Այլ

Սիրիան փորձում է Թուրքիայից անկախանա՞լ, թե՞ ԱՄՆ-ն բալանսավորում է Թուրքիայի ազդեցությունը Սիրիայում

Սիրիան փորձում է Թուրքիայից անկախանա՞լ, թե՞ ԱՄՆ-ն բալանսավորում է Թուրքիայի ազդեցությունը Սիրիայում

Սիրիայի SDF՝ Սիրիական դեմոկրատական ուժերն ու Սիրիայի ներկայիս կառավարության ղեկավար Ահմեդ Ալ-Շարան համաձայնագիր են ստորագրել: Այս մասին տեղեկանում ենք Սիրիայի կառավարության X-ում հրապարակած հայտարարությունից։ Նշվում է, որ համաձայնագիրն «ապահովում է «Սիրիայի դեմոկրատական ուժերի ինտեգրումը Սիրիայի Արաբական Հանրապետության ինստիտուտներին և ընդգծում է սիրիական տարածքի միասնությունն ու բաժանման մերժումը»: 

Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարան և SDF-ի առաջնորդ Մազլում Քոբանին Դամասկոսում համաձայնագիր են ստորագրել եւ համաձայնության եկել հետևյալ կետերի շուրջ՝ երաշխավորվում են բոլոր սիրիացիների իրավունքները՝ ներկայացվել բոլոր պետական ապարատներում, մասնակցություն ունենալ քաղաքական բոլոր գործընթացներին՝ անկախ էթնիկական կամ կրոնական պատկանելությունից, սիրիացի քրդերին` որպես սիրիական պետության անբաժանելի մաս ճանաչել, տեղահանված սիրիացիներին իրենց տներ վերադարձնել, Սիրիայում հրադադարի հաստատել, Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող բոլոր քաղաքացիական և ռազմական հաստատությունները՝ օդանավակայաններ, սահմանային անցակետեր, նավթի և գազի հանքեր՝ ինտեգրել սիրիական պետությանը, ինչպես նաև ատելության խոսքն ու պառակտումը մերժել: 
Այս համաձայնագրի ամենահետաքրքիր ու մտահոգիչ կետն այն է, որով կողմերն աջակցություն են հայտնում «Ասադի ռեժիմի մնացորդների դեմ պայքարում»՝ հղում անելով Ասադի նախկին զինյալներին: 

Ահաբեկիչների տարածած կադրերում լավ երևաց, թե ովքեր էին ասադական անջատողականները՝ տներից ու փողոցներից առևանգվող, մորթվող ու կտտանքների ենթարկվող խաղաղ բնակիչներ, կանայք, մանկահասակ երեխաներ ու ծերեր: Իրականում, ի՞նչ էր նշանակում այս քայլը ալ Շարայի կողմից և արդյոք սա Շարայի ու քրդերի միջև բանակցությունների արդյունքն է, թե՞ իրականում սա նրանց ստիպել են անել արտաքին ուժերը։ Գաղտնիք չէ, որ ահաբեկիչները, որոնք 3 օր Սիրիայում ալավիների ցեղասպանություն էին իրագործում, նույն պրոթուրքական ուժերն են, որոնք Սիրիայի հյուսիսում պայքարում էին քրդական SDF-ի դեմ, իսկ SDF-ը վայելում է ԱՄՆ աջակցությունն ու իր վերահսկողության տակ պահում Սիրիայի նավթի հանքերը: 
«Հրապարակի» աղբյուրը դեռ երեկ էր տեղեկացրել, որ Ցեղասպանության իրագործումից հետո թրքահպատակ ահաբեկչական խմբավորումները շարժվում են նորից Հալեպի հյուսիսային շրջան՝ քրդական բնակավայրեր: Երեկվա դրությամբ այնտեղ արդեն 5 հազար զինյալ էր տեղափոխվել։ Այն, որ ցեղասպան ահաբեկիչները լքում են Լաթաքիան ու Տարտուսը, «Հրապարակի» հետ զրույցում հաստատել էր նաև Լաթաքիայի բնակիչը: Մեզ տեղեկացրին, որ ամենայն հավանականությամբ ահաբեկիչները փորձելու են քրդերի հետ բախում հրահրել, սակայն, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ: 

Ի՞նչ սցենարներ են հնարավոր այս համաձայնագրի ստորագրումից հետո և ինչ է դրա տակ թաքնված: Քաղաքագետ Արա Պողոսյանը կարծում է, որ հնարավոր տարբերակներից մեկն այն է, որ քրդերի հետ համաձայնության գալով ալ Շարան վերջնականապես դուրս է մղում ալավիտական գործոնը, որն Ասադի հենասյունն էր ու դա լրացնում է քրդական ու այս պահի դրությամբ ամենամարտունակ գործոնով: 
«Ստեղծվում է տպավորություն, որ ալ-Ջոլանին որոշել է ալեևիական սեգմենտին մեկընդմիշտ քաղաքական լանդշաֆտից դուրս թողնելու համար դաշնակցել «ամենաանսպասելի», բայց և ամենամարտունակ հատվածի հետ։ Բայց սա կարծում եմ, ժամանակավոր դաշինք է, մինչև ալ-Ջոլանին կլուծի ալեվիական խնդիրը, որը Ասադի հիմնական քաղաքական հենարանն էր։ Սա նաև Թուրքիայի համար է լուծում հիմնական սպառնալիքն իր հարավային սահմանների մոտ, բայց միաժամանակ սա սահմանափակում է Թուրքիայի գործողությունները` անուղղակի տիրանալ Հալեպին (Սիրիայի հյուսիսային հարուստ շրջաններին)։ Ալ-Ջոլանիի կամ ա;-Շաարայի իշխանության ամրապնդման երկու սցենար եմ առավել հավանական տեսնում, դրանցից մեկը Թուրքիայի ազդեցությունից ազատվելն է ու Թուրքիայից անկախ դառնալը։ Ժամանակը դեռ ցույց կտա, թե ինչ կլինի»,- գրում է Արա Պողոսյանը: 

Ռազմական փորձագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը կարծում է, որ Քրդերի և Սիրիայի նախագահի, այսպես ասած, հաշտեցման նպատակը թուրքական ազդեցությանը հակազդելն է։ «Հատկանշական է, որ Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) գլխավոր հրամանատար Մազլում Աբդին ամերիկյան Apache ուղղաթիռով Դամասկոս է մեկնել Հոմսի գյուղի օդանավակայանից։ Սրանով ԱՄՆ-ն նաև ցույց է տալիս, որ քրդական ռազմական միավորն ամբողջությամբ գտնվում է իր վերահսկողության տակ և Սիրիայում հետագա իրավիճակի տերը հենց ինքն է»,- գրում է Հովհաննիսյանը: ռազմական փորձագետը շեշտում է, որ Սիրիայի նոր իշխանությունները չէին կարող բանակ ստեղծել կազմաքանդված, ավազակային, ջարդարար ջոկատների հիմքի վրա, այդ իսկ պատճառով էլ ալ-Շարայի կառավարությունը համաձայնել է քրդերի հետ գործարքի գնալ: «Քրդական SDF-ը թերևս ամենակայացած, ամենակենսունակ ռազմական միավորումն է Սիրիայի տարածքում, որի մարտունակության վրա նաև բավականին մեծ ծախսեր է կատարել ԱՄՆ-ն։ Կարծում եմ, որ սիրիական նոր բանակը ձևավորվելու է հենց SDF-ի մոդելով, SDF-ի հենքի վրա։ Քրդերին նաև ձեռնտու է այս տարբերակը, որ ուժայինում ունենան անհամեմատ մեծ թվով մարդիկ, որի միջոցով էլ կկարողանան այս անցումային շրջանում զսպել ոչ մի կերպ կենտրոնական իշխանությանը չենթարկվող, թուրքական ազդեցության տակ գտնվող ջոկատներին, որոնք միանշանակորեն կխուսափեն մտնել սիրիական բանակի դրոշի տակ։ Բավականին բարդ, պատասխանատու և ոսկերչական մանրամասնությամբ գործողություններ են գնում, որի հաջողությունից է կախված Սիրիայի ապագան»,- եզրափակում է Կարեն Հովհաննիսյանը: 

Ինչ վերաբերում է թուրքական կողմի արձագանքին, ապա https://www.straitstimes.com/-ը, հղում տալով Թուրքիայի պաշտոնյաներից մեկին, նշում է, որ Թուրքիան չափավոր լավատես է այս համաձայնագրի մասով, սակայն իրենց հետաքրքիր է, թե ինչ զարգացում կունենան դեպքերը` համաձայնագրի ստորագրումից հետո: Բրիտանական Ռոյթերսը, Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարությունում իրենց աղբյուրի փոխանցմամբ հաղորդում է հետևյալը. «Ահաբեկչական կազմակերպությունը նախկինում նույնպես խոստումներ է տվել, ուստի մենք համաձայնագրի ստորագրումը դիտարկում ենք ոչ թե մտադրության արտահայտում, այլ ուշիուշով հետևելու ենք դրա իրականացմանը»: Ամեն դեպքում, թուրքական կողմը չի զլացել` ևս մեկ անգամ հայտարարել է, որ քրդական ուժերը ահաբեկչական կազմակերպություն են և իրենք շարունակելու են ահաբեկչության դեմ իրենց պայքարը: 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image