Մարդիկ (խոսքը նորմալ՝ գրագետ ու հայրենասեր մարդկանց մասին է) մեղադրում են ԵԽԽՎ պատվիրակությունում ներկայացված ընդդիմադիր պատգամավորներ Արմեն Գեւորգյանին, Արմեն Ռուստամյանին եւ Հայկ Մամիջանյանին: Բողոքում են, որ նրանք գործ չեն անում այդ կառույցում: Բողոքում են, որ նրանք ոչինչ չեն արել, որպեսզի չընդունվեր Հայաստանի վերաբերյալ ամբողջովին իշխանամետ վերջին զեկույցը: Ու Հայկ Մամիջանյանն էլ, ստիպված, լայվ է մտնում Ստրասբուրգից ու արդարանում: Չգիտեմ, նրանք ինչ են անում կամ չեն անում՝ նրանց կողքին չեմ, բայց մի բան հստակ գիտեմ. եթե ԵՄ-ն 15 միլիոն եվրո է նվիրում գործող իշխանությանը՝ առաջիկա ԱԺ ընտրություններին վերարտադրվելու նպատակով, ընդդիմադիր պատգամավորները սար էլ շուռ տային, ԵԽԽՎ-ում պետք է ընդունվեր հենց այդ բանաձեւը:
Հիշենք Ռումինիայի նախանցյալ տարվա նախագահական ընտրության առաջին փուլը չեղարկելը: Հիշենք անցյալ տարվա Մոլդովայի գերկեղծված խորհրդարանական ընտրությունը: Որքան էլ տհաճ լինի խոստովանելը, ԵԽԽՎ-ն կամ էլ թեկուզ ԵՄ-ն վաղուց այն կառույցները չեն, դեպի ուր ձգտում էինք մենք նախկին իշխանությունների օրոք: Եվ, այո, ինչպես էլ աշխատեին ընդդիմադիր մեր պատվիրակները, արդյունքը լինելու էր նույնը: Եվրոպական կառույցներին անհրաժեշտ է, որ Հայաստանում վերարտադրվի գործող իշխանությունը, ու ով ինչ էլ փորձեր անել, այնտեղ ամեն ինչ արվելու է՝ այդ նպատակին հասնելու համար: Իսկ եթե այդ հանգամանքին էլ գումարենք ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Միրզոյան Արոյի (Արարատի) ելույթը կամ հարցերին տրված պատասխանները ԵԽԽՎ-ում, ապա պատկերը կամբողջանա: Կստացվի, որ եվրոպացիք հեչ մեղավոր չեն, որ «ազատության թշնամիները» Հայաստանում փորձում են տապալել ժողովրդի քվեն ստացած փաշինյանական ժողովրդավարությունը:
Չնայած, այնուամենայնիվ, եթե մեր այս օրերում ԵԽԽՎ-ն լիներ իսկապես ժողովրդավարության իրական բաստիոն, ապա գոնե մեկ հարց կառաջանար այդ կառույցի պատվիրակների կամ գոնե այնտեղ հավատարմագրված լրագրողների մոտ: Խոսքը Միրզոյանի այս դատողության մասին է. «Հոգեւորականները Հայաստանում չեն հետապնդվում։ Բայց ես ուզում եմ հարց տալ։ Եթե որոշ քաղաքացիներ կոչ են անում բռնի կերպով տապալել օրինական ընտրված կառավարությունը, ինչպես նաեւ սպանել նրա ներկայացուցիչներին, այդ թվում՝ ինձ, ինչպիսի՞ն կլինի ձեր արձագանքը»: Նախ, պետք է ճշտվեր՝ իսկապես նման բան եղե՞լ է, թե՞ ոչ: Եվ եթե Արոն ասեր, որ Հայաստանում քրեական գործ է հարուցված այդ փաստերով, պետք է ճշտեին, թե առկա՞ է արդյոք դատարանի վերջնական որոշումը: Միայն այդ դեպքում Արոն կարող էր նման բնույթի հայտարարություն թույլ տար իրեն:
Եվ երկրորդ․ կհետաքրքրվեին, թե կոնկրետ ինչու պետք է նրան սպանելու կոչ անեին, եթե կառավարության ղկավարն ինքը չէ ու որոշումներն ինքը չի ընդունում, այն էլ՝ միայնակ: Իսկ եթե Արոն սխալվեր ու ասեր, որ մի անգամ արդեն իրեն փորձել են սպանել, պետք է ճշտեին, թե երբ է կատարվել դա: Ու իմանալով, որ դա տեղի է ունեցել 5 տարի առաջ, 44-օրյա խայտառակ պարտությունից հետո, պետք է հետաքրքրվեին, թե դա ինչ կապ ուներ հոգեւորականների հետ: Արոն, իհարկե, կփորձեր իրավիճակ փրկել Նիկոլին բնորոշ «կռուտիտներով», բայց այդ փորձը կտապալվեր: Ու ԵԽԽՎ-ում էլ կհասկանային, որ, ի դեմս Նիկոլի իշխանության, գործ ունեն ոչ թե իրական ժողովրդավարության, այլ լեգիտիմությունը վաղուց կորցրած ու ըստ այդմ՝ ժողովրդավարության տեսակետից ու դրա անվան ներքո իշխանությունը զավթած խմբակի հետ: Բայց քանի որ այդ խմբակի մնալը Հայաստանի իշխանության ղեկին ձեռնտու է ԵԽԽՎ-ին, որեւէ մեկը նման հարցեր չէր տա Արարատ-Արոյին: Ու ոչ էլ նույնիսկ կմտածեր նման հարց տալու անհրաժեշտության մասին:
Մի փոքր շեղվենք թեմայից. վերջերս խոստացել էի, որ Միրզոյանին հիշատակելիս, Նիկոլին ինադու, անընդհատ օգտագործելու եմ նրա անվան ամբողջական ձեւը՝ Արարատ: Բայց ես ինձ անընդհատ էլ բռնեցնում եմ այն մտքի վրա, որ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող անձն ախր որեւէ առնչություն չունի Արարատ լեռան հետ: Արտասանե՛ք գրաբարյան «լյառն» կամ թեկուզ աշխարհաբար «լեռ» բառն ու միաժամանակ պատկերացրեք Միրզոյանին: Չի ստացվում, չէ՞: Ու այդ պատճառով էլ որոշեցի «Արարատ»-ն ու «Արո»-ն մեկ-մեկ օգտագործել իրար հետ: Կարծում եմ, որ «Հրապարակ»-ի գլխավոր խմբագիրը կթույլատրի այդ անհամապատասխանությունը հայերենի կանոններին: