք, քաղհասարակությունը գրանտակերների ընկալմամբ նրանք են, որոնց ԱՄՆ դեսպանը կամ Սորոսի հիմնադրամը նշանակում է քաղհասարակություն, իսկ հետո վճարում քաղհասարակություն աշխատելու դիմաց։
Եթե Հայաստանում կա քաղհասարակություն, թեկուզ դրանց ներկայացուցիչների մի մասը բանտերում է եւ կալանավայրերում, ապա Ադրբեջանում ընդհանրապես քաղհասարակություն չկա, Ադրբեջանում բռնապետության պայմաններն ավելի խիստ են, Փաշինյանը բռնապետության հաստատման ճանապարհին է, բայց արագ եւ արդյունավետ սովորում է իր ադրբեջանցի գործընկերոջից։ Այնտեղ «քաղհասարակությանը» նշանակում է ոչ թե ԱՄՆ դեսպանը, այլ՝ Իլհամ Ալիեւը, Ադրբեջանի հատուկ ծառայությունները։ Այն «քաղհասարակություն», որը եկել էր Երեւան, Ալիեւի եւ Ադրբեջանի հատուկ ծառայությունների նշանակած մարդիկ էին, եւ նրանք ամենեւին չէին եկել Հայաստան՝ հաշտեցման նպատակով, դա ուխտագնացություն էր դեպի «պատմական հայրենիք»։
Գրանտակերները տարիներ շարունակ դրամաշնորհներ են իրացրել եւ յուրացրել հենց այդպիսի՝ «հասարակությունների հաշտեցում» ծրագրերի շրջանակներում։ Գաղափարը հետեւյալն է՝ սկզբում հանդիպում են հակամարտող երկրների քաղհասարակությունների ներկայացուցիչները, հետո՝ լրագրողները, քաղաքագետները, փորձագետները։ Նրանք խոսում են խաղաղության կարեւորության եւ օգտակարության մասին, այդ ուղերձը փոխանցում են իրենց հասարակություններին, եւ հասարակություններն էլ տոգորվում են խաղաղության գաղափարով, եւ, ի վերջո, բոլորը հրաժարվում են թշնամության եւ վրեժխնդրության գաղափարից, հաստատվում է համատարած եւ կատարյալ խաղաղություն։ Որպես դրամաշնորհ ստանալու եւ այն իրացնելու միջոց վատ չէ, բայց իրական կյանքում այս հեքիաթը չի աշխատում՝ մի պարզ պատճառով, որ քաղաքակրթության զարգացման ամբողջ պատմությունը պայքար է ռեսուրսների համար, ինչն իր հերթին ենթադրում է մրցակցություն, թշնամանք եւ պատերազմ։ Պարզ օրինակ՝ Ադրբեջանն ուզում է տիրանալ Սեւանա լճին, որպես քաղցրահամ ջրի հսկայական պաշարի։ Այն չի կարող միաժամանակ պատկանել ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Ադրբեջանին։ Որպեսզի Արմեն Գրիգորյանի համար պարզ լինի, ավելի պարզեցնենք․ եթե ԱՄՆ դեսպանը գրանտ է տալիս, այն պետք է հասնի կա՛մ իրեն, կա՛մ մեկ ուրիշ հայտատուի, այդ ժամանակ իրենց միջեւ խաղաղություն չի կարող լինել։ Կամ՝ եթե ինչ-որ մեկը հավակնի ԱԽՔ պաշտոնին, Արմեն Գրիգորյանը դժվար թե հոժարակամ այդ պաշտոնը զիջի նոր հավակնորդին։ Իսկ ավելի պարզ՝ Նիկոլ Փաշինյանը տասնյակ անմեղ մարդկանց է կալանավորում եւ դատապարտում, որ պահի իր իշխանությունը, որ ինքը, Արմեն Գրիգորյանը եւ մյուս ՔՊ-ականներն օգտվեն իշխանության տված ռեսուրսներից եւ ոչ թե ուրիշ մեկը։
Հիմա գուցե սրանք հասկանան, որ չկա եւ չի կարող լինել խաղաղություն, կա ընդամենը ժամանակավոր հրադադար, եւ կողմերից յուրաքանչյուրը յուրովի է օգտագործում այդ հրադադարի տված հնարավորությունը, մեկը՝ նոր հակամարտությանը պատրաստվելու եւ դրանում հաղթելու, մյուսը՝ հերթական պարտությունն արդարացնելու համար։