Փետրվարի 2-ին Դատավորների ընդհանուր ժողովը մեծ առավելությամբ ՍԴ դատավորի թեկնածու ընտրեց Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանին՝ նա ստացավ 150 քվե, նրա հիմնական մրցակից Դավիթ Խաչատուրյանը՝ 100։ Խաչատուրյանը, հիշեցնենք, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հարազատ եղբայրն է, նախկինում եղել է Սորոսի հիմնադրամի` «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության նախագահ:
Նա ընդամենը 3 ամիս առաջ էր նշանակվել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր, մինչ այդ Բարձրագույն դատական խորհրդի գիտնական- անդամ էր, այսինքն՝ երբեք դատավոր չէր աշխատել, սակայն նշանակվելով Վճռաբեկ դատարանում՝ որոշել էր, որ բարձր դատարաններից մյուսը՝ Սահմանադրական դատարանը, իրեն ավելի շատ կսազի, եւ արդեն սահմանադրական արդարադատությամբ զբաղվելու ժամանակն է։ Սակայն դատավորները հստակորեն ցույց տվեցին, որ իրենց թեկնածուն Դավիթ Բալայանն է՝ Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Կիմ Բալայանի որդին, ով ըմբոստ եւ անկախ դատավորի համարում ունի` դատական համակարգի ամենառեյտինգային դատավորներից է համարվում։
Ի դեպ, տեղեկություններ կային նաեւ, որ Դավիթ Խաչատուրյանն իշխանությունների ու Կարեն Անդրեասյանի թեկնածուն էր, եւ հենց դրանով է պայմանավորված, որ նրան 100 դատավոր կողմ է քվեարկել, դրանք, բնականաբար, այն դատավորներն են, որոնք այս իշխանությունների օրոք են դարձել դատավոր եւ ենթարկվում են իշխանության հրահանգներին։
ՍԴ դատավորի ընտրությունը, սակայն, Ազգային ժողովին է վերապահված։ Ըստ օրենքի՝ Սահմանադրական դատարանի 9 անդամներից 3-ի թեկնածությունն առաջադրում է հանրապետության նախագահը, մյուս 3-ինը՝ կառավարությունը, իսկ երրորդ եռյակի թեկնածությունը՝ Դատավորների ընդհանուր ժողովը՝ դատավորների կազմից։ Այսինքն՝ Ազգային ժողովը կարող է եւ չընտրել Բալայանին, սակայն մյուս կողմից կստացվի, որ ԱԺ-ն, ավելի ճիշտ՝ ՔՊ-ական մեծամասնությունը, արհամարհում է դատական համակարգի որոշումը։
Թեմայի առնչությամբ զրուցել ենք նախկին դատավոր Դավիթ Հարությունյանի հետ, ում լիազորությունները ԲԴԽ-ն՝ Կարեն Անդրեասյանի գլխավորությամբ, ապօրինի կերպով դադարեցրեց։ Հարությունյանին հարցրինք՝ արդյոք ԱԺ-ն կարո՞ղ է չընտրել Դատավորների ընդհանուր ժողովի ընտրած թեկնածուին։
«Օրենքը Սահմանադրական դատարանի դատավորի ցանկացած թեկնածուի ընտրությունը վերապահել է Ազգային ժողովին ու որեւէ տարբերություն չի նախատեսել դատավորների, կառավարության ու նախագահի քվոտաների միջեւ, այսինքն՝ նույն ընթացակարգով պետք է ընտրվեն, բայց, ի տարբերություն Սահմանադրական դատարանի դատավորի մյուս քվոտաների, դատավորների քվոտայի համար նախատեսված է Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրության հնարավորություն։ Հետեւաբար, եթե սա դատավորների ընտրությունն է, ապա Սահմանադրությանը համահունչ լինելու համար ենթադրվում է, որ Ազգային ժողովի կողմից ընտրության հնարավորությունը պետք է որոշակիորեն ֆորմալ լինի, քանի որ սա դատավորների քվոտան է եւ դատավորների ընտրությունն է, այսինքն՝ դատավոր անդամի ընտրությունը պարտադիր է դառնում։ Ազգային ժողովի կողմից մերժելու հնարավորությունը կա, բայց ես չեմ կարծում, որ այդ մերժումը կարող է ժողովրդավարական երկրի գաղափարին համահունչ լինել, որովհետեւ դա չի բխի իշխանությունների տարանջատման սկզբունքից եւ Սահմանադրական դատարանի ձեւավորման լեգիտիմությանը կհակասի։ Այսինքն, իմ կարծիքով՝ միակ դեպքը, որ Ազգային ժողովը կարող է չընտրել Դատավորների ընդհանուր ժողովի թեկնածուին, այն դեպքն է, երբ Դատավորների ընդհանուր ժողովի ընտրության, քվեարկության լեգիտիմությունը կասկածի տակ դրվի, բայց այսքան ժամանակ չեմ լսել, որ որեւէ մեկը վիճարկի ընտրությունը, արդյունքները։ Այսինքն՝ այս անգամ եղել է արդար, բոլորին հնարավորություն է տրվել առաջադրվել, տեղի է ունեցել մրցակցային ընտրություն, քվեարկություն, եւ ընտրվել է դատավոր Բալայանը, հետեւաբար գտնում եմ, որ պետք է եւ ենթադրվում է, որ դատավոր Բալայանը պետք է նաեւ դրական քվեի արժանանա Ազգային ժողովի կողմից»,- պատասխանեց Հարությունյանը։
Եթե Ազգային ժողովը չընտրի Դավիթ Բալայանին, ապա, օրենսդրական կարգավորումների համաձայն, քվեարկությունից հետո մեկամսյա ժամկետում իրավասու մարմինն առաջադրում է դատավորի նոր թեկնածու, տվյալ դեպքում իրավասու մարմինը Դատավորների ընդհանուր ժողովն է։ Դավիթ Հարությունյանին հարցրինք՝ եթե Ազգային ժողովը, այնուամենայնիվ, կամայականորեն եւ ապօրինաբար չընտրի Դավիթ Բալայանին, ապա Դատավորների ընդհանուր ժողովը կարո՞ղ է նրա թեկնածությունը երկրորդ անգամ առաջադրել մեկ ամիս անց։
«Իհարկե, կարող է․ մերժումը ենթադրում է Դատավորների ընդհանուր ժողովի կողմից նոր ընտրություն, եւ դատավորները, բնականաբար, կարող են նորից ընտրել դատավոր Դավիթ Բալայանին, սակայն բնական է, որ դա ողջամիտ լինել չի կարող այն առումով, որ ողջամտությունն ու ժողովրդավարությունը ենթադրում են, որ պետք է դատական իշխանության ու դատավորների քվեն հարգվի, ու դատավոր Դավիթ Բալայանն ընտրվի Սահմանադրական դատարանի դատավոր»։